Հանրագիտարան

Գրքաշրջանառություն

Գրքաշրջանառություն կամ բուքքրոսինգ (անգլ.՝ bookcrossing), գրական-հասարակական նախաձեռնություն, որի մասնակիցները իրենց ընթերցած գիրքը թողնում են այն «պատահական» վայրերում (այգի, սրճարան, գնացք, մետրո), որպեսզի մեկ ուրիշը վերցնի այն և կարդա:

Կարդալուց հետո այդ մարդը նախորդի նման պետք է գիրքը թողնի հասարակական վայրում: Գրքերի «շրջանառությանը» շատերը հետևում են հատուկ ինտերնետային կայքերի միջոցով:

Այս նորամուծության համար բոլորս թերևս պարտական ենք տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Ռոն Հորնբեյքերին, ում ջանքերով «բուքքրոսինգ» բառն ու բուքքրոսինգի գաղափարը 2001 թվականի մարտից սկսած մեծ տարածում գտան ամբողջ աշխարհում:

Բուքքրոսինգը անընդհատ պրոցես է, գրքերի ազատ ընթացք, որ նպատակ ունի հանել սիրելի ու հետաքրքիր գրքերը գրապահարաններից և նրանց ուղարկել ճամփորդության: Բուքքրոսինգին մասնակցող գրքերն առանձնանում են իրենց տարբերանշաններով, իսկ գրքերի ներսում կան ինֆորմացիոն պիտակներ, որ պատմում են, թե ինչպես միանալ բուքքրոսերներին, ինչպես գրանցել սեփական գրքերը և «ազատել» դրանք: Յուրաքանչյուր մարդ կարող է դառնալ բուքքրոսեր: Ընդամենը պահանջվում է գրքին փակցնել անհրաժեշտ պիտակները (պիտակները կարելի է գտնել կայքում և տպել դրանք կամ ցանկության դեպքում կարելի է ուղղակի ձեռքով նկարել և գրել), թողնել գիրքը որևէ հասարակական վայրում (զբոսայգի, մետրոյի կայարան, սրճարաններ և այլն), որպեսզի մեկ այլ անծանոթ մարդ հնարավորություն ունենա գտնել և կարդալ այդ գիրքը: Գրքերի փոխանցման ու փոխանակման ուղիները կարող են շատ տարբեր լինել. ամենակարևորն այն է, որ յուրաքանչյուր հաջորդ բուքքրոսեր գիրքը կարդալուց հետո էլի փոխանցի: Գրքերի «ճամփորդությանը» կարելի է հետևել հատուկ կայքերի միջոցով: 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: