Հանրագիտարան

Վաճառքի հանվեցին առաջին բարբի տիկնիկները

Խաղալիքներն ու տիկնիկները կարող են փոխել մարդկության կյանքը, ավելին՝ նոր էջ բացել պատմության մեջ, դառնալ ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների սիրելին: Այդպես 1950-ական թթ. բացվեց բարբի տիկնիկի էջը, որի մեջ գրվեցին զարմանալի պատմություններ:

Բարբիի «մայրիկը» Ռութ Հենդլերն էր: 40-ականներին նա իր ամուսնու հետ բացեց նկարների փայտե շրջանակներ արտադրող կազմակերպություն: Մի օր էլ Ռութը մտածեց. «Իսկ ինչու՞ դուրս նետել փայտի մնացորդները, եթե դրանցից կարելի է, օրինակ՝ մանկական կահույք պատրաստել»:

Բանն այն է, որ Ռութի աղջիկ Բարբարան շատ էր սիրում խաղալ իր տիկնիկների հետ և տարբեր տուփերից օրորոցներ ու սեղաններ էր պատրաստում նրանց համար, մայրիկն էլ հաճույքով հետևում էր նրա «շինարարական աշխատանքներին»:
 
Ահա այդպես էլ Ռութ Հենդլերն սկսեց մանկական կահույքի արտադրությունն ու շուտով հասկացավ, որ փոքրիկ օրորոցները և պահարաններն ավելի լավ են վաճառվում, քան փայտե շրջանակները: Մի քանի տարի անց Ռութը Շվեյցարիայում մի յուրօրինակ տիկնիկ տեսավ, որին կոչում էին Լիլի:
 
Տիկնիկը շիկահեր էր և ավելի շատ ոչ թե մանկական խաղալիք էր հիշեցնում, այլ երիտասարդ կնոջ: Տիկնիկն այնքան դուր եկավ Ռութին, որ նա գնեց Լիլիի հեղինակային իրավունքներն ու վարձելով լավագույն արվեստագետ-նկարիչների և ճարտարագետների՝ պատվիրեց տիկնիկին դարձնել էլ ավելի գեղեցիկ ու հմայիչ:
 
Երբ տիկնիկը պատրաստ էր, Ռութը հրավիրեց թվով 100 տարբեր տարիքի մայրիկների և աղջիկների և ցուցադրեց նոր տիկնիկը՝ խնդրելով կարծիք հայտնել: Գրեթե բոլոր մայրերն ասացին, որ բարբին շատ բնական տեսք ունի, և այսպիսի տիկնիկի հետ խաղալը կարող է լուրջ ազդեցություն թողնել երեխաների հոգեկան աշխարհի վրա:
 
Իսկ բոլոր երեխաները միաձայն հայտարարեցին, որ իրենք հենց այսպիսի տիկնիկ են ուզում: Ռութը որոշեց լսել երեխաներին: Նա տիկնիկին կոչեց իր դստեր՝ Բարբարայի անունով, ու սկսվեց իսկական բարբիմանիան: Տիկնիկին սկսեցին հագցնել ամենատարբեր հագուստներ, նա հսկայական զգեստապահարան ուներ:
 
Բարբիի համար հագուստներ էին կարում աշխարհահռչակ դիզայներները: Զգեստապահարանին ավելանում էր նաև տիկնիկի մանկական կահույքը, որն արդեն վաղուց արտադրում էր Ռութ Հենդլերը: Ռութը որոշեց չսահմանափակվել 1 տիկնիկով:
 
Այսօր տիկնիկն ունի քույրեր, եղբայրներ, ընկերուհիներ, անգամ՝ տատիկ և պապիկ: Բարբիին հասցրել են նաև ամուսնացնել Քենի հետ: Քենին կոչել էին այդպես Ռութ Հանդլերի որդու անունով: Բարբիի բոլոր բարեկամների համար էլ, իհարկե, նախատեսված են առանձին զգեստապահարաններ, մեքենաներ և զարդեր:
 
Իրականում, սակայն, Ռութ Հենդլերի աղջիկը՝ Բարբարան, այնքան էլ ուրախ չէր այս ամենի համար, չէ՞ որ նրան անդադար համեմատում էին տիկնիկի հետ: Այսօր բարբի տիկնիկները հայտնի են ողջ աշխարհում: Անգլիայում կա Բարբիի փողոց, Հավայան կղզիներում՝ Բարբիի թանգարան:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: