Անգլիացիները ազգ են, որոնք մայրենի լեզուն անգլերենն է: Նրանք ապրում են Մեծ Բրիտանիա կղզում, որը նաև շոտլանդիացիների հայրենիքն է: Ըստ էության` անգլիացիները տարբեր էթնիկական խմբերի` հնագույն իբերական ազգաբնակչության և հնդեվրոպական ծագում ունեցող ժողովուրդների` կելտական ցեղերի, սաքսոնների, ֆրիզների, սկանդինավցիների խառնուրդ են:
Ներկայումս Մեծ Բրիտանիայի բնակչությունը կազմում է 45 մլն անգլիացիներ, 0,3 մլն շոտլանդացիներ և աննշան քանակությամբ ազգային փոքրամասնություններ: Մեծ թվով անգլիացիներ, շոտլանդացիներ, իռլանդացիներ տարբեր ժամանակներում գաղթել են գլխավորապես ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա:
Այսպիսով, անգլիական խառնվածքի բաղադրիչ մաս են կազմում անգլոսաքսոնական գործնականությունը, կելտական երազկոտությունը, վիկինգների ծովահենների քաջությունները և նորմանների կարգապահությունը:
Ազգային բնավորությունը կենսունակությունն է:
Այսպիսով, այս ժողովրդի առաջին և ամենաբնորոշ գիծը կայունությունն ու հաստատակամությունն է, որոնցով պայմանավորված է նրա անհատականությունը: Անգլիացիների հետաքրքրասիրությունը թույլ է տվել յուրացնելու այն լավագույնը, ինչը բնորոշ է մյուս ժողովուրդներին, բայց, միևնույն է, նրանք հավատարիմ են մնացել իրենց սովորույթներին: Չի կարելի պնդել, թե, իբր, անգլիացիները երբեք չեն փոխվում: Փոփոխությունները տեղի են ունենում միշտ, բայց անգլիացիները ավելի պահպանողական են այդ տեսակետից: Անգլիացիները սովորաբար բարձրահասակ են, լայն դեմքով, շիկամորուս են, կապույտ, անհաղորդ աչքերով: Կանայք տղամարդկանց նման բարձրահասակ են, մեծամասամբ` արտահայտիչ դեմքով: Ոչ մի ցուցադրական բան չունեն: Նրանք ամենից շատ և ամեն ինչից առաջ ապրում են իրենց համար: Բնականից հակված են կարգապահության, հարմարավետության: Գերադասում են թարմ կոստյում, հարուստ գրադարան, լավ տրանսպորտ:
Ոչ մի ժողովուրդ այդքան պահպանողական չէ,այդքան հավատարիմ չէ իր ավանդույթներին, որքան անգլիացին: Եթե ավանդույթը գոյություն ունի, ինչքան էլ տարօրինակ լինի կամ ծիծաղելի, ոչ մի կիրթ անգլիացի չի համարձակվի այն խախտել: Չնայած անգլիացին քաղաքականապես անկախ է, նա խստորեն ենթարկվում է հասարակական կարգին և կառչած է ավանդույթներից:
Ցանկացած անգլիացի, որտեղ էլ ապրելիս լինի, կրում է իր ազգի դրոշմը: Ֆրանսիացուն դժվար է երբեմն տարբերել իտալացուց կամ իսպանացուց, բայց անգլիացուն դժվար է շփոթել որևէ մեկի հետ: Ամեն տեղ նա իր տանն է` իր անփոփոխ ազգային ավանդույթներով, իր վարքի նրբերանգներով, ոչ մի դեպքում նա չի փոխում իր ավանդույթները: Սա ինքնատիպ, ամբողջական բնավորություն է:
Անգլիացին շատ փառասեր է: Նա համոզված է, որ իր հայրենիքում ամեն ինչ լավ է: Ինքնավստահ է, դրա համար էլ նա արտասահմանցիներին նայում է երբեմն ցավակցորեն, երբեմն էլ` արհամարհանքով: Այս թերությունը անգլիացիների մոտ երևան եկավ շփման, հաղորդակցման բացակայության արդյունքում և մյուսների նկատմամբ իր առավելության գերագնահատումից :
Փողը նրանց կուռքն է: Ոչ մի ազգի մոտ հարստությունը այդքան հարգված չէ: Ինչ դիրք էլ, որ նա գրավի հասարակության մեջ` գիտնական, դատավոր, քաղաքական գործիչ, ամենից առաջ նա բիզնեսմեն է: Անգլիացիների առաջին հոգսը, որքան հնարավոր է` շատ կուտակել: Բայց կուտակելու կիրքը, փողամոլությունը չի նշանակում, որ անգլիացիները ժլատ են. նրանք սիրում են ապրել հարմարավետ և ըստ պահանջի: Անգլիացիները շատ են ճամփորդում և միշտ աշխատում են տեղեկացված լինել, բայց քիչ են մտերմանում այն քաղաքների ժողովուրդների հետ, որտեղ նրանք լինում են: Օտարության մեջ արտասահմանցիների հետ մտերմանալուն նրանց խանգարում է բարոյակրթությունը, հպարտությունը, օտար սովորույթների հանդեպ տգիտությունն ու արհամարհանքը:
Արվեստի բնագավառում անգլիացիները սիրում են ամենից առաջ` վեհը, ինքնատիպը:
Անգլիացիների իդեալը անկախությունն է, կրթվածությունը, ազնվությունը, նրբանկատությունը, ղեկավարել կարողանալը, համառությունը` նպատակին հասնելու համար:
Շատ արտասահմանցիներ անգլիացիներին համարում են սառը և անհյուրընկալ: Իրոք, անգլիացիները կարող են սառը վերաբերվել ձեզ, չեն տարվի դատարկ խոսակցություններով անծանոթ մարդու հետ:
Բայց եթե նրան ցույց տաք երաշխավորագիր-նամակ, անգլիացին ձեզ հետ շատ լավ կվարվի: Այդ դեպքում նա ձեզ կհամարի իր ընտանիքի մտերիմը:
Նրանք ճիշտ են համարում խոսել միայն իրենց մայրենի լեզվով: Անգլիացին երբեք պարզ չի արտահայտվի օտարերկրացու մոտ, ինչպես հաճախ անում են մյուս ժողովուրդները` օտարերկրացիների հետ զրուցելիս: Նրա մտքով չի անցնում,որ իր մայրենի լեզուն կարող է ինչ-որ մեկին հասկանալի չլինել:
Չնայած անգլիացիների մռայլությանն ու լռակյացությանը` չի կարելի նրանց համարել հումորի զգացումից զուրկ: Եթե ֆրանսիացին փայլում է սրամտությամբ, ապա անգլիացին` հումորով: Անգլիացու հումորը իրենից ներկայացնում է ինչ-որ խորհրդավոր բան, անձնական, միայն իր համար, ոչ թե` օտարների: Դժվարությունները, խնդիրները հումորով և լավատեսությամբ հաղթահարելու կարողությունը, անգլիացիների ուժի գրավականն է :
Անգլիացիները կարողանում են իրենց լավ զգալ միայն տանը և հարգում են ուրիշների ընտանեկան կյանքը: Ղեկավարի և ենթակայի համար ընդունված չէ գործով տուն զանգելը: Անգլիացիները ամենօրյա ուտելու հարցում քմահաճ չեն: Ուտելու վրա ծախսված փողը համարում են անտեղի: Այստեղ նրանք կողմնակից են խիստ խնայողության: Սեփական տանիք` ահա անգլիական ընտանիքի երազանքի սահմանը,նպատակը, նա պատրաստ է տարեցտարի իրեն զրկել ամեն ինչից, գնալ ցանկացած տեսակի զոհողությունների:
Անգլիացիները սիրում են ապրել ծանոթ իրերի շրջապատում:
Պահում են այն իրերը, որոնցից հարազատություն է բուրում: Տան կահավորման հարցում, երբ խոսքը վերաբերում է մթնոլորտի թարմությանը, ապա նկատի ունեն ոչ թե կահույքի փոփոխությունը, այլ նրա նորացումը,արտաքին տեսքը կարգի բերելը: Այգեգործությունը անգլիացիների ազգային պաշտամունքն է, կյանքի վերաբերյալ նրանց պատկերացումների ընկալման բանալին:
Եվս մի պաշտամունք, որտեղ երևում են անգլիացիների անհատական որակները` տնային կենդանիները:
Ոչ մի երկրում շներն ու կատուները շրջապատված չեն այնպիսի հոգատարությամբ, ինչպես այստեղ: Շունն ու կատուն տան ամենասիրելի անդամն են: Պարադոքս է, բայց անգլիական ընտանիքներում տնային կենդանիները ավելի մեծ ուշադրության են արժանանում, քան երեխաները:
Ով առաջին անգամ է Անգլիայում,անմիջապես կնկատի, թե որքան խիստ, անթերի են դաստիարակված այստեղ երեխաները, և որքան բնական, առանց ձևականությունների են պահում իրենց շներն ու կատուները:
Սրտի խորքում անգլիացիները համոզված են, որ ծնողներն ավելի լավ է լինեն չափից ավելի խիստ, քան բարի, ներողամիտ: Նույնիսկ ընդունված էր փոքրիկի օրորոցը դնել այնպես, որ նրա լացը մայրը չլսեր և չանհանգստանար, չմոտենար և հանգստացներ նրան: Երեխային մանկուց սովորեցնում էին, որ լացել չի կարելի, որ խայտառակություն է արցունք թափելը: Անկախ հնարավորություններից` երեխային հագցնում են շատ պարզ, փոքրերը հագնում են այն, ինչ որ մի ժամանակ հագնում էին մեծերը: Երեկոյան ժամը 8 - 9 երեխաներին (մեծ թե փոքր) ուղարկում են քնելու, որ չխանգարեն ծնողներին` օրվա գործերը ավարտելու:
Նիհար լինելը այստեղ համարվում է առողջ ապրելակերպի և լավ դաստիարակության նշան,գիրությունը` հակառակը:
Անգլիական ընտանիքի բոլոր անդամները իրար հետ խոսում են ,,դուք”-ով:
Հայրը համարվում է ընտանիքի գլխավորը: Մեծ հեղինակության տեր է: Հոր կամքը երեխայի կողմից քննարկման ենթակա չէ:
19 - 20 տարեկան տղաներն ու աղջիկները սկսում են ապրել ինքնուրույն կյանքով:
Անգլիացիներին խորթ են սիրային զեղումները, ինտիմ զրույցները: Հանգուցյալի տանը չես լսի հեծկլտոց և չես տեսնի արցունքներ:
Ամուսնանալուց հետո երեխաները երբեք չեն ապրում ծնողների տանը: Ճիշտ այդպես էլ երբեք իրար հետ չեն ապրում երկու ամուսնացած եղբայրներ:
Անգլիացի բիզնեսմենը պրպտող է, լավ հոգեբան է, չի սիրում կեղծիք: Մարդկային որակները նրա համար ունեն որոշիչ նշանակություն:
Եթե անգլիացի գործընկերը ձեզ հրավիրի ճաշի, մի մերժեք, բայց հիշեք, որ դուք նույնպես պետք է կազմակերպեք նմանատիպ միջոցառում: Ճաշի ժամանակ մի մոռացեք ժամանակի մասին: Հարցրեք, թե ինչքան ժամանակ է նախատեսել ձեր գործընկերը: Այսպիսով դուք ցույց կտաք, որ գնահատում եք ոչ միայն ձեր, այլ նաև նրա ժամանակը:
Բարձր մակարդակի վրա է արդարության զգացումը,դրա համար էլ բանակցությունների ընթացքում նրանք կողմ են ազնիվ խաղի, չեն հանդուրժում խորամանկությունն ու նենգությունը:
Բանակցություններին անգլիական ֆիրմաների հետ պետք է պատրաստվեք լարված, մեծ պատասխանատվությամբ:
Ճշտապահությունը Մեծ Բրիտանիայում առաջնային է: Ձեռքսեղմումը ընդունված է առաջին հանդիպման ժամանակ: Հետագայում նրանք բավարարվում են պարզ, սովորական ողջույնով:
Անգլիացու ազնիվ խոսքին պետք է հավատալ: Նրանց հատուկ է խուսափել սուր անկյուններից` պրոբլեմները լուծելու ժամանակ:
Աղբյուր` www.mhktert.am