Հանրագիտարան

Ալաջայի ճակատամարտ

Ալաջայի ճակատամարտը տեղի է ունեցել 1877 թ. հոկտեմբեր ամսին, Կարսի մոտ, Ալաջայի բարձունքներում, 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ:

1877-ի հունիսին Զևինի և Դահարի մոտ անհաջող մարտերից հետո ռուսական զորքերի Կովկասյան կորպուսը (հրամանատար գեներալ Լորիս-Մելիքով) դադրեցրեց Կարսի պաշարումը: Թուրքական բանակը Մուխտար փաշայի գլխավորությամբ հուլիսի 7-ին (19) գրավեց Ալաջայի բարձունքները: Օգոստոս-սեպտեմբերին Կարսը նվաճելու ռուսական բանակի փորձերն եղան անարդյունք: Համալրելով ուժերը՝ ռուսական զորքերն Ի.Դ. Լազարևի հարամանատարությամբ նորից անցան հարձակման և հոկտեմբերի 3-ին (15) գրավեցին Ալաջայի բարձունքները:

Ալաջայի ճակատամարտում թուրքական բանակը լիովին ջախջախվեց և, տալով 5000-6000 սպանված ու վիրավոր, 8500 գերի, փախուստի դիմեց: Ռուսական զորքերի կորուստը կազմեց 1500 մարդ: Հոկտեմբերի 13-ին (25) պաշարելով Կարսը՝ ռուսական զորքերն այն վերցրին գրոհով նոյեմբերի 6-ին (18): Ալաջայի ճակատամարտում ռուսական զորքերի ղեկավարման համար առաջին անգամ կիրառվեց հեռագիրը:
 
Ալաջայի ճակատամարտում ռուսական զորքերի շարքերում թուրքական բանակի դեմ քաջաբար կռվեցին նաև հայ կամավորները, որոնք ընդգրկված էին հեծյալ և հետևակ հարյուրյակներում: Հայերը միաժամանակ օգնեցին ռուսական հրամանատարությանը որպես հետախույզներ, ուղեկցողներ, սուրհանդակներ և թարգմանիչներ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: