Արդյո՞ք համակարգչային կախվածությունը հիվանդություն է
Հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ առանձնացված է «Սովորությունների և հակումների խանգարումներ» բաժինը, որտեղ ընդգրկված են վարքի այն խանգարումները, որոնց բնորոշ են չկշռադատված, ոչ խելամիտ, կրկնվող արարքներն առանց հասկանալի դրդապատճառի և հակասում են թե´ հիվանդի, և թե´ այլ մարդկանց շահերին:
Գիտատեխնիկական առաջընթացը նպաստել է համակարգչային տեխնոլոգիաների զարգացմանը` տեղեկատվությունը դարձնելով մարդու կյանքի անբաժանելի մասը: Համացանցն այսօր ոչ միայն կապ և տեղեկատվություն է տրամադրում, այլև այնտեղ արծարծվում և բարձրացվում են սոցիալ-մշակութային բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը հաղորդում է դրանց նոր բովանդակություն:
Աշխարհի տարբեր երկրներում երեխաները հեռուստացույցի կամ համակարգչի (համացանցերի) առջև ծախսում են օրական միջին հաշվով 3-4, իսկ որոշ դեպքերում` 7-10 ժամ: Թե´ հեռուստատեսությունը և թե´ համակարգիչները մեծ ազդեցություն են թողնում երեխայի զարգացման, վարքի ձևավորման և դրանք գնահատող արժեքային ցուցանիշների վրա:
Մի շարք ուսումնասիրությունների համաձայն՝ համակարգչային խաղերն ունեն դրական ազդեցություն:
Դրանք օգնում են հուզական լիցքաթափմանը, գրավոր խոսքը դառնում է ավելի ճկուն, զարգանում են հիշողությունը, տրամաբանությունը, ստեղծագործական մտածողությունը, բարելավվում է սենսոմոտորիկան (զգայաշարժական գործընթացների կոորդինացիա) և այլն:
Ցավոք սրտի, համակարգիչը և, հատկապես՝ համացանցը, աստիճանաբար մեկուսացնում են երեխաներին իրականությունից, տանում դեպի երևակայական, վիրտուալ աշխարհ: Երեխաները կարող են աստիճանաբար ընդունել համացանցային կամ երևակայական աշխարհը որպես առաջնային, և կենսական խնդիրների լուծումները փնտրել իրականությունից կտրված եղանակներով:
Համակարգչային իրականության ղեկավարման վահանակը գտնվում է երեխայի ձեռքերում. նա կարող է ցանկացած պահի հանդես գալ ցանկալի կերպարի մեջ` դադարեցնելով կամ շարունակելով ապրել այդ աշխարհում: Ուսումնասիրությունները հաստատում են, որ համակարգչից չափից ավելի օգտվելը կարող է առաջացնել ագրեսիա, որն ավելի շատ նկատվում է հուզական, վարքային և ներքին մղման կառավարման խնդիրներ ունեցող երեխաների շրջանում:
Կարևոր են համարվում հետևյալ հոգեսոցիալական գործոնները`
- մինչև 15 տարեկանների ծնողների ամուսնալուծությունը, ծնողների կամ նրանցից մեկի կորուստը,
- ծնողների անտարբերությունը, երեխայի ոչ ճիշտ դաստիարակությունը` անհետևողականություն, չափազանց խստություն և այլն,
- սթրեսային իրավիճակները:
Նույն հետազոտություններով պարզվել է, որ համակարգչային խաղերն ունեն բացասական ազդեցություն. տուժում են ֆիզիակական և հոգեկան առողջությունը, անձի բնականոն ձևավորումը, ուսման առաջադիմությունը, վարքը և այլն: Առանձնահատուկ ուշադրության է արժանի համակարգչից կախվածության հոգեբանական հարցը, որը հաճախ համեմատվում է հիվանդագին խաղամոլության հետ:
Համակարգչային կախվածությունը անչափահասների շրջանում կարող է հանցավոր վարքի (արատավոր ցանկություններ, կասկածամտություն, ստախոսություն, հակամարտություն և այլն) դրսևորման պատճառ դառնալ, առաջացնել լքվածության, տագնապի զգացում:
Դրանցից բացի, հոգեբանական նախադրյալների մեջ նշվում են ցածր ինքնագնահատականը, համակարգչային խաղի ընթացքում սեփական վարքը վերահսկելու անկարողությունը, որոշումների կայացման պատասխանատվությունը ուրիշների վրա թողնելը, կատարած սխալներն արդարացնող փաստարկների որոնումը:
Ինչպես է ձևավորվում համակարգչային կախվածությունը
Մարդու ուղեղն ունի հաճույքի կենտրոններ, որոնց գործունեությունը թույլ է տալիս մոռանալ իրականության մասին: Համակարգչային կախվածությունն առաջանում է աստիճանաբար, հետագայում, երբ մարդուն երկու ժամով զրկում են համակարգչից, նա թմրամոլի կամ հարբեցողի նման ունենում է «ժուժկալության համախտանիշ»:
Գոյություն ունեն համակարգչից հոգեբանական կախվածության հետևյալ ձևերը`
- համացանցից կախվածություն. անձը ստեղծում է վիրտուալ ծանոթություններ և շփումներ, հաճախակի ստուգում էլեկտրոնային փոստը, այցելում երաժշտական ցանցեր և այլն, աստիճանաբար ավելացնելով ցանցում գտնվելու ժամանակը, որի հետևանքով վատնում է ավելի շատ գումար,
- համակարգչային խաղերից կախվածություն:
Ըստ խաղի բնույթի, կարելի է բաժանել դերային` իրականությունից առավելապես կտրված, ոչ դերային` նպատակին հասնելու, հաղթելու մոլուցք, հավաքելու համար առավելագույն միավորներ, համակարգչային խաղեր:
Համակարգչային խաղերից կախվածության հիմնական նշաններն են`
- համակարգչով աշխատելու ընթացքում տրամադրության բարձրացում,
- համակարգչից կամ խաղից կտրվելու անկարողություն, իսկ կտրվելու դեպքում` ագրեսիայի հասնող դյուրագրգիռ վիճակի առաջացում,
- տնային գործերի անտեսում,
- մարդկանց հետ շփվելիս առավելապես համակարգչի հետ կապված թեմաների քննարկում,
- հրաժարում ընկերների հետ շփումից:
Համակարգչային կախվածության հետևանքով կարող է վտանգվել նաև երեխաների և պատանիների առողջությունը` օրգանիզմի դիմադրողականությունը նվազում է, առաջանում են տեսողության խանգարումներ, գլխացավեր, ողնաշարի, դաստակի ցավեր, հոգնածություն, անքնություն և այլն:
Համակարգչային կախվածություն ունեցող դեռահասների համար դժվարին կենսական իրավիճակների հաղթահարումը, որպես կանոն, ընթանում է առճակատմամբ, ընտանիքից, շրջապատից մեկուսանալով, խուսափողական տարաբնույթ բացատրություններով:
Համակարգչային ուսուցումը պետք է ընդգրկել դեռահասների կրթության և դաստիարակության համակարգի մեջ, քանի որ համակարգչային կախվածությունը համարժեք է ալկոհոլամոլության, թմրամոլության և հեռուստատեսությունից կախվածության հետ: Այդ իսկ պատճառով գործածվում է համակարգչային մոլություն տերմինը:
Անկախ այն հանգամանքից, թե ինչ եզրակացության կհանգեն մասնագետները, ինչպես կանվանեն այս երևույթը` համակարգչային կախվածությու՞ն, որը կներգրավվի հոգեկան և վարքային խանգարումների դասակարգման մեջ, թե՞ որպես աշխույժ հետաքրքրություն կամ հոբբի:
Հոգեկան առողջության մասնագետները չեն համաձայնվում համակարգչային կախվածությունը մտցնել խանգարումների դասակարգման մեջ, քանի որ չկան հստակ սահմաններ չարաշահման և կախվածության միջև և երբեմն այն դիտվում է որպես դեպրեսիայի, ուշադրության պակասի, գերակտիվության հետևանք և այլն: Նշված դեպքերում անառողջ համակարգչային վարքագիծը երկրորդական է և եղած խնդրի կողմնակի հետևանքը:
Ստորև առաջարկում ենք թեստ, որով կարող եք պարզել, ունե՞ք, արդյոք, համակարգչային կախվածություն, թե՞ ոչ:
Պատասխան` երբեք` 1, երբեմն` 2, հաճախ` 3, շատ հաճախ` 4 միավոր:
- Նստելով համակարգչի առջև կամ ցանցում գտնվելիս որքա՞ն հաճախ եք ակտիվանում, թեթևանում և բավականություն ստանում:
- Որքա՞ն հաճախ եք համակարգչի աշխատանքը ինքնուրույն դադարեցնում կամ ցանցից դուրս գալիս:
- Որքա՞ն հաճախ եք նյարդայնանում, տխրում կամ դատարկություն զգում առանց համակարգչի կամ ցանցի:
- Տրամադրության բարելավման կամ կյանքի դժվարություններից խուսափելու համար որքա՞ն հաճախ եք պահանջ զգում համակարգչի առջև վերադառնալու կամ ցանցում գտնվելու համար:
- Համակարգչով աշխատելու կամ ցանցում գտնվելու պատճառով որքա՞ն հաճախ եք խուսափում ընտանեկան, հասարակական, աշխատանքային կամ ուսանելու պատասխանատվությունից:
- Որքա՞ն հաճախ եք ստում, երբ հարցնում են համակարգչի առջև անցկացրած ժամանակի վերաբերյալ:
- Որքա՞ն հաճախ եք ձեռքերի կամ դաստակների թմրածություն, գլխացավ, ողնաշարի ցավ, տեսողական խնդիրներ ունենում, կամ ժամանակը խնայելու նպատակով սնվում համակարգչի առջև նստած:
- Որքա՞ն հաճախ է խանգարվում քնի ռեժիմը, քանի որ աշխատում եք համակարգչով կամ գտնվում ցանցում:
Եթե հավաքել եք 0-14 միավոր` համակարգչային կախվածության վտանգ չկա, 15-20 միավոր` տարված եք համակարգչով, 21-26 միավոր` համակարգչային կախվածության վտանգը մեծ է, 27- 32 միավոր` առկա է համակարգչային կախվածություն:
Հեղինակ` Խաչատուր Գասպարյան (Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ)