Հանրագիտարան

Հաշվիչ

Հաշվիչները թվաբանական հաշվարկներ կատարող սարքեր են: Ժամանակակից հաշվիչները սիլիցիումային մանր միկրոսխեմաներով էլեկտրոնային սարքեր են, որոնք կատարում են ցանկացած հաշվարկ:

Հազարամյակներ առաջ ի հայտ եկած պարզագույն հաշվիչները՝ համրիչները, այժմ էլ գործածվում են որոշ երկրներում: Հաշվարկները կատարվում են փայտե շրջանակին ներամրացված մետաղալարերին հագցրած շարժվող հատիկներով:

 

Դրանց շարքերն աջից ձախ հերթականությամբ ներկայացնում են միավորները, տասնավորները, հարյուրավորները և այլն: Համրիչի գյուտն իր ժամանակի խոշոր հայտնագործություններից էր: Առաջին մեխանիկական հաշվիչներն ստեղծվել են XVII դարում:

 

Հաշվարկները կատարվում էին լծակների և ատամնանվակների օգնությամբ: Սակայն մինչև XIX դարը այդ հաշվիչները լայն տարածում չգտան: 1830 թ-ին անգլիացի Չառլզ Բեբիջը ստեղծեց, այսպես կոչված, վերլուծական մեքենան, որը ծրագրավորող մեխանիկական հաշվիչ էր:

 

Ցավոք, այդ մեքենան իր ժամանակի համար շատ բարդ էր, խիստ մեծաչափ, և դժվար էր այն աշխատեցնելը: XX դարի 30-40-ական թվականներին ԱՄՆ-ում գիտնականները մշակեցին խոշոր էլեկտրոնային հաշվողական մեքենաներ:

 

Սեղանի առաջին հաշվիչ մեքենան հայտնվեց 1963թ.-ին, իսկ 1970-ական թվականներին սկսվեց գրպանի հաշվիչների զանգվածային արտադրությունը: Սովորական հաշվիչը գումարում է, հանում, բազմապատկում ու բաժանում, նաև հաշվում է տոկոսներ:

 

Նրա էլեկտրոնային «ուղեղում» թվերը ներկայացված են էլեկտրոնային փոքրագույն, միացող և անջատվող սխեմաներով: «Ուղեղն» աշխատում է երկուական համակարգով՝ տասական համակարգի փոխարեն, որտեղ օգտագործվում են 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 թվանշանները, «ուղեղն» օգտագործում է 0 և 1 թվանշաններով հաշվարկման երկուական համակարգ:

 

Հաշվիչ ներմուծված յուրաքանչյուր թվանշան փոխարկվում է երկուական համակարգային կոդի, իսկ գործողությունների արդյունքները երկուականից վերստին փոխարկվում են տասական համակարգի և ցուցադրվում հաշվիչի էկրանին:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: