Հանրագիտարան

Ադրբեջանցիներ

Ադրբեջանցիները ժողովուրդ են, որ հիմնականում բնակվում է Ադրբեջանում և ըստ որոշ աղբյուրների Պարսկաստանի հյուսիս-արևմուտքում: Ըստ որի համարվում է, որ ընդհանուր թիվը աշխարհում մոտ 22-27 մլն. է, որից Ադրբեջանում մոտ 8,1 մլն., Իրանում 12-17 մլն., Թուրքիայում 800 հազար, Ռուսաստանում 600 հազար, Վրաստանում մոտ 280 հազար և այլն:

Անվան ծագումը

«Ադրբեջանցիներ» անվանումը կիրառվում է 1936թ-ից միայն, «Ստալինյան Սահմանադրության»(ԽՍՀՄ 1936թ Սահմանադրություն) ընդունումից հետո, երբ Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Ֆեդերատիվ հանրապետության փոխարեն կազմավորվում են երեք նոր սոցիալիստական հանրապետություններ, արդյունքում Ադրբեջանական ԽՍՀ-ի բնակչությունը անկախ ազգային պատկանելիությունից(մահմեդականացած հայեր, թաթեր, թալիշներ, ուտիներ, լեզգիններ և այլ ցեղեր ու ցեղախմբեր) կոչվեցին «ադրբեջանցի», ասել է թե Ադրբեջանի բնակիչ: Մինչև այդ այդ ժողովրդին ընդունված էր անվանել թաթարներ, ադրբեջանի թաթարներ և կովկասյան թաթարներ։ Ադրբեջան երկրանունը իրանական հին աղբյուրներում հիշատակվում է Ատուրպատական նախնական ձևով(որը գիտական գրականության մեջ բացատրվում է երկու ձևով՝ Ատուրպատ իշխողի տիրույթ կամ կրակի տաճար) և մինչև 20-րդ դարի 20-ական թվականները վերաբերվել է բացառապես Արաքսից հարավ ընկած տարածքին, որը համապատասխանել է նախ Մաննա, ապա Մարաստան, Իրան(Պարսկաստանի պատմական անվանումները) երկրների մի հատվածին: Նշանավոր արևելագետ ակադեմիկոս Վասիլի Բարտոլդը այս տեղանվան մասին նշել է. քանի որ արդեն ուշ միջնադարում Ատրպատականի բնակչությունը հիմնականում թյուրքալեզու էր, որպիսին դարձել էր նաև Արևելյան Անդրկովկասի բնակչության նշանակալի մասը, ենթադրելով որ Արաքսից հյուսիս և հարավ ընկած այդ թյուրքալեզու կազմավորումները կմիավորվեն մեկ պետության շրջանակներում, «Ադրբեջան» երկրանունը կիրառելի են ճանաչում նաև Անդրկովկասում առաջացած նոր պետության վերաբերմամբ: Երկու տարբեր աշխարհագրական միավորների անվան նույնությունը հաճախ շփոթմունքի ու թյուրիմացությունների տեղիք է տալիս, ուստի այսօր ընդունված է Անդրկովկասում գտնվողը կոչել Հյուսիսային Ադրբեջան, իսկ իրանականը՝ Հարավային Ադրբեջան: Այս հանգամանքը այժմ օգտագործվում է տարբեր պետությունների կողմից ըստ իրենց քաղաքական շահերի, օրինակ Ադրբեջանում և մի շարք այլ երկրներում տարածված է այն կարծիքը, որ իրանական Հարավային Ադրբեջանում ապրում են ադրբեջանցիներ, որը և ենթադրում է այդ ժողովրդի անկախացումը Իրանից Ադրբեջանին հնարավոր միացումով: Քանի որ ադրբեջանցի անվանումը որպես էթնիկ ինքնանուն և արտանուն սկսել է գործածվել սկսած 1936թ ԽՍՀՄ կենտկոմի որոշումով, որը վերաբերվում էր միայն ներկայիս Ադրբեջանին, ապա չի կարելի որևէ այլ երկրի վարչական մաս համարվող տարածքի բնակիչներին պաշտոնապես անվանել այս կամ այն կերպ, իսկ Հյուսիսային և Հարավային Ադրբեջանները միմյանցից բաժանվել են 1804—1813թթ ռուս-պարսկական պատերազմի արդյունքում. 1813թ հոկտեմբերի12(24) կայացած Գյուլիստանի հաշտության պայմանագրի համաձայն՝ այսինքն Իրանի հյուսիս-արևմուտքում բնակվող թուրքալեզու ժողովուրդին ադրբեջանցիներ համարելը քաղաքական դիրքորոշում է:
 
Ժողովրդի ծագումը
 
Ժամանակակից իմաստով «ադրբեջանցի» էթնանուն չի եղել մինչև «Ադրբեջան» վարչաքաղաքական հասկացողության հաստատաումը: Այժմյան ադրբեջանցի անունը կրող ժողովուրդի տարբեր հատվածները(տարածքային իմաստով) և տարբեր ցեղերը ու ցեղախմբերը մինչև քսաներորդ դարի սկիզբը կոչվել են տարբեր տեղանուններով ու ցեղանուններով՝ այրումներ, փադարներ, շահսևաններ, ջինլիներ, ջուանշերներ, շամշադիլներ և այլն: Այս ցեղախմբերի միջև եղած կարևորագույն ընդհանրությունը դավանությունն էր, ուստի և որպես ինքնանուն և արտանուն գործածական էր նաև «մուսուլման» որակավորումը: Ծագումնաբանական անվանումով կիրառվում էր նաև թաթար, կովկասյան թաթար և թուրք անվանումները: Որոշ շրջաններում այդ թվում նաև հայության միջավայրում ադրբեջանցիներին ընդունված էր կոչել ազերիներ կամ ազերի թուրքեր: Այս էթնանունը իբրև վերապրուկ գալիս է Ատրպատականի բնիկների՝ ազերի արաբական հորջորջումից, բայց պետք է նկատի ունենալ, որ բնիկ ազերիները ունեցել են իրանական ծագում և խոսել են հյուսիսիրանական ազերի լեզվով: Ազերի լեզուն տակավին գործածական է եղել 14-15-րդ դարերում, այս լեզվի առանձին բառեր, նախադասություններ վկայված են միջնադարյան պատմիչների երկերում(Բալազորի, Մուկադղասի, Մասուդի և այլն), ինչպես նաև Ասադի Թուսիի «Պարսից բառագրքում»(11-րդ դար): Ադրբեջանցի ժողովրդի կազմավորումը տարբէր պարագաներում է ընթացել Ատրպատականում և այժմյան Ադրբեջանի տարածքում: Արաքսից հարավ աստիճանաբար թուրքալեզու դարձող ժողովուրդը երբեմնի մարերի, պարսիկների, հրեաների, ասորիների ու հայերի հետնորդներն էին, որոնք միաձուլվել են 11-դարից սկսած Միջին Ասիայից այստեղ թափանցող սելջուկների, թաթարների ու թուրքմենների հետ(Սելջուկների, Մոնղոլ-թաթարական, Լենկ-Թեմուրի արշավանքները և այլն): Իսկ Շիրվանում(Կուր գետից հյուսիս, պատմական Աղվանք) և Առանում(Կուր և Արաքս գետերի միջև ընկած տարածքը՝ Պատմական Հայաստանի Ուտիք և Արցախ նահանգները և Սյունիքի հարավը) նշանակալի էր մարզպանական Աղվանքի տեղաբնիկ ցեղերի, ու նաև արաբների, մահմեդականացած հայերի, վրացիների, ուտիների միախառնումը թյուրքական սելջուկ, թաթար և այլ ցեղերի հետ: Մեծ կարևորություն ունի նաև ազգային նկարագիր ունեցող էթնիկ խմբերի բռնագաղթեցումը դեպի այլ տարածքներ, որով և ավելի արագացվում էր տեղաբնիկների թուրքացումը և ուծացումը: Ադրբեջանցիների կազմավորումը ուղեկցվել է թյուրքալեզու քոչվոր ցեղերի լեզվի, դավանանքի, և սովորությունների պարտադրումով: Նոր էթնոսի կազմավորումը պայմանավորված է նաև իսլամի հանգամանքով և այս առումով ադրբեջանական միջավայրում մինչև 20-րդ դարի 30-ական թվականները մահմեդականություն դավանելը դիտվել է իբրև էթնիկական հատկանիշ, փոխարինվել է էթնանվանը: Ադրբեջանական Հանրապետության տարբեր տարածաշրջաններ ապրել են քաղաքական ու էթնիկական զարգացման յուրօրինակ ընթացք: Աղվանքի և Առանի տեղաբնիկ ցեղերի ուծացումը կատարվել է դավանական(իսլամիզացիա) և քաղաքական ու մշակութային(իրանիզացիա) և ի վերջո՝ լեզվաէթնիկական(թյուրքախոսացում) հողի վրա: Այդ գործընթացի արդյունքում իրենց էթնիկ դիմագիծը կորցրեցին Առանում և Շիրվանում հաստատված բավականաչափ ստվարաթիվ էթնիկ համայնքներ՝ պարսիկներ, քրդեր(Շեդդադյան ցեղը), արաբներ(Շայբան ցեղը) և այլն: Բավականին երկար տևած(սկսած 11-րդ դարից) այս անկանոն էթնիկ միախառնումներից հետո այս տարածաշրջանում ապրող էթնիկ խմբերից ու ազգերից միայն հայերը(հատկապես արցախահայությունը) կարողացան պահպանել իրենց ազգային նկարագիրը, հավատը, լեզուն, մշակույթը, եթե իհարկե չհաշվենք այժմյան փոքրաթիվ թաթերին, թալիշներին, ուտիներին և լեզգիններին, որոնք սակայն այնուամենայնիվ այժմ բնակվելով Ադրբեջանական Հանրապետությունում կոչվում են ադրբեջանցիներ: Կարելի է ասել որ աժմ էլ, Ադրբեջանում ադրբեջանցի անվանումով որպես առանձին էթնիկ խումբ և ազգություն դեռ հստակ ձևավորված չի:
 
Մշակույթ
 
Ապրելով կողք կողքի այնպիսի ազգերի հետ, ինչպիսիք են վրացիները, հայերը, պարսիկները, արաբները, ալանները և Հյուսիսային Կովկասի մի շարք այլ ազգեր, ադրբեջանցիները իրենց մշակութային և կուլտուրայի արժեքների մեծ մասը փոխ են առել այս ազգերից: Ժամանակակից ադրբեջանական արվեստում և մշակույթում առկա են տարբեր ազգերի մշակույթի մաս հանդիսացող տարրեր՝ արվեստ, ճարտարապետություն, երաժշտական գործիքներ, երգեր, պարեր, տարբեր արհեստներ, կերակրատեսակներ և այլն: Որոնցից մի քանիսը խիստ փոփոխված են, իսկ մյուսները ընդհանրապես անփոփոխ, բայց անվանափոխված օգտագործվում են որպես ազգային արվեստի արժեք:
 
Լեզուն
 
Ադրբեջաներենը, պատկանում է ալթայական լեզվաընտանիքի թյուրքական խմբի հարավ-արևմտյան՝ օղուզյան ճյուղին: Տարածված են նաև թուրքերեն և պարսկերեն լեզուները։ Որպես առանձին լեզու`   դուրս համաթյուրքական բնույթից, ի հայտ է եկել սկսած 18 դարի վերջերից:
 
Կրոն
 
Հավատացյալները մահմեդական են, հիմնականում`   շիադավան։

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: