Հանրագիտարան

Բագրատունյաց թագավորության թուլացումը

Գագիկ Ա-ն Հայոց տերության վերջին հզոր թագավորն էր: Նրա մահից հետո անջատողական ձգտումներն իրենց զգալ տվեցին անգամ Անիի թագավորությունում:

Արքայական իշխանության համար պայքարը Գագիկ Ա-ի որդիների միջև վերաճեց զինված ընդհարման, որին միջամտեցին հարևան պետությունները: Ի վերջո հայոց սպարապետ Վահրամ Պահլավունու և վրաց թագավորի միջամտությամբ եղբայրները հաշտվեցին: Ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը, որին պաշտպանում էր պալատական վերնախավը, ժառանգեց գահը՝ ստանալով Անի քաղաքը, Շիրակը և հարևան գավառները: Կրտսեր եղբայր Աշոտ Դ-ին բաժին ընկան Անիի թագավորության հարավային և արևելյան շրջանները: Հովհաննես-Սմբատի մահվանից հետո Աշոտը ժառանգելու էր նրա տիրույթները: Փաստորեն Անիի թագավորությունը մասնատվեց, իսկ նրա ենթակա թագավորությունները գործնականում անկախ դարձան: Բագրատունիների տերությունը դադարեց գոյություն ունենալուց:

Ստեղծված դրությունից չհապաղեց օգտվել Բյուզանդիան՝ միացնելով իրեն Տայքը: Վրացիների և հայերի կողմից Տայքը հետ գրավելու փորձը ձախողվեց, և բյուզանդական զորքերը ավերեցին վրացական թագավորությունները՝ հաշվեհարդար տեսնելով բնակչության հետ: 1022թ. վրաց թագավորություններն ստիպված էին Տրապիզոնում հաշտության բանակցություններ սկսել բյուզանդացիների հետ: Քանի որ Հովհաննես-Սմբատը մասնակցել էր Տայքի համար մղվող պայքարին, բանակցություններին Անիի թագավորության կողմից մասնակցեց հայոց Պետրոս Գետադարձ կաթողիկոսը: Նա պատկանում էր բյուզանդամետ հոսանքին: Եվ երբ Վասիլ Բ կայսրը պահանջեց, որ Անիի թագավորությունը հանձնվի կայսրությանը, Հովհաննես-Սմբատը, կաթողիկոսի ճնշման ներքո, ստորագրեց մի խայտառակ կտակ, որով իր տիրույթներն իր մահից հետո պետք է անցնեին Բյուզանդիային: Դրանով Հովհաննես-Սմբատի թագավորությունը հայտնվեց կործանման եզրին:
 
Բյուզանդիան մինչ այդ Հայաստանում հասել էր նշանակալից հաջողությունների: 966թ. կայսրությունը իրեն էր միացրել Տարոնը, շատ չանցած նաև Մանազկերտը՝ ավերելով այն և վերջ տալով կայսիկների արաբական ամիրայությանը, 1001թ.՝ Տայքը, իսկ 1021թ.՝ Վասպուրականի թագավորությունը: Վասպուրականի Հովհաննես-Սենեքերիմ թագավորը, նեղվելով թուրք քոչվորներից, ստիպված համաձայնել էր իր տիրույթների փոխարեն հողեր ստանալ Սեբաստիա քաղաքի շրջակայքում: Թագավորի հետ Սեբաստիա գաղթեցին նրա 14 հազար զինվորներն իրենց ընտանիքների հետ: Բյուզանդացիները չկարողացան ընկճել միայն Սասունի իշխանությունը: Դիվանագիտական ճանապարհով հաջողության չհասնելու դեպքում կայսրությունը դիմում էր զենքի:
 
Աղբյուր`   Lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: