Հանրագիտարան

Աշխարհայացք

Աշխարհայացքը մարդ-աշխարհ հարաբերությունների շրջանակներում աշխարհի մասին և այդ աշխարհում մարդու տեղի ու դերի մասին տեսական-քննադատական առավել ընդհանուր հայացքների համակարգ է:

Աշխարհայացքի մեջ բացառիկ տեղ ունեն բազմաբնույթ գիտելիքները, որոնք ընկած են աշխարհայացքային կողմնորոշման հիմքում, արժևորում-գնահատումը`  որպես մարդու համար աշխարհի և իրերի նշանակելիության բացահայտում և արժևորում: Աշխարհայացքը շրջապատող միջավայրի ընկալման, ըմբռնման, գիտակցման ու գնահատման ձև ու եղանակ է, որի միջոցով մարդիկ ձևակերպում են սեփական դիրքորոշումները այդ աշխարհի նկատմամբ:

Ուրեմն, աշխարհայացքում բազիսային են ընդհանրացված այնպիսի գիտելիքներ և գաղափարներ, իդեալներ ու նորմեր, որոնք մարդու կյանքի ու կենսագործունեության համար առավել կարևոր ու ճակատագրական են: Աշխարհայացքի կառուցվածքային կարևոր բաղադրիչ են հավատն ու համոզմունքը`  որպես մարդու մտավոր, հոգեկան ու հուզական կայուն վիճակ ու դիրքորոշում:

Իրենց հայացքների նկատմամբ կայուն համոզմունքների շնորհիվ մարդիկ ձեռք են բերում սեփական գաղափարների, հայացքների և սկզբունքների նկատմամբ մեծ վստահություն և նպատակին հասնելու վստահելի հաստատակամություն: Աշխարհայացքի հոգևոր տարրերի մեջ ուրույն տեղ ունեն իդեալները, արժեքները և դավանանքը: Իդեալները սուբյեկտի կողմից իրականության արտացոլման և իմաստավորման յուրահատուկ ձևեր են, դրա կատարելության նմուշ են, որին ձգտում է յուրաքանչյուր ոք:

Այս պարագայում առավել ընդգծվում են աշխարհայացքային արժեքները`  որպես իրականության նկատմամբ դրական կամ բացասական հարաբերություններ`  կապված մարդկանց բնական պահանջմունքների ու շահերի հետ: Աշխարհայացքը ընդգծված արժեքային է և եթե հիմքում ունի իրականության ճշմարտացի արտացոլումն ու հավատը այդ աշխարհի բանական էության մասին, ապա իր արժեքային չափորոշիչներով այն ցուցադրում է մարդկանց վերաբերմունքը աշխարհի նկատմամբ, որը խստիվ դետերմինավորված էնրանց ձգտումներով, շահերով ու պահանջմունքներով: Աշխարհայացքի կարևորագույն բաղադրիչներ են մարդկանց կյանքի ու կենսագործունեության նորմերն ու սկզբունքները`   որպես նրանց ակտիվության դրսևորման նմուշներ ու չափորոշիչներ, մարդկանց վարքի ու վարվելակերպի կանոններ:

Աշխարհայացքը բազմաֆունկցիոնալ հոգևոր կազմավորում է, որի հիմքում ընկած են աշխարհի իմացության և նրա նկատմամբ մարդու կողմնորոշման հոգեբանական բազում գործոններ, այն է`   մտավոր կարողությունների խորությունն ու լայնությունը, կամային կայուն հատկանիշները, զգացմունքների խորության աստիճանը և հուզական այլ գործոններ: Դրանց հիմքի վրա աշխարհայացքը կարելի է ներկայացնել ենթկառուցվածքային որոշակի ձևերով`   աշխարհզգացում`   որպես աշխարհի հոգևոր-հուզական մակարդակ, աշխարհընկալում`  այն է`   աշխարհի մասին իմացական պատկերացումների համակարգ և աշխարհըմբռնում, այն է`   աշխարհի ճանաչողական-հասկացական մակարդակ:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: