Առողջապահություն

Ինչպես խնամել ձեռքերի մաշկը

Տարվա յուրաքանչյուր եղանակի համար մաշկի խնամքի միջոցները տարբեր են: Այդ սկզբունքը գործում է նաև ձեռքերի մաշկի դեպքում:
Ձեռքերի մաշկը, բացառությամբ ներբանների, մարմնի մյուս մասերի մաշկի համեմատությամբ ավելի չոր է, ուստի դրանց ամենօրյա խնամքը պետք է սովորություն դառնա:
 
Եղանակային փոփոխությունների ժամանակ ձեռքերի մաշկն ավելի շատ սնուցման կարիք ունի: Տարվա ցուրտ եղանակին կամ եղանակային տատանումների ժամանակ դանդաղում են օրգանիզմի կենսաբանական գործընթացներն ու նյութափոխանակությունը, նվազում է նաև ճարպագեղձերի և քրտնագեղձերի ֆունկցիայի ակտիվությունը, որի պատճառով մաշկի բնական ճարպային շերտը բարակում է: Ձեռքերն սկսում են ճաքճքել ու կոշտանալ:
 
Ձեռքերի մաշկի ջրաճարպային հավասարակշռությունը կարելի է կարգավորել տարբեր քսուքների օգնությամբ, որոնց բաղադրության մեջ մեծ քանակությամբ ճարպեր կան: Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել բնական յուղեր պարունակող քսուքներ, քանի որ դրանք շատ մոտ են ճարպագեղձերից արտադրվող ճարպին: Այդպիսիք են, օրինակ, խաղողի, ծիրանի կամ դեղձի կորիզներից ստացված յուղերը:
 
Ձեռքերի մաշկի սնուցման և խնամքի մի քանի պարզ եղանակներ
 
  • Արմունկները մարմնի այն հատվածներն են, որոնք ամենաշատն են ենթարկվում արտաքին միջավայրի ազդեցությանը: Մաշկի սնուցման և հարթեցման համար կարելի է դրանց կիտրոնի հյութ քսել և մի քիչ պահել ձեթի մեջ:
     
  • Ոչ միայն ձեռքերի, այլև ամբողջ մարմնի համար հիանալի մաքրող միջոց է սուրճի մրուրին խառնած մեղրն ու թթվասերը:
     
  • Սնուցող միջոց է մեղրի, ձվի դեղնուցի և անուշադրի սպիրտի խառնուրդը: Այն քսում են մաքուր ձեռքերին, 30 րոպե անց լվանում գոլ ջրով:
     
  • Ձեռքերի մաշկի համար շատ օգտակար է գազարից պատրաստված խյուսը: Քերած գազարին և ստացված հյութին ավելացրեք մեկ ճաշի գդալ թթվասեր, մեկ թեյի գդալ ձիթապտղի յուղ, լավ խառնեք և քսեք ձեռքերին:
     
  • Կարտոֆիլից պատրաստված խյուսը հարթեցնում է մաշկը և օգնում մանր ճաքերի վերացմանը: Երկու-երեք խաշած տաք կարտոֆիլից խյուս պատրաստեք`   վրան ավելացնելով երկու-երեք ճաշի գդալ կաթ: Խյուսը տարածեք ձեռքերի վրա, պոլիէթիլենային թաղանթով փաթաթեք և բրդյա ձեռնոցներ հագեք: Պահեք մինչև սառչի, այնուհետև տաք ջրով հեռացրեք և սնուցող քսուք քսեք:
     
  • Մի´ թափեք ջուրը, որի մեջ կարտոֆիլ կամ բրինձ եք եփել: Դրանք հակամանրէային և փափկեցնող միջոցներ են: Եթե ամեն օր ձեռքերը 5 րոպե պահեք կարտոֆիլի թուրմի մեջ, ապա մաշկը կլինի նուրբ, իսկ եղունգները կամրանան և չեն շերտավորվի: 
     
  • Եթե ձեռքերի վերնամաշկն անհարթ է (սագամաշկ), կարելի է առավոտյան և երեկոյան խոզանակով ու օճառափրփրով մաշկը թեթևակի մերսել: Ընդամենը մեկ շաբաթ անց արդյունքը կզգաք:
     
  • Ամեն անգամ ջրի հետ շփումից հետո անհրաժեշտ է ձեռքերին շատ բարակ շերտով քսուք քսել: Տնային աշխատանք կատարելիս ռետինե ձեռնոցներ հագեք: Եթե ձեռնոցները երկար ժամանակով հագնելու անհրաժեշտություն կա, դրանց մեջ օսլա լցրեք, որպեսզի ձեռքերը չքրտնեն և մաշկը չչորանա: 
Հեղինակ`   Սամվել Այվազյան
Աղբյուրը`   Առողջապահություն

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: