Հանրագիտարան

Քաղաքական լիդերություն

Հասարակության քաղաքական կյանքում քաղաքական էլիտայի գործունեությունը հիմնականում պայմանավորված է քաղաքական լիդերների առկայությամբ: Լիդերության հիմնահարցը քաղաքական մտքի պատմության ժամանակահատվածում եղել է հետազոտողների ուշադրության կենտրոնում:

 

Բոլոր ժամանակներում էլ քաղաքականության հիմնական հարցերից մեկն է հանդիսացել անհատի ունեցած դերակատարումը պատմության մեջ: Քաղաքագիտության մեջ հիմնականում գործել են 2 հակադիր բևեռներ: Առաջին մոտեցումը բացարձակեցնում է անհատի դերակատարումը պատմական իրադարձությունների և գործընթացների մեջ, իսկ երկրորդ մոտեցումը հիմնական շեշտը դնում է օբյեկտիվորեն ձևավորված պատմական նախադրյալների վրա, որոնք էլ թելադրում են անհատների վարքագիծը:
 
Լիդերության մակարդակները
 
Քաղաքականության մեջ լիդերությունը կարող է դրսևորվել մի քանի մակարդակում:
  • Լիդերության առաջին մակարդակը փոքր խմբի լիդերն է, որտեղ լիդերը կարողանում է իր շուրջը համախմբել մարդկանց, յանդիսանալ տվյալ խմբի ուղեղային կենտրոնը, ձևավորել տվյալ խմբի հիմնական պահանջմունքները և պաշտպանել խմբի շահերը, այլ խմբերի հետ հարաբերություններում:
  • Կազմակերպության, շարժման կամ կուսակցության լիդեր: Այս մակարդակում արդեն բացի լիդերի անձնական հատկանիշներից կարևորվում են նաև տվյալ կառույցի ունեցած հեղինակությունը և ճանաչելիությունը հասարակության շրջանում: Այս դեպքում լիդերությունը կարող է հանդես գալ ինստիտուտի տեսքով:
  • Քաղաքական լիդերի մակարդակ: Սա ավելի գլոբալ մասշտաբով ձևավորում է հասարակության ակնկալիքները, հանդես է գալիս ողջ ժողովրդի անունից, ի դեմս որի լիդերությունը վեր է ածվում սոցիալ-քաղաքական ինստիտուտի:
Եթե լիդերության առաջին մակարդակում ավելի կարևոր են համարվում մարդու անձնական որակները, ապա երկրորդ և երրորդ մակարդակներում առաջնային են հանդիսանում ինստիտուցիոնալ բաղադրիչները, տվյալ կառույցի կամ կազմակերպության լեգիտիմության աստիճանը հասարակության գիտակցության մեջ:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: