Հանրագիտարան

Քաղաքացիական իրավունք

Քաղաքացիական իրավունքը այնպիսի իրավական նորմերի ամբողջություն է, որոնք կոչված են կարգավորելու առօրյա կյանքում առաջացող գույքային և անձնական ոչ գույքային հարաբերություններ։

Իրենց առօրյա կյանքում քաղաքացիները միմյանց կամ կազմակերպությունների հետ մտնում են տարբեր իրավահարաբերությունների մեջ։ Խանութից ուտելիք գնելը, կրպակից լրագրեր վերցնելը, քաղաքային տրանսպորտով երթևեկելը, կարդալու համար գրադարանից գիրք ստանալը, ընկերոջը որևէ իր նվիրելը և նման այլ գործողություններ դրանց մասնակիցների միջև առաջացնում են յուրատեսակ հարաբերություններ։ Այդ հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական իրավունքի նորմերով և կոչվում են քաղաքացիական իրավահարաբերություններ։

Քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակիցները ձեռք են բերում քաղաքացիական իրավունքներ և ստանձնում են քաղաքացիական պարտականություններ։

Գույքային և անձնական ոչ գույքային հարաբերություններն ընդգրկում են հասարակական հարաբերությունների մեծ շրջանակ։ Սակայն քաղաքացիական իրավունքը կարգավորում է այդ շրջանակի մի մասը միայն։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: