Հանրագիտարան

Հանրապետություն

Հանրապետությունը կառավարման համակարգ է, որն իրենից ներկայացնում է տվյալ երկրում իշխանության ձևավորման և ժողովուրդ-իշխանություն փոխհարաբերությունների համակարգ:

Ըստ կառավարման համակարգի պետությունները լինում են՝

   1. հանրապետություններ,
   2. միապետություններ:
 
Հանրապետություն
 
Հանրապետական կառավարման համակարգի պարագայում իշխանությունը ձևավորվում է ուղղակի կամ անուղղակի ընտրությունների միջոցով, որի դեպքում ժողովուրդը մասնակցում է իշխանության ձևավորման գործընթացին: Առանձնացվում են հանրապետական կառավարման համակարգի 3 տեսակներ՝
  • նախագահական,
  • պառլամենտական,
  • խառը կամ կիսանախագահական:
Նախագահական կառավարման համակարգի դեպքում գործում է երկմանդատ կառավարման համակարգը, երբ և նախագահը, և խորհրդարանը ընտրվում են ժողովրդի կողմից: Այստեղ նախագահը հանդիսանում է պետության գլուխը, ինչպես նաև գործադիր իշխանության ղեկավարը, նրան է վերապահված կառավարության ձևավորման իրավունքը և կառավարությունը իր գործունեության համար ավելի շատ հաշվետու է նախագահի առջև, քան պառլամենտի: Նախագահական հանրապետություններին բնորոշ է օրենսդիր և գործադիր իշխանությունների անկախ գործակցությունը, ինչ նշանակում է, որ նախագահը իրավունք չունի ցրել պառլամենտը, իսկ պառլամենտը չի կարող անվստահություն հայտնել կառավարությանը, սակայն գոյություն ունեն փոխադարձ վերահսկման և հակակշռման մեխանիզմներ, մասնավորապես, նախագահը կարող է վետո դնել պառլամենտի ընդունած օրենքների վրա, իսկ խորհրդարանը իր հերթին կարող է գործի դնել իմփիչմենթի (անվստահություն հայտնելու) գործընթացը:
 
Խորհրդարանական կամ պառլամենտական հանրապետություններում կառավարության ձևավորման իրավունքը պատկանում է խորհրդարանին: Խորհրդարանական ընտրություններից հետո մեծամասնություն ստացած քաղաքական ուժը կամ մի քանի քաղաքական կուսակցություններ, կոալիցիոն սկզբունքով, ձևավորում են կառավարություն և կառավարությունը իր գործունեության համար հիմնականում հաշվետու է լինում խորհրդարանի առջև: Խորհրդարանական հանրապետություններում կարող է գործել նախագահի պաշտոնը, որը ընտրվում է խորհրդարանի կողմից, որոշակի ժամկետով: Նա հանդիսանում է պետության գլուխը, սակայն նա իրականացնում է զուտ ներկայացուցչական լիազորություններ և օժտված չէ իրական գործադիր լծակներով: Խորհրդարանական հանրապետություններում, որպես կանոն, կառավարությունները ավելի հաճախ են փոփոխության ենթարկվում և կայուն կառավարման տեսանկյունից ավելի խոցելի են, սակայն ներկայացուցչական դեմոկրատիայի ապահովման տեսանկյունից՝ ավելի ընդունելի:
 
Կիսանախագահական կառավարման համակարգերը նույնպես շատ տարածված են: Կիսանախագահական հանրապետությունները բաժանվում են 2 խմբի՝
  • նախագահական-խորհրդարանական,
  • խորհրդարանական-նախագահական:
Առաջինի պարագայում նախագահը ավելի մեծ լիազորություններ ունի կառավարության ձևավորման գործընթացում: Նա կարող է ձևավորել կառավարություն, նշանակել վարչապետին, իսկ խորհրդարանը արդեն երկրորդ փուլում կառավարության հաստատման ժամանակ կարող է անվստահություն հայտնել կառավարությանը: Այդպիսի կարգ էր գործում ՀՀժում մինչև սահմանադրական բարեփոխումները՝ 2005թ. նոյեմբերի 27-ին: Սահմանադրության բարեփոխումներով կառավարության ձևավորման գործընթացում խորհրդարանի դերը ավելի մեծացավ: Բարեփոխված սահմանադրությամբ նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական խումբ-խմբակցությունների հետ խորհրդակցելուց հետո, պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձի: Ռուսաստանի Դաշնությունում, որը նույնպես կիսանախագահական հանրապետություն է, վարչապետի թեկնածությունը նախագահը առաջարկում է ՊետԴումային, որն էլ քվեարկում է վարչապետի օգտին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: