Հանրագիտարան

Մարտկոց

Մարտկոցներն էլեկտրական հոսանքի աղբյուրներ են, որոնցում քիմիական, արեգակնային և այլ տեսակի էներգիաներ վերածվում են էլեկտրական հոսանքի:

Քիմիական մարտկոցներն էլեկտրականություն արտադրում են, երբ նրանցում գտնվող քիմիական նյութերը ռեակցիայի մեջ են մտնում միմյանց հետ:

 

Արեգակնային մարտկոցները, որոնք կազմված են բազմաթիվ լուսատարրերից, արեգակնային էներգիան փոխարկում են էլեկտրականության:

 

Փոքրիկ մարտկոցները նախատեսված են ոչ մեծ լապտերների, ռադիոընդունիչների, ժամացույցների ու գրպանի հաշվիչների համար:

 

Հզոր կուտակիչները (ակումուլյատորներ) կարող են աշխատեցնել ավտոմեքենայի շարժիչը, ջեռուցել սենյակներ և նույնիսկ ապահովել տրանսպորտային միջոցներին անհրաժեշտ հզորություն:

 

Առաջին էլեկտրական մարտկոցը
 
1800թ.-ին ստեղծել է իտալացի ֆիզիկոս Ալեսանդրո Վոլտան: Նա պղնձից և ցինկից հատած մետաղադրամները սյան ձևով շարել է միմյանց վրա և նրանց արանքներում տեղադրել աղային լուծույթով ներծծված գործվածքե միջադիրներ:
 
Շուտով սյան ծայրերին կուտակվել են տարանուն լիցքեր, և առաջացել է էլեկտրական հոսանք: Վոլտան այդպես ստեղծել է աշխարհում առաջին էլեկտրական մարտկոցը, որը կոչվում է Վոլտայի սյուն:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: