Հանրագիտարան

Սևանա լճի ճակատամարտը

921 թ. Աշոտ Բ-ն իր փոքրաթիվ զորաջոկատով ամրացավ Սևանա կղզում: Արաբական զորքերի հրամանատար Բեշիրը փորձեց գրավել կղզին, սակայն Աշոտ Բ-ն մի մառախլապատ օր նավակներում տեղավորեց իր լավագույն ռազմիկներին և, դեռ ափ չհասած, հանկարծակի սկսեց ուժգնորեն նետահարել արաբներին:

Հայոց թագաժառանգի այդ անակնկալ համարձակ գործողությունը խուճապի մատնեց արաբներին: Խուճապահար նահանջող թշնամու վրա հարձակվեց Գևորգ իշխանի ջոկատը և մի նոր ջարդ տվեց նրան: Գևորգ իշխանի այդ համարձակ քայլն իր արտացոլումն է գտել Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում:

Սևանի փայլուն հաղթանակից հետո հայկական զորաբանակները Աշոտ Բ-ի և նրա եղբայր Աբասի գլխավորությամբ արաբներից ազատագրեցին կենտրոնական Հայաստանի մեծ մասը: Այնուհետև նրանք հաղթանակ տարան նաև Թիֆլիսի արաբական ամիրայության նկատմամբ:
 
Բյուզանդիան փորձում էր Հայաստանի և Վրաստանի ուժերը ուղղել արաբների դեմ: Ուստի, երբ Աշոտ Բ-ն 921թ. մեկնեց Կոստանդնուպոլիս, բյուզանդացիներն անմիջապես դաշինք կնքեցին նրա հետ:
Արաբները, համոզվելով, որ Հայաստանը զենքի ուժով այլևս չեն կարող իրենց ենթարկել, ստիպված դիմեցին զիջումների, որպեսզի Հայոց թագավորությունը չանցնի Բյուզանդիայի կողմը: 922թ. խալիֆը Աշոտ Բ-ին թագ ուղարկեց և ճանաչեց նրան Հայաստանի շահնշահ, այսինքն՝ արքայից արքա: Դրանով արաբները ճանաչեցին Աշոտ Երկաթի գերակայությունը տեղական մյուս բոլոր արքայիկների նկատմամբ: Արքայական այս բարձր տիտղոսը Անիի Բագրատունիները կրեցին մինչև թագավորության անկումը:
 
Ամրապնդելով իր իշխանությունը՝ Աշոտ Բ-ն կարճ ժամանակամիջոցում վերջնականապես հնազանդեցրեց կենտրոնախույս իշխաններին: Գագիկ Արծրունին, որը մինչ այդ հասկացել էր իր արարքի կորստաբեր լինելը և հեռացել արաբներից, ընդունեց Բագրատունիների գերիշխանությունը՝ բավարարվելով Վասպուրականի թագավոր տիտղոսով:
 
Այսպիսով, Հայաստանի անկախության և Հայոց տերության պահպանման համար մղվող պայքարն ավարտվեց հայերի վերջնական հաղթանակով: Հայաստանի անկախությունը նվաճված էր, իսկ Բագրատունյաց տերությունը վերականգնված: Հայոց թագավորները, որ շարունակում էին կրել «Տիեզերակալ, թագավոր Հայոց և Վրաց» տիտղոսը, շարունակեցին պահպանել իրենց իշխանության ներքո այսրկովկասյան երկրները մինչև հայոց Գագիկ Ա թագավորի գահակալության վերջը:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: