Հանրագիտարան

1918թ. ստորագրվեց Բրեստի պայմանագիրը

Բրեստի հաշտության պայմանագիրն ստորագրվել է մի կողմից Քառյակ միության, մյուս կողմից՝ Խորհրդային Ռուսաստանի միջև: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Խորհրդային Ռուսաստանի առաջին քայլն արտաքին քաղաքականության մեջ դարձավ խաղաղության մասին դեկրետը, որը հրապարակվեց 1917 թվականի հոկտեմբերի 26-ին Խորհուրդների երկրորդ Համառուսաստանյան համագումարի ժամանակ: Դեկրետի հեղինակն էր Լենինը: Դեկրետում առաջարկվում էր բոլոր պատերազմող երկրներին անմիջապես սկսել բանակցություններ «արդար դեմոկրատական աշխարհ» ստեղծելու համար։

1917 թվականի նոյեմբերի 9-ին Լենինը ելույթ ունեցավ ռադիոյով և կոչ արեց զինվորներին բանակցություններ սկսել հակառակ ճամբարի զինվորների հետ, որի հետևանքով ռազմաճակատներում սկսվեցին «զինվորական հաշտություններ»: Դրանով Լենինը և իր կողմնակիցները ձգտում էին իրականացնել համաշխարհային սոցիալիստական հեղափոխություն: Այդ կոչերից անմիջապես հետո սկսվեցին ցույցեր Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում:

 

Այն բանից հետո, երբ Անտանտի երկրները մերժեցին հաշտության մասին դեկրետը, Խորհրդային Ռուսաստանը գնաց բանակցությունների Քառյակ միության երկրների հետ: 1917 թվականի դեկտեմբերի 9-ին Բրեստում սկսվեցին հաշտության բանակցություններ Խորհրդային Ռուսաստանի, Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի և Թուրքիայի մասնակցությամբ:
 
Խորհրդային պատվիրակությունը գլխավորում էր Իոֆֆեն: Խորհրդային պատվիրակության գլխավոր առաջարկներն էին զորքերի դուրս բերումը գրավված տարածքներից, ազատություն այն ազգերին, որոնք զրկվել էին դրանից պատերազմի ընթացքում, հրաժարում բոլոր տեսակ ռազմատուգանքներից և նման այլ պայմաններ: Գերմանական պատվիրակությունը երկար ժամանակ քննեց պայմանները և մշակեց սեփական ծրագիրը, որը բխում էր իր իսկ շահերից:
 
Դրանք էին՝ միացնել Գերմանիային Մերձբալթիկան և մասնատել Լեհաստանը: Բացի դա Գերմանիան ձգտում էր պահպանել Ռուսաստանից գրավված տարածքները, որպիսի օտագործեր Ռուսաստանի տնտեսական ռեսուրսները: Դրանով իսկ Գերմանիան հաղթանակած էր դուրս գալիս պարտված պատերազմից: Այս ծրագիրն սկզբնապես գաղտնի էր պահվում:
 
Համաձայնելով ռուսական առաջարկի հետ՝ Քառյակ միության երկրներն արեցին հետևյալ հայտարարությունը, որ իրենց համար ընդունելի կլինի Ռուսաստանի առաջարկը, եթե նա տա երաշխիք, որ պատերազմին մասնակից տերությունները կընդունեն այս պայմանները: Դրանով Գերմանիան ցույց էր տալիս, որ հաշտություն հնարավոր չէ. Գերմանիան համոզված էր, որ Անտանտի երկրները համաձայն չեն լինի այդ պայմաններով պայմանագրին:
 
Այս հարցերի լուծման համար հայտարարվեց 10-օրյա ընդմիջում: Դեկտեմբերի 17-ին Խորհրդային իշխանությունն Անտանտի երկրներին կոչ արեց ազատություն շնորհել հպատակության տակ գտնվող երկրներին՝ ելնելով ազգերի ինքնորոշման սկզբունքից՝ օրինակ բերելով Ֆինլանդիան, Ուկրաինան և Բելառուսիան: Դրանով նրանք նաև փորձում էին իրականացնել իրենց ծրագրերը համաշխարհային սոցիալիստական հեղափոխության շուրջ։
 
Տեսնելով, որ Անտանտի երկրները համաձայն չեն հաշտության հետ, 1917-թվականի դեկտեմբերի 27-ից Խորհրդային իշխանությունը միայնակ սկսեց բանակցությունները Գերմանիայի հետ: Այժմ արդեն Խորհրդային պատվիրակության ղեկավարն էր արտաքին գործերի ժողկոմ Տրոցկին: Գերմանական պատվիրակությունը դրեց սեղանին մի քարտեզ, որով սահմանն անցնում էր արևելյան Մոոնզունդյան արշիպելագով և Ռիգայով, արևմտյան Դվինայով և շարունակվում էր մինչ Բրեստ-Լիտովսկ: Բրեստ-Լիտիվսկի հարավային սահմանը որոշվելու էր Գերմանական և Ուկրաինական կենտրոնական Ռադայի միջև բանակցությունների միջոցով:
 
Ճիշտ է, Սովետների Համաուկրաինական առաջին համագումարը երկիրը հռչակել էր խորհրդային, սակայն Տրոցկին հայտարարեց՝ չունի անհամաձայնություն, որ ուկրաինական պատվիրակությունը մասնակցի բանակցություններին: Դրանով իսկ Ռուսաստանը զրկվում էր Լեհաստանից, Լիտվայից, Կուռլանդիայից և այլ տարածքներից: 1918 թվականի հունվարի 27-ին Քառյակ միության երկրները Ուկրաինայի Կենտրոնական Ռադայի հետ եկան համաձայնության, որ նրանց Ուկրաինան պետք է տրամադրի սննդամթերք ռազմական օգնության փոխարեն:
 
Նույն երեկո Խորհրդային Ռուսաստանին տրվեց վերջնագիր գերմանական պահանջները կատարելու ու սահմանները մինչև Նարվա, Պսկով, Դվինյա հասցնելու համար: Հունվարի 28-ին Տրոցկին պատասխանեց վերջնագրին, որ Ռուսաստանը պայմանագիրը չի ստորագրում, դադարեցնում է պատերազմը և դուրս է բերում զորքերը: Փետրվարի 18-ին Քառյակ միությունն անցավ հարձակման ամբողջ արևելյան ճակատով: Ռուսական բանակները չկարողացան դիմադրել այդ հարձակմանը և արդեն փետրվարի 19-ին համաձայնեցին ստորագրել հաշտությունը:
 
Գերմանացիները շարունակեցին հարձակումը և միայն փետրվարի 22-ին համաձայնեցին հաշտության՝ հարկադրելով ավելի ծանր պայմաններ քան նախկինում: Մտածելու համար Խորհրդային պատվրակությանը տրվեց 48 ժամ: Քննարկումից հետո կուսակցության կենտրոնը համաձայնեց ստորագրել պայմանագիրը և Բրեստ-Լիտովսկ ուղարկեց Սոկոլնիկովին պայմանագիրը ստորագրելու համար: Պայմանագիրը ստորագրվեց 1918 թվականի մարտի 3-ին, որն ուղղակի խայտառակություն էր Ռուսաստանի համար: Հարկ է նշել, որ Տրոցկին և մյուսները լավ գիտակցում էին Գերմանիայի հարձակման հետևանքները և գիտեին, որ իրենք չեն կարող դիմադրել:
 
1918 թվականի մարտի 6-8-ը տեղի ունեցած ՌԿբԿ 7-րդ համագումարում, որտեղ քննվում էր Բրեստի հարցը, Լենինը հանդես եկավ հայտարարությամբ, որ հաշտությունը կապիտուլացիա չէ, այլ ժամանակավոր մանևր, իշխանություն և ժամանակ շահելու համար: Լենինին կողմ քվեարկեցին կուսակցության մեծ մասը: Մարտի 15-ի սովետների 4-րդ արտակարգ համագումարում ընդունվեց Բրեստի հաշտությունը, որի համաձայն՝ Ռուսաստանից կտրվեցին Մերձբալթիկան և Բելոռուսիայի մի մասը, Կովկասում Թուրքիային անցավ Կարսը, Արդահանը, Բաթումը:
 
Ուկրաինան և Ֆինլանդիան հռչակվեցին ինքնավար հանրապետություններ, և պետք է Կարմիր բանակի զորքերը դուրս բերվեին այնտեղից: Ռուսաստանը զրկվեց իր տարածքի 1 մլն. քռ. կմ տարածքից, որտեղ ապրում էր բնակչության շուրջ կեսը, և տնտեսության 1/3-ը ևս տեղակայված էր այստեղ: Կարմիր բանակը դուրս էր բերվում այդ տարածքներից ռազմածովային ուժերի հետ միասին: Մաքսային հարցում վերականգնվում էր 1904 թվականի իրավիճակը հոգուտ Գերմանիայի:
 
Ռուսական զորքերի դուրս բերումը Արևելյան ճակատից հնարավորություն տվեց Գերմանիային անցնել հարձակման հարավային ուղղությամբ 1918 թվականի մարտի 21-ից մինչև հունիսի 17-ը, սակայն մեծ հաջողությունների չհասան, այլ հակառակը՝ Անտանտի երկրները որդեգրեցին անդադար հարձակումների մարտավարությունը և ի վերջո հաղթեցին նրան: Բրեստի խայտառակ հաշտությունը լրացվեց 1918 թվականի օգոստոսի 27-ի Բեռլինի համաձայնագրով, որով Ռուսաստանը Գերմանիային էր տալիս 6 մլրդ. մարկ ռազմատուգանք:
 
1918 թվականի նոյեմբերի 9-ին Գերմանիայում տեղի ունեցավ հեղափոխություն, որից հետո նոյեմբերի 13-ին Բրեստի հաշտությունը չեղյալ համարվեց: Բրեստի հաշտությունը, որը մեծ վնասներ հասցրեց Ռուսաստանին, հնարավորություն տվեց բոլշևիկներին քաղաքական իշխանությունը իրենց ձեռքում պահել և մաքրել քաղաքական հակառակորդներին իշխանությունից: Խոսքը վերաբերում է ձախ էսեռներին, որոնք դուրս եկան իշխանությունից նաև Բրեստի հաշտության շուրջ ծագած հակասությունների պատճառով: Սա էր նաև պատճառը, որ Ռուսաստանում սկսվեց քաղաքացիական պատերազմ, ինչի պատճառով էլ մեծ թվով մարդկանց արյուն թափվեց:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: