Հանրագիտարան

Եբրայական այբուբեն

Եբրայական այբուբենը կամ հրեական գիրը բաղկացած է արամեական ծագում ունեցող 22 տառերից, որոնք հայտնի են նաև «քառակուսի գիր» անվանմամբ։ Գործածվում է եբրայերենում, իդիշում և հրեական այլ լեզուներում։ Ինչպեսև սեմական լեզուների մեծամասնության գիրը, եբրայական գրի ուղղությունն աջից ձախ է։ Արդյունքում եբրայերեն գրքերը սկսվում են այնտեղ, որտեղ այլ լեզուներով գրվածներն ավարտվում են։

Այբուբեն

Եբրայական գիրը բաղաձայնային է. տառերը մեծ մասամբ նշում են բաղաձայն հնչյունները, նաև այն ձայնավորները, որոնք հին եբրայերենում երկար էին։ Եբրայերեն տառերը չեն բաժանվում մեծատառերի ու փոքրատառերի, սակայն մեծապես տարբերվում են տպագիր ու ձեռագիր տառերը։ Տառերն ունեն նաև թվային արժեք։ Հին եբրայերենի հետ համեմատած`   տառերի հնչյունական որակն արդի եբրայերենում կրել է որոշ փոփոխություններ, քանի որ արդի եբրայերենն ամբողջությամբ չի պահպանել հին եբրայերենի հնչյունական համակարգը։
 
Ձայնավորներ
 
Եբրայերենի մնացած ձայնավորները նշվում են կետերից ու գծիկներից կազմված հատուկ նշաններով`   ձայնանիշերով (եբրայերեն`   նեկուդոթ), որոնք, բացի մեկից, դրվում են տառի տակ և ընթերցվում նրանից հետո։ Ձայնանիշերով գրությունը կոչվում է ձայնավորված գրություն։ Այս գրությամբ, որպես կանոն, տպվում են բանաստեղծական ժողովածուները, կրոնական ու մանկական գրքերը, եբրայերեն լեզվի ուսումնական ձեռնարկներն ու բառարանները։ Այդուհանդերձ, տեքստերի մեծ մասը ձայնանիշեր չունի, իսկ այսպիսի գրությունը կոչվում է չձայնավորված։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: