Հանրագիտարան

Ֆիկուս

Ֆիկուսը պատկանում է թթազգիների ընտանիքին: Այս պահին հաշվվում է ֆիկուսի մոտ 1500 տեսակ: Տարբեր տեսակների հայրենիքը տարբեր վայրեր են: Հիմնականում տարածված է Աֆրիկայում, Ասիայում և Արևելյան Հնդկաստանում: Ֆիկուսները լինում են ծառերի և թփերի տեսքով:

Ֆիկուսը  մշտադալար բույս է: Ֆիկուսի ծառային տեսակն իր հայրենիքում հասնում է մինչև 30 մետրի, իսկ փայլուն, կաշենման տերևները հաճախ մեկ մետրից ավել երկարություն ունեն: Ֆիկուսը սենյակային դեկորատիվ բույսերի շրջանում շատ տարածված է: Հասնում է մինչև 2 մետրի: Բունը բավականին հաստ է և պատված կեղևով:

Բույսը պայմանների նկատմամբ  քմահաճ չէ:  Աճի շրջանում պահանջում է մեծ քանակությամբ ջուր. հողի մակերեսը պետք է միշտ խոնավ լինի:  Սակայն ձմռանը պետք է ջրելը սակավեցնել, քանի որ ջրի ավելցուկը կարող է բերել արմատների փտեցմանը:  Ջրելու համար խորհուրդ է տրվում օգտագործել գոլ կամ սենյակային ջերմաստիճանի ջուր:
Ֆիկուսը ջերմասեր բույս է, բայց նախընտրելի է այն դնել ցրված լույսի տակ՝ արևի ուղիղ ճառագայթներից հեռու:
 
Երիտասարդ բույսերը պետք է դնել արևմտյան և հարավ-արևմտյան լուսամուտների մոտ՝ լուսավոր տեղերում: Լույսի  պակասությունից տերևները կընկնեն, որի պատճառով էլ նա կկորցնի իր դեկորատիվ շքեղ տեսքը:  Ամռանը լավ կլինի բույսը դնել դրսում՝ ստվերոտ տեղերում: Տերևները պետք է սրբել խոնավ շորով:
 
Ֆիկուսը շատ հետաքրքիր հատկություն ունի. թեպետ այն ջերմասեր բույս է և ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը նորմալ է տանում, սակայն ձմռանը սենյակի ջերմաստիճանը  չպետք է բարձր լինի 15 աստիճանից:  Եթե ձմռանը  ֆիկուսը դրված լինի տաք տեղ,  դա կակտիվացնի նրա աճը հունվար-փետրվարին, որը կթուլացնի բույսը և թույլ չի տա, որ նա գարնանը լավ զարգանա:
 
Բազմացվում է կտրոններով, որի համար գլխավորապես օգտագործվում են ճյուղերի ծայրամասերը: Կտրոնը պատրաստելու  որոշ ժամանակ պետք է պահել գոլ ջրի մեջ մինչև կաթնահեղուկն ամբողջությամբ թափվի, հակառակ դեպքում դուրս հոսող հեղուկի մածուցիկության պատճառով մազանոթները կփակվեն, որի պատճառով կտրոնը կչորանա:
Այնուհետև այն պետք է դնել  ջրի մեջ, որպեսզի արմատակալի: Արմատակալած կտրոնները պետք է տնկել 10-12 սմ-անոց տրամագծով փոքր թաղարների մեջ, որը սկզբնական շրջանում տարին մեկ անգամ պետք է տեղափոխել,  աստիճանաբար մեծացնելով թաղարները, իսկ հետագայում ավելի ուշ-ուշ:
 
Ֆիկուսը արդյունաբերական նշանակություն ունի:  Մշակության մեջ գլխավորապես հանդիպում է կաուչուկատու ֆիկուսը, որի տերևների կաթնահյութից կաուչուկ են պատրաստում:
 
Ֆիկուսների տեսակները
 
Ամենահայտնին  տնային ֆիկուսների մեջ  կաուչուկայինն է ,որը ունի ուղիղ բուն; Այն առաջին տարիներին հակված   չի ճյուղավորվելու:  Այս տեսակի ֆիկուսի տարատեսակներից է դեկորան և ռոբուստա ֆիկուսը: Այս ֆիկուսները արագ են աճում: Կան նաև այդ տեսակի  չալպտուրիկ ֆիկուսներ`   ժանգատերևը (veriegata) և  տրիկոլորը(elastika trikolor): Սրանք ավելի շատ  լուսասեր են :Տերևների  գույներով և ձևով նրանք նույնպես տարբերվում են:  Սև արքայազն ֆիկուսը նման է ռոբուստային , բայց նրա տերևները համարյա սև են, տրիկոլորի տերևները վարդագույն երանգ ունեն, իսկ ժանգատերևը կրեմագույն է:
 
Այս բոլոր ֆիկուսների տերևները ձվաձև են, բայց կան ջութակի նման և  եռանկյունի  տերևներով  ֆիկուսներ : Սուրբ ֆիկուսի տերևը սրտաձև է : Հայտնի է Բեյջամինի ֆիկուսը , որի տերևները նեղ  են և սրածայր, նրա տարատեսակներն են `  Hawaii, variegate, Starlight և Նատաշա ֆիկուսը, որը հաճախ է հանդիպում խանութներում:  Հետաքրիր է Միկրոկարպա ֆիկուսը (Microcarpa), նա ունի մանր և կոշտ  տերևներ , ամուր ճյուղեր:  Կան նաև ֆիկուսի թափվող տեսակներ,որոնց տերևները մանր են ու բարակ,իսկ ճյուղերը կախվում են: Հնուց հայտնի է նաև սողացող ֆիկուսը , ժամանակակից տեսակներից է գաճաճ ֆիկուսը`   (Pumila, Sunny) :
 
Աղբյուր`   Ankakh.com
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: