Հանրագիտարան

748-750թթ.ապստամբությունը: 762թ. ապստամբությունը Վասպուրականում

VIII դ. կեսերին Արաբական խալիֆայությունը ծվատվում էր գահակալական հուժկու կռիվներից: Այս իրավիճակից փորձեցին օգտվել հայերը: Բռնկվեց ապստամբություն, որի գլուխ անցան Գրիգոր և Դավիթ Մամիկոնյան եղբայրները:

Դավիթը շուտով խալիֆի հրամանով ձերբակալվեց և մահապատժի ենթարկվեց: Ապստամբությունը ղեկավարեց Գրիգորը, որի շուրջը համախմբված նախարարների ճնշման ներքո նրանց միացավ սպարապետ և Հայոց իշխան Աշոտ Բագրատունին: Ապստամբները միմյանց հավատարիմ լինելու երդում տվեցին և շարժվեցին Տայք, որտեղ հույս ունեին օգնություն ստանալ Պոնտոսում գտնվող բյուզանդական ուժերից: Սակայն Տայքում ի հայտ եկան ապստամբների երկու խմբավորումների հակասությունները: Եթե Մամիկոնյանները ձգտում էին բյուզանդական ուժերի միջոցով տապալել արաբական տիրապետությունը, ապա Բագրատունիները հանձին Հայոց իշխանի, հնարավոր չէին համարում ուժեղ թշնամու դեմ հաղթանակը: Նրանք արտաքին ուժերից օգնություն ստանալու հույսեր չէին փայփայում և ձգտում էին զիջումների գնով երկրում քիչ թե շատ տանելի վիճակ ստեղծել:

Այդ հակասություններն Աշոտ Բագրատունուն հարկադրեցին իր կողմնակիցների հետ Տայքից հեռանալ ու հաստատվել Բագրևանդում: Գրիգոր Մամիկոնյանը հետապնդեց նրանց, ձերբակալեց Հայոց իշխանին և կուրացնել տվեց: Աշոտ Բագրատունին փաստորեն հեռացավ քաղաքական ասպարեզից: Շուտով անակնկալ մահացավ Գրիգոր Մամիկոնյանը, ինչն էլ արաբներին թույլ տվեց 750թ. ճնշել ապստամբությունը:
 
762թ. Վասպուրականը ենթարկվեց արաբական ավազակախմբերից մեկի հարձակմանը, որի դեմ իրենց փոքրաթիվ ուժերով ելան Սահակ և Համազասպ Արծրունի եղբայրները: Անհավասար կռիվներում նրանք քաջաբար զոհվեցին՝ թշնամուն պատճառելով մեծ կորուստներ: Պայքարը շարունակեց նրանց կրտսեր եղբայր Գագիկը: Նա իր հեծյալներով հետապնդեց ավազակներին, ձերբակալեց նրանց ղեկավարին և կոտորեց արաբների մեծ մասին: Գագիկ Արծրունին իր շուրջը համախմբեց Վասպուրականի իշխաններին, հաստատվեց Նկան անառիկ ամրոցում և մեկ տարի շարունակ հաջողությամբ հետ էր մղում արաբների հարձակումները: Չկարողանալով ուժով տիրել ամրոցին՝ թշնամին խաղաղություն առաջարկեց և նենգորեն ձերբակալեց անվեհեր իշխանին:
 
Աղբյուր`  Lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: