Հանրագիտարան

Ընտրական գործընթաց

Յուրաքանչյուր երկրում ընտրական գործընթացները կազմակերպվում են որոշակի օրինաչափություններից ելնելով: Ընտրական գործընթացի կազմակերպումը հանդիսանում է շատ կարևոր և պատասխանատու գործընթաց և այդ կարևոր գործընթացի կազմակերպումից է կախված տվյալ երկրի ժողովրդավարության աստիճանը:

Ընտրական գործընթացը կազմակերպվում է մի քանի փուլերով՝

  • ընտրությունների նշանակում,
  • ընտրատեղամասերի և ընտրական հանձնաժողովների ձևավորում: Նայած ընտրությունների տեսակից՝ ընտրատեղամասերը կարող են տարբեր լինել: Մեծամասնական ընտրությունների ժամանակ երկիրը բաժանվում է միամանդատ օկրուգների, որտեղից ընտրվում են պատգամավորներ: Միամանդատ օկրուգի դեպքում ընտրվում է միայն 1 պատգամավոր: Ընտրական հանձնաժողովների ձևավորումըհամարվում է առանցքային հիմնահարցերից մեկը: Գոյություն ունեն ընտրական հանձնաժողովների ձևավորման տարբեր կարգեր: Կարող են գործել պրոֆեսիոնալ ընտրական հանձնաժողովները, որի դեպքում ընտրական հանձնաժողովի անդամները չեն ներկայացնում որևէ քաղաքական ուժ կամ կուսակցություն: Ընտրական հանձնաժողովների ձևավորման մյուս կարգը ենթադրում է կուսակցական սկզբունքի կիրառում, որի դեպքում ընտրական հանձնաժողովի կազմը համալրվում է Խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներից: ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն ընտրական հանձնաժողովներում ներկայացված են ինչպես քաղաքական կուսակցությունների, այնպես էլ դատական դեպարտամենտների ներկայացուցիչներ: Առաջարկվող նոր ընտրական օրենսգրքի տարբերակում նախատեսվում է փոփոխություն մտցնել ընտրական հանձնաժողովների ձևավորման մեջ՝ կիրառելով աստիճանաբար դեպի պրոֆեսիոնալ ընտրական հանձնաժողովների անցնելու սկզբունքը: Մասնավորապես տեղային ընտրական հանձնաժողովը կարող է ձևավորվել կուսակցական սկզբունքով, իսկ կենտրոնական և ընտրատարածքային հանձնաժողովները՝ պրոֆեսիոնալ սկզբունքով:
  • ընտրացուցակների կազմում և ընտրողների գրանցում: Այս գործընթացը ՀՀ-ում հիմնականում իրականացնում են ոստիկանության անձնագրային բաժանմունքը:
  • թեկնածուների առաջադրման փուլ: Թեկնածուները կարող են ինքնառաջադրվել, կարող են առաջադրվել քաղաքացիական նախաձեռնության կողմից, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների և դաշինքների կողմից: Թեկնածուների առաջադրումից հետո սկսվում է նախընտրական քարոզչության փուլը:
  • նախընտրական քարոզչություն: Նախընտրական քարոզչությունը շատ երկրներում ունի ժամկետային սահմանափակումներ: ՀՀ-ում գործում է ընտրություններին նախորդող մեկամսյա ժամանակահատվածը:
  • քվեարկության կազմակերպում: Քվեարկությունները նույնպես ունեն ժամանակային սահմանափակում: Որոշ դեպքերում քվեարկություններ կարող են լինել նաև երկրի սահմաններից դուրս՝ օտարերկրյա պետություններում տեղակայված դիվանագիտական ներկայացուցչություններում, որը հնարավորություն է տալիս երկրի սահմաններից դուրս գտնվող քաղաքացիներին ևս մասնակցել ընտրություններին:
  • ձայների հաշվարկում և նախնական արդյունքների հրապարակում:
  • ընտրական արդյունքների վերջնական հրապարակում և հետընտրական գործընթացների կազմակերպում:
Հետընտրական գործընթացները որոշ դեպքերում կարող են երկար տևել: Ինստիտուցիոնալ առումով ընտրություններին մասնակցած կոմղերը կարող են բողոքարկել ընտրությունների վերջնական արդյունքները դատական տարբեր ատյաններում՝ ընդհուպ մինչև Սահմանադրական դատարան: Հետընտրական գործընթացները, բացի իրավական ճանապարհից կարող են ընթանալ նաև այլ ուղղություններով՝ հանգեցնելով քաղաքացիական անհնազանդության և քաղաքական ճգնաժամերի:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: