Հանրագիտարան

Իմաստասիրությունը (փիլիսոփայությունը) վաղ միջնադարյան Հայաստանում

V դ. սկսած մեծ հաջողությունների է հասնում հայ իմաստասիրությունը: V դ. հեղինակ Եզնիկ Կողբացին, որ Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից էր, նշանավոր իմաստասեր էր:

Սկզբում նա իր ուսուցչի հետ զբաղվել է թարգմանական գործունեությամբ, ավելի ուշ գրել է «Եղծ աղանդոց» (Աղանդների հերքումը) աշխատությունը, որտեղ հիմնավոր հերքում է հեթանոսությունը, պարսից զրադաշտական կրոնը և պաշտպանում քրիստոնեական վարդապետությունը: Զրադաշտական կրոնի կտրուկ մերժումն ուղղված էր պարսից արքունիքի կողմից հայերին ձուլելու փորձերի դեմ: Բարձրացնելով և մեծարելով քրիստոնեությունը՝ Եզնիկ Կողբացին անուղղակիորեն պաշտպանում էր հայ ժողովրդի ազգային-մշակութային ինքնությունը:

Վաղ միջնադարի ամենանշանավոր փիլիսոփան Դավիթ Անհաղթն է, որն իր ուսումը ստացել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Նա ուսումնասիրել է հույն իմաստասերներ Պլատոնի ու Արիստոտելի գործերը և իր «Սահմանք իմաստասիրության» («Իմաստասիրության սահմանումը») նշանավոր երկում մեկնել ու զարգացրել է հույն խոշոր իմաստասերների գաղափարները՝ Հայաստանում տարածելով նրանց ուսմունքները: Բանավեճերի մեջ եղել է անհաղթելի, որի համար էլ ստացել է Անհաղթ մականունը: Նա մեծ հռչակ էր վայելում ոչ միայն հայ, այլև հույն և հռոմեացի իմաստասերների շրջանում:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: