Հանրագիտարան

ՏՐԱՍԵԿԱ

TRACECA բազմակողմ համագործակցության ծրագիրը առաջարկվել է Եվրամիության կողմից 1993թ.: Ծրագրի իրավական կարգավիճակը ամրագրվել է 1998 թ., երբ տարածաշրջանային 12 երկրներ ստորագրել էին «Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ Հիմնական բազմակողմ համաձայնագիրը (Basic Multilateral Agreement /MLA/)»:

2000 թ. ստեղծվել էր ծրագրի Միջկառավարական հանձնաժողովը, իսկ մեկ տարի անց`   Հանձնաժողովի գործադիր մարմինը`   Մշտական քարտուղարությունը (նստավայրը`   Բաքու):

TRACECA ՄՀ Մշտական քարտուղարության Գլխավոր քարտուղարն է Մոլդովայի ներկայացուցիչ Էդուարդ Բիրյուկովը (2010թ. հոկտեմբերից):
 
Հայաստանի ներգրավվածությունը կազմակերպությունում
 
1993 թվականից Հայաստանի Հանրապետությունը ընդգրկված է TRACECA տեխնիկական աջակցության ծրագրում, որը Եվրամիության կողմից առաջարկվել էր Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների, առեւտրի եւ տրանսպորտային կապի զարգացման նպատակով:
 
Իրականացվող ծրագրեր
 
2000-2002 թթ. TRACECA շրջանակում իրականացվել էր Երեւանի, Թբիլիսիի եւ Բաքվի միջեւ ավտոճանապարհային կապի վերակառուցման ուսումնասիրությունների ծրագիրը:
2002-2004 թթ. Հայաստանում TRACECA կովկասյան ավտոմայրուղիների վերականգնման ծրագրի շրջանակում իրականացվել էին համապատասխան նախագծեր: 2004 թ. ուսումնասիրություններ էին իրականացվել գյուղական ճանապարհների վերանորոգման ուղղությամբ: TRACECA ծրագրի շրջանակում պարբերաբար կազմակերպվում են տրանսպորտի բնագավառին առնչվող ուսուցողական դասընթացներ:
2005 թ. TRACECA շրջանակում իրականացվել էին Երեւան-Թբիլիսի երկաթգծի եւ համապատասխան ենթակառուցվածքների վերանորոգման ուսումնասիրությունները:
 
2006 թ. նոյեմբերին Հայաստանի եւ Ղազախստանի կառավարությունների միջեւ համաձայնագիր էր ստորագրվել միջազգային ավտոճանապարհային տրանսպորտի զարգացման վերաբերյալ:
2008 թ. փետրվարին Ռուսական երկաթուղիների, Հարավկովկասիան երկաթուղիների եւ Հայաստանի կառավարության միջեւ 30 տարվա ժամկետով համաձայնագիր էր ստորագրվել Հայաստանի երկաթուղիների վերականգնման եւ բարելավման վերաբերյալ:
 
Ռուսական երկաթուղիները 400 միլիոն դոլար ընդհանուր գումարի ներդրումներ կիրականացնեն հայկական երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման եւ զարգացման համար: 170 միլիոն դոլար կներդրվի երկաթուղային տեխնիկայի վերանորոգման նպատակով:
2008 թ. փետրվարին TRACECA անդամ-երկիր Ղազախստանը հայտարարել էր երկրի ամենա խոշոր տրանսպորտային նախագծի իրականացման սկզբի մասին: «Արեւմտյան Եվրոպա-Արեւմտյան Չինաստան» տրանսպորտային միջանցքի ղազախստանյան հատվածը կազմում է 2, 309 կմ, իսկ նախագծի ընդհանուր առժեքը`   2.37 միլիարդ դոլար:
Կանխատեսումների համաձայն, այս նախագծի իրականացումը կառաջացնի լրացուցիչ տրանսպորտային հոսքեր Կենտրոնական Ասիայի երկրներից`   ավելացնելով երկրի տարածքով իրականացվող ցամաքային տրանսպորտային տեղափոխումները եւ այն 900,000-ից հասցնելով 3.5 միլիոն տոնայի:
 
2008թ. դեկտեմբերին Թբիլիսիում տեղի էր ունեցել «Թբիլիսի-Երեւան երկաթուղային գծի վերականգնում» նախագծի Համակարգող կոմիտեի նիստը, որտեղ քննարկվել էին նախագծի իրականացման հետ կապված խնդիրները: Հանդիպման մանսակցները ներկայացրել էին իրենց դիտողություններն ու առաջարկությունները, մասնավորապես նախագծի ժամանակացույցի վերաբերյալ:
 
Հանդիպման արդյունքում հաստատվել էր նախագծի սկզբնական հաշվետվությունը, համաձայնություն էր ձեռք բերվել նախագծի ժամկետը մինչեւ 2009 թ. սեպտեմբեր երկարաձգելու վերաբերյալ : Կոմիտեի հաջորդ նիստը տեղի էր ունեցել 2009 թ. մարտին Երեւանում:
TRACECA ՄՀ ենթակառուցվածքների հարցերի աշխատանքային խմբի նիստը կազմակերպվել էր Եվրահանձնաժողովի կողմից եւ տեղի էր ունեցել Բուխարեստում 2009 թ. փետրվարին:
Հայաստանը ներկայացրել էր Հյուսիս-Հարավ ավտոճանապարհային միջանցքի զարգացման մանրամասները`   նշելով, որ Երեւան-Սեւան-Դիլիջան (118 կմ) հատվածի վերանորոգումը գնահատվում է 131 միլիոն ամ. դոլար, Երեւան-Գյումրի (125 կմ) հատվածի`   150 միլիոն ամ. դոլար եւ Երեւան-Երասխավան (70 կմ) հատվածի`   56 միլիոն ամ. դոլար:
 
Նախագիծը մեծապես կարեւորվում է դեպի Սեւ ծովի նավահանգիստներ այլընտրանքային ավտոմոբիլային ճանապարհ ստեղծելու համար, իսկ հետագայում, որպես ռազմավարական նշանակության տարածաշրջանային նախագիծ, այն կարող է հանդես գալ որպես Պարսից Ծոցը Սեւ ծովի եւ այնուհետեւ`   Եվրոպայի հետ կապակցող այլընտրանքային ուղի:
Նշվել էր նաեւ, որ Հայաստանը քննարկում է Հայաստան-Իրան կառուցվելիք երկաթգծի նախագիծը TRACECA-ի օրակարգում որպես առաջնային նախագիծ ընդգրկելու հնարավորությունը: Բացի այն, որ նշված երկաթգիծը կստեղծի ուղիղ երկաթուղային հաղորդակցություն Իրանի եւ Հայաստանի միջեւ, այն նաեւ զգալի նշանակություն կունենա Հայաստան հանքարդյունաբերության ոլորտի համար: 469.6 կմ երկարություն ունեցող նախագծվող երկաթուղին, որի կառուցման արժեքը կկազմի շուրջ 1.5 – 2 միլիարդ ԱՄՆ դոլար, կստեղծի նաեւ տարանցիկի կայուն խթանման հնարավորություններ:
 
Հայաստանի ներկայացուցչի կողմից ներկայացվել էր նաեւ Կարս-Գյումրի-Նախիջեւան-Մեղրի-Բաքու երկաթուղու վերականգնման նպատակահարմարությունը եւ դրա տարածաշրջանային դերը, ինչպես նաեւ, որ Դիլիջան-Վանաձոր 47կմ երկաթգծի կառուցման եւ Դիլիջան-Իջեւան-Ղազախ 48.3կմ գոյություն ունեցող երկաթուղու բարեկարգման արդյունքում հնարավոր կլինի գործարկել Կարս-Գյումրի-Վանաձոր-Դիլիջան-Իջեւան-Ղազախ-Բաքու երկաթուղին, որը կարող է ստանձնել տարածաշրջանային երկաթուղային ենթակառուցվածքի կարեւորագույն հանգույցի դերը: Նշվել էր, որ TRACECA ծրագրի շրջանակներում ներկայումս իրականացվում են Դիլիջան-Վանաձոր 47կմ երկաթգծի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները:
Ադրբեջանի կողմից ներկայացված չորս առաջնային նախագծերից մեկը նվիրված էր Բաքու-Թբիլիսի-Ղարս նոր երկաթուղու տեղեկատվական բազայի ստեղծման համար ժամանակակից կապի եւ տեղեկատվական համակարգի կառուցմանը: 
 
Առայսօր, TRACECA շրջանակում իրականացվել է մոտ 200 մլն դոլարի ընդհանուր արժողության 60-ից ավելի տեխնիկական աջակցության նախագծեր եւ մոտ 20 ներդրումային ծրագրեր: Ֆինանսավորումը ամբողջությամբ իրականացվել է Եվրամիության բյուջեից: Մի շարք միջազգային ֆինանսական հաստատություններ, այդ թվում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը եւ Համաշխարհային բանկը պատրաստակամություն էին հայտնել ֆինանսավորելու TRACECA շրջանակում իրականացվելիք մի շարք խոշոր նախագծեր, այդ թվում Հայաստանում:
 
2010 թ. փետրվարի 12-ին Ստամբուլում տեղի է ունեցել Հարավային Կովկասում եւ Թուրքիայում ՏՌԱՍԵԿԱ-ի Միջկառավարական հանձնաժողովի նախագծերի առաջնայնության գնահատման հարցերին նվիրված 2-րդ տարածաշրջանային հանդիպումը, որին մասնակցել են ՀՀ ԱԳՆ եւ տրանսպորտի ու կապի նախարարության ներկայացուցիչները:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: