Առողջապահություն

Նենգ ինսուլտը

Ընդունված է կարծել, որ մարդկանց կյանքի տևողությունը կարճ է սիրտ-անոթային, ուռուցքային հիվանդությունների և այլ վնասակար սովորությունների պատճառով: Բայց պարզվում է, մահվան պատճառների շարքում «սրտայիններից» հետո այն մարդիկ են, ում առողջությունը խաթարվել է ինսուլտի պատճառով: Եվ այդ շարքում հաճախ են հայտնվում երիտասարդներն ու նույնիսկ հղի կանայք: Ինսուլտից խուսափել կարող է ամեն ոք, բայց ոչ բոլորն են կարողանում անհրաժեշտ ջանքերը գործադրել:
Ինչպիսի սխալներից է հարկ խուսափել
 
Ուշադրություն չդարձնել ձեռքի կամ ոտքի ընդարմացման վրա
 
Ինչով է դա վտանգավոր: Առանձին ձեռքի կամ ոտքի թուլությունը, աջ կամ ձախ ձեռքի ու ոտքի թուլությունը միասին կարող են ինսուլտի դրսևորման առաջին նշաններից մեկը լինել, այդ թվում`   գլխուղեղում արյան զեղման պատճառով: Երբեմն հնարավոր է նաև լիովին անշարժացում:
 
Երկրորդ կարևոր ախտանշանը խոսքի խանգարումն է (դժվարությամբ խոսելու զգացումից, երբ չի շարժվում բերանի անկյունը կամ դեմքի անհամաչափություն է լինում, մինչև խոսելու ընդունակության լրիվ կորուստ): Նենգությունը հատկապես այն է, որ այդ ախտանշանները կարող են մեկ դրսևորվել, մեկ էլ վերանալ. ձեռքը կամ ոտքը թուլացավ, բայց 10 րոպեից անցավ, և մարդը հանգստանում է:
 
Եվ բաց է թողնում տրանզիտոր իշեմիկ հարձակումը, որն, ըստ էության, այդ նույն ինսուլտն է: Այդ պատճառով էլ անմիջապես «շտապ օգնություն» զանգելը պարզապես անհրաժեշտ է, նույնիսկ, եթե մինչև բժշկի գալն արդեն լավ եք զգում, միևնույնն է, հարկ է նրան պատմել, թե ինչ է տեղի ունեցել և միջոցներ ձեռք առնել: Սովորական ինսուլտի դեպքում այդ ախտանշանները երկար ժամանակ են պահպանվում:   
 
Ինսուլտի դեպքում սիրտը չի ցավում, գլուխը նույնպես չի ցավում: Եվ, եթե սրտամկանի ինֆարկտի դեպքում մարդն ուժեղ ցավ է զգում, ապա ինսուլտի դեպքում գլխուղեղի անոթներում երկար տարիներ ախտաբանական ախտընթացներ են տեղի ունենում, որոնք մարդն ընդհանրապես չի զգում:  
 
Մտածել, որ այս հիվանդությունը միայն տարեցներին է ախտահարում, սխալ է: Իհարկե, տարիքի հետ ինսուլտ ստանալու ռիսկն ավելանում է, բայց վերջին ժամանակներս հիվանդությունը երիտասարդացել է: Պատճառները սովորական են՝ երիտասարդները ծխում են, չարաշահում են ալկոհոլը, մարմնի ավելորդ քաշ ունեն, առողջ կենսակերպով էլ առանձնապես աչքի չեն ընկնում:
 
Երիտասարդացել են նաև այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են շաքարային դիաբետը, զարկերակային հիպերտոնիան, շողացող առիթմիան, սրտի իշեմիկ հիվանդությունը, սրտային անբավարարությունը: Այս ամենը կարող է ինսուլտի պատճառ դառնալ: Դրա հետ մեկտեղ երիտասարդների մոտ կարող է ինսուլտի առանձնահատուկ պատճառ լինել`   ժառանգական արյան մակարդելիության խանգարում, միտրալ փականի պրոլապս:
 
Ինսուլտը կարող է զարգանալ նույնիսկ գրիպից հետո: Դա հազվագյուտ բարդություն է, բայց հնարավոր է: Ռիսկի խմբում են գտնվում նաև հղի կանայք: Հիմնական պատճառը զարկերակային արյան բարձր ճնշումն է և տրոմբների զարգացման հանդեպ հակումը: ԿՀասուն տարիքում ծննդաբերությունը նույնպես ռիսկի գործոն է: 
 
Բայց ինսուլտ ստանալու ռիսկի խմբում ամենամեծ տեղը գրավում են շողացող առիթմիայով հիվանդները, երբ սրտի խոռոչում միկրոտրոմբներ են ձևավորվում, որոնք կարող են պոկվել ու հասնելով գլխուղեղի անոթներին՝ խցանել դրանք: Շողացող առիթմիան կարող է մշտական հիվանդություն լինել:
 
Երբեմն էլ լինում է այնպես, որ սրտի ռիթմը նորմալ է լինում, իսկ խանգարումները պարբերաբար են տեղի ունենում: Սակայն հիվանդության ցանկացած ձևի դեպքում էլ ինսուլտի զարգացման ռիսկը միանման է: Շողացող առիթմիա ունեցող մարդկանց մոտ այն բարձրանում է նվազագույնը 5 անգամ, իսկ որոշ դեպքերում նույնիսկ մինչև 18 անգամ:  
 
Այդ պատճառով էլ ցանկացած ձևի դեպքում բժշկի նշանակած դեղպատրաստուկների ընդունումը պարտադիր է հենց ինսուլտի կանխարգելման համար: Կան նոր սերնդի դեղամիջոցներ (պերօրալ հակակոագուլյանտներ), որոնք հարմար են ներընդունման համար և հատուկ լաբորատորային հետազոտություններ չեն պահանջում արդյունավետության և անվտանգության վերահսկողության համար:
 
Դրանք 35%-ով նվազեցնում են ինսուլտի զարգացման ռիսկը և գրեթե 60%-ով բարդությունների`   ներգանգուղեղային արյան զեղման ռիսկը:
 
Դեղպատրաստուկներով կտրուկ իջեցնել արյան ճնշումը
 
Եթե մարդը զարկերակային արյան բարձր ճնշում ունի, ապա ճնշման կտրուկ իջեցումը նույքան վտանգավոր է, որքան և կտրուկ բարձրացումը: Զարկերակային հիպերտոնիայի դեպքում անոթները որպես կանոն փոփոխված ձև ունեն, արյունը դրանց միջով ճնշման տակ է հոսում: Եթե այդ ճնշումը նվազեցվի դեղամիջոցներով, արյան մատակարարումը կխախտվի:
 
Այդ պատճառով էլ անվերահսկելի, առանց բժշկի խորհրդի ճնշման դեմ դեղորայք ընդունելը վտանգավոր է: Հաճախ դրանք չի կարելի նաև քնելուց առաջ ընդունել: Նորմայում քնած ժամանակ արյան ճնշումն ինքնուրույն իջնում է: Եթե այն նաև դեղորայքով իջեցվի, ապա լուրջ վնաս հասցնելու հավանականությունը մեծ է: Այդ պատճառով էլ ամեն անգամ արյան բարձր ճնշման դեմ դեղամիջոց ընդունելը սխալ է. հարկ է բժշկի հետ դեղամիջոց ընդունելու հստակ սխեմա մշակել:  
 
Ինչպես կանխարգելել ինսուլտը
 
Ի տարբերություն ուռուցքաբանական հիվանդությունների`   ինսուլտը հնարավոր է կանխարգելել պահպանելով պարզ կանոններ.
 
Սահմանափակել աղի օգտագործումը
 
Այն բարձրացնում է արյան ճնշումը: Կատարյալ տարբերակն առանց աղի սնունդն է: Մթերքի մեջ բնական աղի պարունակություն կա: Բայց դա դժվար է: Հաղթահարելու համար հարկ է առաջինը սեղանից վերցնել աղամանը: Սահմանափակել կամ նվազագույնի հասցնել մարինացված ու պահածոյացված ուտեստը: Աղի պարունակությունը մեծ է երշիկեղենի և տորթերի մեջ: 
 
Հայտնագործություն արած չենք լինի, եթե ասենք, որ հարկ է շատ միրգ ու բանջարեղեն օգտագործել: Դրանք արյան բարձր ճնշումը նվազեցնում են մինչև 5 մմ սնդ. սյ.: Իսկ նույնիսկ 2 մմ իջեցումն ինսուլտի ռիսկը պակասեցնում է 10%-ով: Նորման օրական 5 չափաբաժինն է: Մեկ բաժնի մեջ մտնում է 1 բաժակ հյութ, 1 միջին չափի բանջարեղեն կամ միրգ, 1 ափսե կտրտած բանջարեղեն, ևս այդքան շոգեխաշած կամ եփած բանջարեղեն: 
 
Հրաժարվել համեմունքներից
 
Դրանք բարձրացնում են սննդի յուրացման արագությունը և Դուք շատ արագ քաշ եք հավաքում:
 
Ֆիզիկական ծանրաբեռնվածություն
 
Արդյունավետ է շաբաթը 3-4 անգամ 30-60 րոպե քայլել, վազել, լողալ, դահուկով կամ չմուշկով սահել, խաղալ, քան շաբաթը մեկ անգամ 3 ժամ ֆիթնեսով պարապել: Ամենալավն աստիճաններով բարձրանալ-իջնելն է՝ անտեսելով վերելակը: Ինչպես նաև շաբաթը երկու անգամ ուտել անյուղ ձուկ ցանկալի է առանց աղի կամ շատ քիչ աղով պատրաստված:
 
Սկզբնաղբյուր`   Առողջապահության լրատու

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: