Հանրագիտարան

Սողոմոն Թեհլերյանն սպանեց Թալեաթին

Սողոմոն Թեհլերյանը հայ ազգային-ազատագրական շարժման մասնակից և ազգային հերոս է, ով ի կատար է ածել Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի՝ Թալեաթի մահավճիռը:

Սողոմոն Թեհլերյանը ծնվել է 1896 թվականին Բագառիճում՝ Արևմտյան Հայաստանում, ուր ստացել է իր նախնական կրթությունը։ Ապա ուսումը շարունակել է Երզնկայի Կենտրոնական ուսումնարանում, որն ավարտել է 1912 թվականին և 1913թ.-ին փոխադրվել է Սերբիա։

 

Առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուն պես նա մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական շարժմանը Անդրանիկի գնդում։ 1915 թվականին Թեհլերյանը վերապրել է Ցեղասպանությունը, ինչն անդառնալիորեն փոխել է նրա կյանքը:

 

1921 թվականին Թեհլերյանը մասնակցել է Դաշնակցության «Նեմեսիս» գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազկակերպիչներից մեկին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարել է Թալեաթին և ձերբակալվել:

 

1921թ. հունիսի 2-ին գերմանական դատարանն անմեղ է ճանաչել Սողոմոն Թեհլերյանին։ Նրան պաշտպանել են երեք դատապաշտպաններ, որոնցից մեկը Քիլի համալսարանի օրենսդրության պրոֆեսոր, բժիշկ Թեոդոր Նիմայերն էր։

 

Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945թ.-ից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960թ. մայիսի 23-ին։ Ի հիշատակ Թեհլերյանի՝ հուշարձաններ են կանգնեցվել Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում։

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: