Հանրագիտարան

1949թ. Երևանում սկսեց երթևեկել առաջին տրոլեյբուսը

Երևանում տրոլեյբուսներն սկսել են երթևեկել 1949թ.-ի մարտի 18-ից: 1962 թվականից տրոլեյբուսներ են շահագործվել նաև Գյումրիում։

1986թ.-ին Երևանի տրոլեյբուսի ցանցի երկարությունը եղել է 256 կմ, երթուղիների թիվը՝ 25։ Ավտոբուսի համեմատությամբ տրոլեյբուսի մեծ տարողության շնորհիվ վերջինիս շահագործումն առավել արդյունավետ է լարված ուղևորահոսքեր ունեցող գծերում։

 

Տրոլեյբուսը քաղաքային անռելս էլեկտրական տրանսպորտային միջոց է։ Այն էներգիա է ստանում 500–600վ (սակավ 750վ) լարման հաստատուն հոսանքի ցանցից կոնտակտային հաղորդալարի միջոցով։ Ժամանակակից տրոլեյբուսը զարգացնում է 65-70կմ/ժ արագություն։ 
 
Այն ունի մի շարք առավելություններ տրամվայի (ռելսուղիների բացակայություն, թեթև և անաղմուկ ընթացք, վազանց կատարելու հնարավորություն) և ավտոբուսի (էլեկտրական քարշ, մթնոլորտն աղտոտող գազերի բացակայություն) նկատմամբ, սակայն չի կարող մանևրել ինչպես ավտոբուսը։
 
Տրոլեյբուսի ստեղծման և կիրառման աշխատանքներն սկսվել են դեռևս 19-րդ դարի 80-ական թվականներին Գերմանիայում։ ԽՍՀՄ-ում առաջին տրոլեյբուսներն ստեղծվել են 1933 թվականին, իսկ 1934 թվականին Մոսկվայում սկսվել է դրանց գործարկումը։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: