Հանրագիտարան

Ընտրական իրավունք

Ընտրությունների դերակատարումը հատկապես կարևորվում է դեմոկրատական բարեփոխումների ճանապարհին գտնվող պետությունների համար: Ընտրությունները այսօր հանդիսանում են միակ կարևոր մեխանիզմը, որը լեգիտիմացնում է իշխանությունը տվյալ երկրում:

Ընտրությունների միջոցով հնարավորություն է ստեղծվում առաջ քաշել նոր քաղաքական լիդերների, հասարակությունում շրջանառության մեջ դնել նոր քաղաքական ծրագրեր և գաղափարներ:Ընտրական իրավունքը մարդու կարևոր քաղաքական իրավունքներից մեկն է: Տարբերակվում են ընտրական իրավունքի 2 ձևեր՝

  • ակտիվ ընտրական իրավունք,
  • պասիվ ընտրական իրավունք:
Ակտիվ ընտրական իրավունքը քաղաքացիների ընտրելու իրավունքն է: Ժամանակի ընթացքում գոյություն են ունեցել ակտիվ իրավունքի տարբեր սահմանափակումներ: Օրինակ՝ գոյություն են ունեցել գույքային, տարիքային, սեռային և կրոնական սահմանափակումներ: Մինչև 19-րդ դարի կեսերը ընտրություններին հիմնականում մասնակցում էին որոշակի սոցիալական դիրք, ստատուս ունեցող մարդիկ, որոնք ունեին նաև որոշակի գույք: Հիմնավորումը կայանում էր նրանում, որ այդպիսի մարդիկ ավելի շահագրգռված են քաղաքականության մեջ մասնակցություն ունենալ: Սեռային սահմանափակումը վերացել է 20-րդ դարի 20-ական թվականներից: Շվեյցարիայում այն պահպանվում էր մինչև 1983թ. և միայն դրանից հետո այնտեղ թույլատրվեց կանանց մասնակցությունը ընտրական գործընթացներում: Շատ երկրներում գործում է նաև բարոյականության ցենզը. որոշ երկրներում թմրամոլները, մայրությունից զրկված կանայք կամ դատարանի կողմից ազատազրկման դատապարտված մարդիկ իրավունք չունեին մասնակցել ընտրական գործընթացներին: Ներկա պայմաններում ակտիվ ընտրական իրավունքի հիմնական սահմանափակումը տարիքային ցենզն է: Ակտիվ ընտրական իրավունքով մարդիկ օժտվում են 18 տարին լրանալուց հետո: Պասիվ ընտրական իրավունքը քաղաքացիների ընտրվելու իրավունքն է: Սրա համար նույնպես գործում են որոշակի սահմանափակումներ: Որպես կանոն, այս դեպքում սահմանվում է ավելի բարձր տարիքային շեմ: ՀՀ-ում համայնքի ավագանու անդամ ընտրվելու համար քաղաքացին պետք է լինի 21 տարին լրացած, ԱԺ-ի պատգամավոր կամ համայնքի ղեկավար (բացի Երևանից) ընտրվելու համար՝ 25 տարին լրացած, Երևանի քաղաքապետ ընտրվելու համար`   30 տարին լրացած և ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ՝ 35 տարին լրացած: Այս դեպքում գործում է նաև մշտական բնակության ցենզը`   ԱԺ-ի ընտրությունների համար՝ 5 տարվա, ՀՀ նախագահի ընտրությունների համար՝ 10 տարվա մշտական բնակության և ՀՀ քաղաքացիության ցենզը: ՏԻՄ ընտրությունների ժամանակ գործում է տվյալ համայնքում վեց ամիս հաշվառված լինելու ցենզը:
 
Ընտրական իրավունքի սկզբունքներ
 
Ընտրական իրավունքի տեսակներից բացի գործում են նաև ընտրական իրավունքի մի շարք սկզբունքներ, մասնավորապես առանձնացվում են՝
  • համընդհանրության սկզբունքը,
  • ուղղակիության սզբունքը,
  • գաղտնիության սկզբունքը,
  • հավասարության սկզբունքը:
Համընդհանրության սկզբունքը ենթադրում է, որ ընտրական իրավունքը տարածվում է ընտրական իրավունք ունեցող ողջ քաղաքացիների վրա և ընտրությունները անցնում են համընդհանուր սկզբունքներով երկրի ողջ տարածքում: Բացի համապետական ընտրություններից առանձին դեպքերում կարող են տեղի ունենալ նաև մասնակի ընտրություններ: Այս դեպքում ընտրությունները ընդգրկում են սահմանափակ տարածք և բնակչության միայն մի մասն է մասնակցում ընտրություններին: Ուղղակիության սկզբունքը ենթադրում է, որ քաղաքացիները իրենց քաղաքական կամքը արտահայտում են ուղղակի կերպով՝ մասնակցելով ընտրական գործընթացին և ուղղակիորեն ընտրելով այս կամ այն թեկնածուին: Գաղտնիության սկզբունքը ենթադրում է, որ քաղաքացին ընտրություն կատարելիս չպետք է կաշկանդված լինի որևէ հանգամանքով և նրա ընտրության համար պետք է ապահովված լինեն գաղտնիության բոլոր պայմանները: Հավասարության սկզբունքը ենթադրում է, որ անկախ սոցիալական և քաղաքական կարգավիճակից՝ յուրաքանչյուր ընտրող օժտված է հավասար ընտրական ձայնի իրավունքով, որի դեպքում գործում է "1 ընտրող = 1 ձայն" բանաձևը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: