Հանրագիտարան

Ամբերդ ամրոց

Ամբերդը միջնադարյան բերդաքաղաք և ամրոց էր, որը կառուցվել է (X դար) պատմական Արագածոտն գավառում`   Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս`   (Արագած լեռան հարավային լանջին) Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում`   եռանկյունաձև հրվանդանին, 2 300 մ բարձրության վրա։

Միջնադարյան Հայաստանի ամրոցաշինության սկզբունքային գծերն իրենց վառ արտահայտությունն են գտել այս ամրոցում: Դղյակը և պարսպի որոշ հատվածներ կառուցվել են VII դարում, Կամսարականների օրոք։ (X դար) Ամրոցը պատկանում էր Պահլավունի իշխաններին և Բագրատունիների թագավորության ռազմապաշտպանական կարևոր հենակետերից էր։ Ամբերդը իր նշանակությունը կորցրեց թուրք-թաթարական արշավանքներից հետո և ամայացավ Լենկթեմուրի օրոք`   XIV դարի վերջերին։ Ամբերդի եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին 1026 թվականին։ Առաջին եկեղեցիներից է, որոնք խաչթևերի չորս անկյուններում ունեն կրկնահարկ ավանդատներ: Դղյակից հարավ, արևելյան պարսպի մոտ գտնվում է ամրոցի լավ պահպանված բաղնիքը (X-XI դարեր)։ Բաղնիքի մոտ պահպանվել են փոքրիկ մատուռի ավերակներ։ Բերդապարիսպների բուրգերը կառուցվել են տեղանքի առանձնահատկություններից ելնելով, որ ճանապարհների նկատմամբ մուտքերի հաշվենկատ դիրքավորման հետ ստեղծել են պաշտպանական անառիկ մի համակարգ։ Արտաքուստ անմատչելի ամրոց հիշեցնող եռահարկ դղյակը տեղադրվել է բերդաքաղաքի հյուսիս-արևմտյան, ամենաբարձր և միակ մատչելի մասում և ընդգրկել մոտ 1 500 մ² մակերես։ Ամբերդի պեղումները երևան են բերել մետաղե իրեր, զենքեր, զարդեր, խեցեղեն, ապակի, դրամներ և այլն։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: