Հանրագիտարան

Քաղաքական կուսակցությունների տիպաբանությունը

Քաղաքական կուսակցությունները իրենց բազմազանությամբ հանդերձ միմյանցից տարբերվում են և դասակարգվում են տարբեր չափանիշներով:

 

Կուսակցությունների դասակարգման ամենատարածված չափանիշներից մեկը գաղափարախոսությունն է: Շատ հաճախ կուսակցությունները իրենց անվանումը ստանում են ըստ իրենց որդեգրած գաղափարախոսության: Այս չափանիշով առանձնացվում են՝
  • Մարքսիստական
  • Սոցիալիստական
  • Կոմունիստական
  • Լիբերալ
  • Պահպանողական կամ Կոնսերվատիվ
  • Ազգայնական
  • Ֆաշիստական և այլ կուսակցություններ:
Հաջորդ չափանիշը սոցիալական կազմն է: Ըստ սոցիալական կազմի առանձնացվում են՝
  • Բանվորական
  • Գյուղացիական
  • Երիտասարդական
  • Մտավորականական և այլ կուսակցություններ:
Կուսակցությունների տիպաբանության հաջորդ չափանիշը նրանց գործունեության գործելաոճն է: Սրա հիման վրա առանձնացվում են 3 տիպի կուսակցություններ՝
  • Ավանգարդային
  • Նախընտրական
  • Պառլամենտական կուսակցություններ:
Ավանգարդային կուսակցությունները, որպես կանոն, որդեգրում են ակտիվ քաղաքական գործելաոճ: Նրանք կողմնակից են քաղաքական պայքարի կոշտ մեթոդների: Սրաքն իշխանության գալով, որպես կանոն, քաղաքական դաշտից դուրս են մղում իրենց քաղաքական հակառակորդներին և արագորեն սերտաճում են պետական բյուրոկրատական ապարատի հետ: Ավանգարդային կուսակցության դասական օրինակ է Բոլշևիկյան կուսակցությունը: Նախընտրական կուսակցությունները հիմնականում վարում են պասիվ քաղաքական գործունեություն: Նրանք հիմնականում ակտիվանում են ընտրությունների նախաշեմին՝ լուծելով տարբեր մարտավարական խնդիրներ, մասնավորապես, այս կուսակցությունները կարող են հրապարակայնորեն հայտարարություններ անել, աջակցել այս կամ այն թեկնածուներին, մեծամասնության իմիտացի ստեղծելու նպատակով: Պառլամենտական կուսակցությունները հիմնականում աչքի են ընկնում ակտիվ քաղաքական գործունեությամբ, գործում են մշտապես: Հիմնականում ներկայացված են լինում երկրի օրենսդիր մարմնում: Աչքի են ընկնում ճկուն քաղաքականությամբ և փոխզիջումների գնալու ընդունակությամբ: Սրանք առավել հաճախ ջևավորում էին կոալիցիոն կառավարություն: Կուսակցությունների դասակարգման հաջորդ չափանիշը ներքին կազմակերպական կառուցվածքի առանձնահատկություններն են: Այս չափանիշը առաջադրել է հայտնի ֆրանսիացի քաղաքագետ Մորիս Դյուվերժեն: Այս չափանիշի հիման վրա առանձնացվում են 2 տիպի կուսակցություններ՝
  • կադրային
  • մասսայական կամ զանգվածային:
Կադրային կուսակցությունները, որպես կանոն, ունեն ներքին կուսակցական թույլ օղակներ, անդամակցության բավականաչափ հեշտացված ընթացակարգ: Կադրային կուսակցություններում հիմնական ֆինանսական միջոցները ձևավորվում են նվիրատվությունների և բարեգործական հատկացումների հաշվին: Այստեղ կուսակցական վերնախավի որոշումները պարտադիր չեն կատարման կուսակցության բոլոր անդամների կողմից: Կադրային կուսակցություններում առանձնացվում են անհատների 3 շերտեր՝
  • ֆինանսիստներ, որոնք կուսակցության ընդհանուր քաղաքական կուրսի մեջ ներդնում են գումարներ:
  • փորձագետներ, որոնք ապահովում են կուսակցության սպասարկումը մասնագիտական առումով:
  • կարծիքի հեղինակություններ, որոնք ապահովում են կուսակցության հանրաճանաչությունը:
Կադրային կուսակցությունները, որպես կանոն, փոքրաքանակ են: Մասնագիտական գրականության մեջ, որպես կադրային կուսակցությունների դասական օրինակ են նշվում ամերիկյան Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունները: Ի տարբերություն կադրային կուսակցությունների, մասսայական կուսակցությունները ավելի բազմաքանակ են: Նրանք աչքի են ընկնում ներքին կազմակերպական խիստ կառուցակարգով: Ունեն կուսակցական ամուր օղակներ, սկզբնական բջիջներ, տեղական և ռեգիոնալ կուսակցական կազմակերպություններ: Մասսայական կուսակցությունների հիմնական ֆինանսական միջոցները ձևավորվում են անդամավճարների հաշվին: Այստեղ գործում է կուսակցության անդամակցության բարդ համակարգ, բարձր կուսակցական կարգապահություն, կուսակցական կոպուսի (վերնախավ) որոշումները պարտադիր են կատարման բոլոր անդամների համար: Մասսայական կուսակցության օրինակներ են Կոմունիստական և Սոցիալիստական կուսակցությունները: Կուսակցությունների դասակարգման հաջորդ չափանիշը քաղաքական դաշտում զբաղեցրած դիրքն է: Ըստ այս չափանիշի առանձնացվում են 3 տիպի կուսակցություններ՝
  • աջեր
  • ձախեր
  • ցենտրիստներ կամ կենտրոնամետներ:
Այս դասակարգման ավանդույթը գալիս է Ֆրանսիայից, երբ 19-րդ դարի սկզբներին ֆրանսիական սենատում, այն քաղաքական ուժերը, ովքեր նստած էին թագավորի աջ կողմում, նրանք աջերն էին և կողմնակից էին թագավորին, իսկ ովքեր ձախում էին՝ ընդդիմադիր էին, իսկ ովքեր կենտրոնում էին՝ չեզոք էին: Խորհրդային տարիներին աջերի և ձախերի դասակարգումը մի փոքր այլ տեսք ուներ: Մասնավորապես, կոմունիստները իրենց համարում էին աջեր, քանի որ հանդես էին գալիս գոյություն ունեցող կարգերի պահպանման օգտին, իսկ ժողովրդավարական բարեփոխումների կողմնակիցներին համարում էին ձախեր: Ժամանակակից պայմաններում քաղաքական դաշտի աջ թևն են կազմում լիբերալ-պահպանողական և ազգայնական կուսակցությունները, իսկ ձախ թևը՝ մարքսիստական, սոցիալիստական և կոմունիստական կուսակցությունները: Աջ և ձախ կենտրոններում հայտնվում են այն քաղաքական ուժերը, որոնք լոյալ են վերաբերվում գործող քաղաքական ուժերին, կողմնակից են համագործակցության և կոմպրոմիսների: Մասնավորապես, Ձախ-կենտրոնամետ քաղաքական կուսակցությունների թվին են պատկանում սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները, իսկ աջ-կենտրոնամետ՝ նեոպահպանողականները և այլն:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: