Հանրագիտարան

Տպագրություն

Տպագրությունը գրքերի, թերթերի և ամսագրերի արտադրությունն է: Առաջին տպագիր գրքերը եղել են փայտափորագիր և պատրաստվել են Չինաստանում: Փայտե տախտակի հարթ մակերևույթին փորագրում էին բնագրի հայելային պատկերը, ապա վարպետը սուր դանակով փորում, հանում էր տառագծերի միջև եղած փայտը, և ստացվում էր բնագրի ցցուն, ուռուցիկ պատկերը:

Դրա վրա ներկ էին քսում, վրան դնում մագաղաթ կամ թուղթ ու սեղմում: Ներկը փայտից փոխանցվում էր թերթերի վրա: Նույն կերպ էին վարվում նաև պատկերափորագրության ժամանակ: Մեզ հասած հնագույն տպագիր գիրքը՝ բուդդայական քարոզների ժողովածուն, տպագրվել է 868թ.-ին Չինաստանում: 

Յուրաքանչյուր նշանի համար առանձին տառամարմիններով հավաքովի տառաշարն ստեղծել է Պի Շենը Չինաստանում 1044-48թթ.-ին: Եվրոպայում տպագրությունը նույնպես կատարվում էր փայտե փորագիր տախտակներից:
 
Մարդիկ ձգտում էին ստեղծել այնպիսի տպաձև, որը կազմված լիներ առանձին տառերից: Դա հաջողվեց գերմանացի գյուտարար Գուտենբերգին: 1450թ.-ին նա սովորական ձիթհան մամլիչը վերածեց տպագրական հաստոցի և հարմարեցրեց տպագրության համար:
 
Գլխավորն այն էր, որ նա հայտնագործեց այնպիսի տպաձև, որը հնարավորություն էր տալիս ստանալ բնագրի՝ ցանկացած քանակության տպագրված օրինակներ (տպածոներ): Այդ տպաձևերը բաղկացած էին առանձին-առանձին տառամարմիններից, որոնք հեշտությամբ կարելի էր փոխարինել ուրիշներով:
 
Տառամարմինը մետաղե փոքրիկ չորսու է, որի մի ծայրին տառի ուռուցիկ, ցցուն պատկերն է: Տպագրության ընթացքում տառի պատկերը ներկվում էր և արտատպվում թղթին: Գյուտն արագորեն տարածվեց աշխարհում: XV դարի վերջին արդեն գրքեր էին տպագրվում Եվրոպայի տասնյակ քաղաքներում:
 
Գյուտից ընդամենը մի քանի տասնամյակ անց հայերն սկսեցին Գուտենբերգի եղանակով գրքեր տպագրել: Հայկական տպագրության հիմնադիրը Հակոբ Մեղապարտն է, որը 1512թ.-ին լույս ընծայեց հայերեն առաջին տպագիր գիրքը՝ «Ուրբաթագիրքը»:
 
Երկրորդ հայ տպագրիչն Աբգար Թոխաթեցին է: Նա 1560-ական թվականներին նախ`   Վենետիկում, ապա`   Կոստանդնուպոլսում տպագրեց մի շարք գրքեր, այդ թվում՝ «Փոքր քերականություն կամ Այբբենարան» խորագիրը կրող հայերեն առաջին տպագիր այբբենարանը:
 
XVII դարում հայկական տպագրություն հիմնվեց նաև այլ քաղաքներում՝ Լվովում (Ուկրաինա), Նոր Ջուղայում (Իրան), Ամստերդամում (Նիդեռլանդներ): Նոր Ջուղայում գիտնական Խաչատուր Կեսարացին և նրա օգնականներն ինքնուրույն պատրաստեցին հայկական տառամայր ու մեքենա և 1638թ.-ից սկսեցին հրատարակել մեսրոպատառ գրքեր:
 
Հատկապես կարևոր էր Ամստերդամի հայկական տպագրությունը: Այստեղ հայ տպագրիչների մի ամբողջ խումբ էր գործում Ոսկան Երևանցու ղեկավարությամբ: Հետո նրանք փոխադրվեցին Ֆրանսիայի Մարսել քաղաքը: 26 տարվա ընթացքում՝ 1660-86թթ.-ին, նրանք տպագրեցին այբբենարաններ, Վարդան Այգեկցու «Աղվեսագիրքը», «Արհեստ համարողության» առաջին աշխարհաբար գիրքը, առաջին տպագիր Աստվածաշունչը, որը 1222 էջանոց հսկա, պատկերազարդ գիրք է:
 
Ոսկան Երևանցին առաջինն էր, որ տպագրեց բարձրորակ ու բազմաթիվ հայերեն գրքեր: 260 տարի հայկական տպագրությունը մնաց օտարության մեջ, որովհետև Հայաստանում նրա արմատավորման համար պայմաններ չկային:
 
Եվ միայն 1771թ.-ին տպարան հիմնվեց Էջմիածնում և տպագրվեց առաջին գիրքը Հայաստանում: 1820-ական թվականների կեսերին հիմնվեց Շուշիի տպարանը: 1876թ.-ին հայկական տպագրությունը մուտք գործեց Երևան և Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի):
 
1920-ական թվականներից հայկական տպագրության կենտրոնն աստիճանաբար դարձավ Երևանը: Ներկայումս տպարաններ են գործում մեր երկրի բոլոր մեծ ու փոքր քաղաքներում: Հայերեն գրքեր ու պարբերականներ են տպագրվում նաև հայկական սփյուռքում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: