Հանրագիտարան

Հեղինակային իրավունք

Հեղինակային իրավունքը որոշակի ժամանակաշրջանով բացառիկ իրավունք է վերապահում օրիգինալ աշխատանքի հեղինակին այդ աշխատանքի նկատմամբ՝ ներառյալ դրա հրատարակումը, տարածումը և հարմարեցումը։

Այդ ժամանակաշրջանից հետո աշխատանքը դառնում է հանրության սեփականություն։ Հեղինակային իրավունքը վերաբերում է ցանկացած արտահայտելի գաղափարի կամ տեղեկության, որը գոյություն ունի, դիսկրետ է և ֆիքսված է միջավայրում։ Որոշ օրենքներով ճանաչվում է նաև աշխատանքի հեղինակի բարոյական իրավունքը, ինչպիսին է որպես աշխատանքի հեղինակ նշվելու իրավունքը։ Օրենսդրության մեջ հեղինակային իրավունքը, պատենտների և ապրանքանիշերի հետ, ընդգրկված է մտավոր սեփականություն ընդհանրական տերմինի մեջ։

Ըստ ԱՄՆ-ի սահմանադրության, հեղինակային իրավունքի նպատակներից է՝ «նպաստել գիտության և օգտակար արվեստների առաջընթացին՝ սահմանափակ ժամանակով բացառիկ իրավունք վերապահելով հեղինակներին… իրենց աշխատանքների համար է։»
 
Միջազգայնորեն ընդունված օրենքներով հեղինակային իրավունքն ուժի մեջ է հեղինակի մահից հետո 50-100 տարվա ընթացքում կամ ավելի կարճ ժամանակաշրջանում անանուն հեղինակենրի կամ համահեղինակների համար։ Որոշ իրավական համակարգեր պահանջում են հեղինակային իրավունքի գրանցման ֆորմալ արարողակարգ, սակայն դրանց մեծ մասը ճանաչում է հեղինակային իրավունքը ցանկացած ավարտուն աշխատանքի նկատմամբ՝ առանց ֆորմալ գրանցման։ Ընդհանուր առմամբ, հեղինակային իրավունքը քաղաքացիական իրավունքի առարկա է, սակայն որոշ դեպքերում կիրառվում են քրեական պատժամիջոցներ։
 
Իրավական համակարգերի մեծ մասը ճանաչում է հեղինակային իրավունքի սահմանափակումները՝ թույլատրելով արդար օգտագործում՝ տրամադրելով հեղինակային իրավունքի բացառիկություններ և որոշակի իրավունքներ տալով օգտագործողներին։ Համացանցի, թվային միջավայրերի և համակարգչային ցանցային տեխնոլոգիաների (օրինակ՝ P2P կամ նման առ նման ֆայլերի համօգտագործումը (անգլ.՝ peer-to-peer sharing)) զարգացումը ստիպել է փոփոխություններ մտցնել այդ բացառությունների մեջ, նոր դժվարություններ է առաջացրել հեղինակային իրավունքի կիրառման համար և լրացուցիչ մարտահրավերներ է ստեղծել հեղինակային իրավունքի հիմնավորման սկզբունքների համար։ Միաժամանակ, այն ընկերությունները, որոնք մեծ տնտեսական կախման մեջ են գտնվում հեղինակային իրավունքից, ձգտել են ընդլայնել ու տարածել իրենց հեղինակային իրավունքները՝ փորձելով ապահովել լրացուցիչ օրենսդրական և տեխնոլոգիական աջակցություն։
 
Հեղինակային իրավունքի հասկացությունը ծագել է Բրիտանիայում 1710 թվականին Աննայի օրենքով։ Այն սահմանել է աշխատանքի հեղինակի՝ աշխատանքը բազմացնելու իրավունքի սեփականատեր լինելն ու այդ հեղինակային իրավունքի համար ֆիքսված տերմինի հասկացությունը։ Այն ստեղծվել է որպես ուսումը խրախուսող ակտ, քանի որ այդ ժամանակներում նկատվել էր, որ հրատարակիչները վերատպում են հեղինակների աշխատանքներն առանց նրանց համաձայնության՝ մեծ վնաս պատճառելով նրանց և հաճախ կործանելով նրանց ու նրանց ընտանիքները։ Այդ առումով հեղինակային իրավունքը, նախևառաջ, ստեղծվել էր այն նպատակով, որ հեղինակները որոշակի վերահսկողություն ունենան իրենց աշխատանքների տպագրության նկատմամբ և ստանան որոշակի ֆինանսական փոխհատուցում, որպեսզի դա խթանի նրանց գրելու նոր գրքեր և, այդպիսով, նպաստի մտքերի և ուսման հոսքին։ Ինչպես նշվում է բուն ակտում՝ ուսյալ մարդկանց խրախուսելու նպատակով, որպեսզի նրանք կազմեն ու գրեն օգտակար գրքեր։
 
Աննայի օրենքը հեղինակային իրավունքի մասին առաջին իսկական օրենքն էր, և այն իրավունքներ տվեց հեղինակներին սահմանափակ ժամանակով՝ տասնչորս տարով, բոլոր հրատարակված աշխատությունների համար, որից հետո հեղինակային իրավունքի ժամկետը լրանում էր։ Հեղինակային իրավունքը գրքերի և քարտեզների հրատարակման իրավունքը կարգավորող իրավական ակտից վերաճել է մի օրենքի, որն ազդում է ժամանակակից գրեթե բոլոր արտադրությունների վրա՝ ձայնագրություններից մինչև ֆիլմեր, լուսանկարներ, համակարգչային ծրագրային ապահովում ու ճարտարապետական աշխատանքներ։ Հետագայում ԱՄՆ սահմանադրության հեղինակային իրավունքին վերաբերող հոդվածը (1878 թ.) սկզբնավորեց հեղինակային իրավունքին վերաբերող օրենսդրությունը`   Գիտության առաջընթացին նպաստելու համար... սահմանափակ ժամանակով ապահավելով հեղինակների... բացառիկ իրավունքն իրենց... աշխատանքների նկատմամբ։
 
Հեղինակային իրավունքին վերաբերող օրենքները որոշ առումով ստանդարտացվել են միջազգային կոնվենցիաների միջոցով, ինչպիսին են Բեռնի կոնվենցիան և Հեղինակային իրավունքի համընդհանուր կոնվենցիան։ Այս բազմակողմ համաձայնագրերը վավերացվել են գրեթե բոլոր երկրների կողմից, և Եվրամիության ու Առևտրի համաշխարհային կազմակերպության նման միջազգային կազմակերպությունները պահանջում են իրենց անդամ երկրներից ենթարկվել դրանց պահանջներին։ Թեև տարբեր երկրների մտավոր սեփականության մասին օրենքների միջև կա որոշակի համապատասխանություն, յուրաքանչյուր երկիր ունի իր սեփական օրենքներն ու կանոնները հեղինակային իրավունքի մասին։ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունն իր կայքէջում) ամփոփում է իր անդամ երկրներից յուրաքանչյուրի մտավոր սեփականության մասին օրենքները։
 
Բեռնի կոնվենցիայի դրույթներն ընդգրկված են Առևտրի համաշխարհային կազմակերպության TRIPS համաձայնագրում (1995 թ.)՝ այսպիսով ապահովելով Բեռնի կոնվենցիայի գրեթե համաշխարհային կիրառումը։ 2002 թվականի WIPO հեղինակային իրավունքի համաձայնագիրն ավելի մեծ սահմանափակումներ մտցրեց աշխատանքները բազմացնելու տեխնոլոգիաների համար այն երկրներում, որոնք վավերացրել են այդ համաձայնագիրը։

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: