Հանրագիտարան

Երկրի անկախության ամրապնդումը: Հայոց տերության ստեղծումը միջնադարում

Աշոտ Ա-ն, որպես փորձված պետական գործիչ և զորավար, մեծ ուշադրություն էր դարձնում առաջին հերթին երկրի պաշտպանությանը: Նա քայլեր ձեռնարկեց հայկական տարածքներն իր իշխանության ներքո միավորելու համար:

Սակայն այդ հարցում թագավորը հանդիպում էր ուժեղ դիմադրության: Նա ճնշեց Վանանդի իշխանների ելույթը և Վանանդ գավառը Կարս բերդաքաղաքով միացրեց իր տիրույթներին: Կարսը վերակառուցվեց և դարձավ հայոց սպարապետների աթոռանիստը: Ավելի բարդ էր Վասպուրականի Արծրունի և Սյունիքի Սյունի իշխանական տների խնդիրը: Դրանք իրենց կարողությամբ և ռազմական ուժով քիչ էին զիջում Բագրատունիներին: Սակայն Աշոտ Ա թագավորին հաջողվեց խաղաղ ճանապարհով, խնամիական կապեր հաստատելով, ավատատիրական այս հզոր տները ևս ենթարկել իր իշխանությանը:

Հայոց թագավորն իր իշխանությանը ենթարկեց Վասպուրականի, Գուգարքի, Սյունիքի, Արցախի հայկական իշխանությունները, ինչպես նաև Հայաստանի հարավի արաբական ամիրայությունները: Դրանով հայկական հողերի մեծ մասը միավորեց մեկ պետության մեջ:
 
Հաջող արշավանքներով Աշոտ Ա-ն ծանր հարվածներ հասցրեց կովկասյան լեռնականներին, որոնք ասպատակում էին Վիրքը և Աղվանքը: Մինչ այդ նրա ազդեցության տակ հայտնված այդ երկրներն ընդունեցին Աշոտի իշխանությունը: Հայոց թագավորությունն ընդարձակվեց՝ տարածվելով մինչև Կովկասյան լեռնաշղթա: Փաստորեն հիմք դրվեց Հայ Բագրատունիների տերությանը:
Աշոտին հաջորդեց նրա որդի Սմբատ Ա-ն (890-914), որը շարունակեց հոր ճկուն դիվանագիտությունը՝ բարեկամական հարաբերություններ պահպանելով Բյուզանդիայի և Արաբական խալիֆայության հետ: Նրա օրոք Հայկական տերության սահմաններն ավելի ընդարձակվեցին: Սմբատն իրեն ենթարկեց Աբխազաց (Արևմտավրացական) թագավորությունը և հյուսիսկովկասյան մի շարք ցեղերի՝ կայազորներ հաստատելով թե' այդ երկրներում և թե' Ալանաց դռներում: Իրեն հզոր արքայից արքա զգալով՝ նա թագավորական թագ տվեց վրաց Ատրներսեհ իշխանին և Հայոց Արևելից կողմերի Համամ իշխանին, իսկ իրեն հռչակեց «Տիեզերակալ, թագավոր Հայոց և Վրաց»: Նրա օրոք երկիրը տնտեսապես բարգավաճում էր, ամենուրեք ծավալվում էր խաղաղ շինարարություն:
 
Պետության կենտրոնացման և հզորացման այս քաղաքականությունը հանդիպում էր ոչ միայն որոշ հայ խոշոր ավատատերերի, այլև խալիֆայության համառ դիմադրությանը:
Իր դիրքերն ամրապնդելու նպատակով Սմբատ Ա-ն 893թ. բարեկամության և առևտրական նոր պայմանագիր կնքեց Բյուզանդիայի հետ: Խալիֆայությունը և Ատրպատականում ձևավորված Սաջյան ամիրայությունը թշնամաբար էին վերաբերվում հայկական պետության հզորացմանը: Ավելին, Բյուզանդիայի հետ կնքած պայմանագիրն առիթ դարձնելով՝ Սաջյան ամիրայի զորքերը ներխուժեցին Հայաստան: Արագածոտն գավառի Դողս գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում արաբները ծանր պարտություն կրեցին:
 
Չկարողանալով զենքով հաջողության հասնել՝ Սաջյան ամիրաները փոխեցին իրենց քաղաքականությունը: Նրանք Հայոց տերությունը թուլացնելու համար դիմեցին հայ իշխանների միջև երկպառակություն սերմանելուն: Շուտով հարմար առիթը ներկայացավ: Վասպուրականի և Սյունիքի իշխանների միջև վեճ առաջացավ Նախճավան քաղաքի համար: Սմբատն այդ վեճը լուծեց հօգուտ Սյունյաց իշխանների: Թագավորից դժգոհ Գագիկ Արծրունին բանակցություններ սկսեց Ատրպատականի Նոր ամիրա Յուսուֆի հետ: Վերջինս անմիջապես միջնորդեց խալիֆի առաջ՝ Սմբատի փոխարեն Հայոց թագավոր ճանաչելու Գագիկ Արծրունուն: Խալիֆն առանց հապաղելու թագ ուղարկեց, և 908թ. Յուսուֆը Գագիկ Արծրունուն թագադրեց որպես Հայոց թագավոր: Նրան վերապահվեց նաև Հայաստանից հարկեր հավաքելու իրավունքը: «Բաժանիր և տիրի՛ր» քաղաքականությամբ արաբները ձգտում էին ավելի խորացնել հայ ազդեցիկ իշխանների տարաձայնությունները և արգելակել Հայոց տերության հետագա վերելքը:
 
Յուսուֆը, Բագրատունիների թագավորությանն ընդմիշտ վերջ տալու նպատակով, Գագիկ Արծրունու հետ համատեղ հարձակվեց Սմբատի զորքերի վրա: Դժբախտաբար, Գագիկ Արծրունուց բացի, Յուսուֆի կողմն անցան նաև մի շարք այլ հայ իշխաններ: Հայոց թագավորության համար ստեղծվեց ծանր կացություն: Ձախողվեց բյուզանդական կայսեր զինական օգնությունը Սմբատին: Հայոց թագավորը մնաց առանց դաշնակիցների՝ արաբական վտանգին դեմ հանդիման: Սմբատ Ա-ն ստիպված եղավ մի փոքր զորագնդով ամրանալ Կապույտ բերդում: Սակայն մեկ տարվա համառ դիմադրությունից հետո, փորձելով կանխել երկրի հետագա ավերումը, նա անձնատուր եղավ: Յուսուֆը, հակառակ իր խոստումներին, հայոց թագավորին կալանավորեց և ուղարկեց Դվինի բանտ: Նախճավանի Երնջակ բերդն այդ ժամանակ հերոսաբար դիմադրում էր արաբներին: Յուսուֆը Սմբատին տարավ այնտեղ, որպեսզի նա բերդի պաշտպաններին զենքը վայր դնելու հրաման արձակի: Սակայն թագավորը բերդապահներին միայն դիմադրությունը շարունակելու կոչ արեց, ինչը նրան մահապատժի ենթարկելու առիթ ծառայեց (914թ.): Արաբները թագավորի մարմինը Դվինում խաչի վրա գամեցին ժողովրդի վրա ահ ու սարսափ տարածելու նպատակով:
 
Արաբների ավերիչ արշավանքի և կողոպտիչ քաղաքականության հետևանքով խախտվեց երկրի բնականոն կյանքը: Երկրում սով սկսվեց, որը տևեց մի քանի տարի: Նոր ստեղծված հայկական տերությունը կանգնեց անկախությունը կորցնելու լուրջ վտանգի առաջ:
 
Յուսուֆը հույս ուներ, որ Սմբատի մահապատժից հետո հայերը ծնկի կգան: Սակայն տեղի ունեցավ հակառակը: Հայ ժողովուրդը ոտքի ելավ թշնամու դեմ իր անկախությունը պաշտպանելու համար: Այդ պայքարը գլխավորեց Սմբատ Ա-ի ավագ որդի Աշոտ Բ-ն (914-928), որին ժողովուրդը Երկաթ մականունը տվեց խիզախության և տոկունության համար: Աշոտ Երկաթը, հոր վրեժն առնելու և երկիրն ազատագրելու համար, հավատարիմ մնացած զորագնդերի գլուխ անցած, ոչնչացրեց կամ դուրս վռնդեց երկրի կարևոր բերդերում ամրացած արաբական զորագնդերը: Յուսուֆն էլ իր հերթին բռնությունների ենթարկեց անգամ իր կողմն անցած հայ իշխաններին, որոնք նոր միայն հասկացան, թե ինչ ճակատագրական սխալ են թույլ տվել՝ անցնելով արաբների կողմը: Հասկանալով, որ օրհասական պահին փրկությունը միասնության մեջ է, նրանք աստիճանաբար համախմբվեցին Աշոտ Բ-ի շուրջը:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: