Հանրագիտարան

Մեծ թենիսի առաջին խաղը

1874թ. մարտի 22-ին Սթեյթն Այլենդում՝ կրիկետի և բեյսբոլի համար նախատեսված դաշտերում, տեղի ունեցավ մեծ թենիսի առաջին խաղը: Թենիս խաղի արմատները ձգվում են դեպի հեռավոր անցյալ: Հին հռոմեացիները, հույները խաղացել են այս խաղը`   կանգնելով մեծ հեռավորության վրա և հարվածելով գնդակին փայտով կամ ձեռքով:

 

Թենիսը վերածնվել է Ֆրանսիայում: Ֆրանսիացիները խաղում էին ոչ մեծ գնդակով, ձեռքի ափով հարվածելով: Թենիսի անվանումը (անգլ. tennis) առաջացել է ֆրանսերեն «tenez» բառից, որն էլ նշանակում է բռնել: Այժմ դժվար է ասել, թե որ երկիրն է համարվում թենիսի հայրենիքը, բայց փաստ է, որ ֆրանսիացիների շնորհիվ այն մեծ ճանաչում ստացավ:

 

Սկիզբ առնելով 12-րդ դարում`   խաղը մեծ սեր էր վայելում արիստոկրատների շրջանում մինչև Ֆրանսիական մեծ հեղափոխությունը: Առաջին անգամ իսկական (թագավորական) թենիս սկսել են խաղալ 19-րդ դարի կեսերին Ֆրանսիայի մենաստաններում։ Բրիտանիայում թենիսը լայն տարածում ստացավ 19-րդ դարի 60-ական թվականների կեսերին ։ 

 

Կանոններ

Խաղի մասնակիցներն աշխատում են գնդաթիի մեկ հարվածով գնդակն ուղարկել մրցակցի կիսադաշտը, որպեսզի մրցակիցը չկարողանա այն ետ վերադարձնել։ Խաղին կարող են մասնակցել և՛ տղամարդիկ, և՛ կանայք։ Նրանք մրցում են մենախաղերում, զուգախաղերում և խառը զուգախաղերում։ Գնդակը մրցակիցները խաղի մեջ են մտցնում հաջորդաբար։
 
Գնդակը խաղի մեջ մտնելուց հետո սկսում է պայքարը միավորի համար։ Մարզիկը կարող է երկու անգամ փորձել գնդակը ցանցի վրայով ուղարկել հակառակորդի կիսադաշտի սկզբնահատվածի՝ անկյունագծով իրեն հակադիր մասը։ Դեպի մրցակցի կիսադաշտը եկող գնդակն անհարժեշտ է վերադարձնել մրցակցին`   թույլ չտալով, որ այն մեկ անգամից ավելի դիպչի գետնին։
 
Գնդակը կարելի է նաև վերադարձնել`   չթողնելով, որ այն դիպչի գետնին։ Եթե մարզիկներից մեկը սխալվում է, ապա նրա մրցակիցն ստանում է 15 միավոր։ Նույնը կրկնվելու դեպքում հաշիվը դառնում է 30-0, իսկ ևս մեկ հաղթության դեպքում գրանցվում է մեկ ընդհանուր հաղթանակ։ Եթե խաղի հաշիվը դառնում է 40-40, ապա հաղթանակը շնորհվում է 2 անընդմեջ հաղթանակ ունեցող մարզիկին և այսպես շարունակ։
 
Տղամարդկանց մրցապայքարում Մեծ սաղավարտի մրցույթում ընդհանուր հաղթանակը տրվում է 5-րդ հաղթությանն առաջինը հասած մարզիկին կամ զույգին։ Կանանց մրցումներում հաղթանակը տրվում է 3-րդ հաղթությանն առաջինը հասնողին։ Խաղափուլը շարունակելու համար պետք է խաղալ ոչ պակաս, քան 6 գեյմ և մրցակցի նկատմամբ հասնել ոչ պակաս, քան 2 գեյմի առավելության։ Գեյմերի 6:6 հաշվի դեպքում խաղացվում է լրացուցիչ գեյմ՝ թայ-բրեկ։
 
Ներկայումս աշխարհի ուժեղագույն թենիսիստների մեծ մասը պրոֆեսիոնալներ են։ Ողջ աշխարհում անցկացվում են խոշոր մրցանակային ֆոնդով մրցախաղեր։ Թենիսի գլխավոր մրցաշարերն են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ավստրալիայի բաց առաջնությունները, ինչպես նաև Ուիմբլդոնի մրցախաղը։
 
Այս առաջնությունները միասին կազմում են «Մեծ սաղավարտի» մրցաշարը։ Թենիսի ամենահեղինակավոր մրցաշարերից է Դևիսի գավաթի ամենամյա առաջնությունը, որը հիմնադրվել է 1900թ․։ Հայաստանում առաջին անգամ թենիսի պաշտոնական մրցումներ անցկացվել են 1924թ.:
 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: