Հանրագիտարան

Աշխարհի ամենախոշոր ցամաքային կենդանին

Աշխարհի ամենախոշոր ցամաքային կենդանին աֆրիկական փիղն է: Կա 2 տեսակի փիղ՝ աֆրիկական և ասիական (հնդկական): Աֆրիկական փղի տեսակն ընդգրկում է 2 ենթատեսակ՝ սավաննային և անտառային:

Աֆրիկական փիղն ազատության մեջ ապրում է միայն Աֆրիկայում՝ Սահարայի հարավային շրջաններում: Հնդկականն ապրում է Հնդկաստանում և Հարավարևելյան Ասիայում: Նրանք շատ նման են իրար, միայն թե աֆրիկական փղերի ականջները, որ կարծես կաշվե հովհարներ լինեն, ավելի մեծ են, քան հնդկական փղերինը: Աֆրիկական փղերը հազվադեպ են ընտելանում:

 

Փիղն ունի վիթխարի մարմին, թեթևակի սապատավոր մեջք և հաստ, սյունանման ոտքեր, փոքրիկ աչքեր, մեծ ականջներ ու երկար ժանիքներ, լայն ճակատ: Փղի ժանիքները`   փղոսկրերը, մեծացած ատամներ են և աճում են ամբողջ կյանքի ընթացքում՝ երբեմն հասնելով շատ մեծ չափերի: Ժանիքները հարձակվելու և թշնամիներից պաշտպանվելու հզոր զենք են:
 
Ամենահետաքրքիրը փղի կնճիթն է, որն առաջացել է քթի և վերին շրթունքի սերտաճումից, վերջանում է քթանցքերով, իսկ նրա տակ տեղավորված են բերանն ու եռանկյունաձև ստորին շրթունքը: Կնճիթը շատ զգայուն է: Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Նրա կենսագործունեությունը պահպանելու համար պահանջվում է մեծ քանակությամբ կեր. հասուն փիղն օրական ուտում է 100-200 կգ կեր:
 
Կոշտ բուսական կերը փիղը լավ ծամում է բերանի խորքում տեղադրված խոշոր ատամներով: Եթե հին ատամը մաշվում է կամ վնասվում, նրա հետևում աճում է նորը և հրելով դուրս գցում հինը: Ատամ չունեցող փիղը թուլանում է և մահանում սովից կամ հիվանդություններից: Խմելու ջուրը նա նույնպես վերցնում է կնճիթով: Իսկ շոգ ժամանակ կնճիթով վերից վար ջրում է իրեն, ապա ավազ է ցանում, որպեսզի տզերը չխրվեն մաշկի մեջ:
 
Բավականին զարգացած է փղերի փոխօգնության բնազդը: Երբ փիղը խճճվում է թակարդում կամ ընկնում փոսի մեջ, մյուս փղերը, մեկնելով իրենց կնճիթները, ջանում են օգնել նրան: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը չեն լքում: Նրանք երբեք չեն լքում նաև մորը կորցրած ձագին:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: