Հանրագիտարան

Ազգային գրականության ձևավորումը: Գեղարվեստական արձակ, բանաստեղծություններ

Հայ պատմագիրների երկերը նշանակալից չափով նաև գեղարվեստական գործեր են: Այդ առումով հատկապես առանձնանում է Եղիշեի աշխատությունը:

Գեղարվեստական մեծ շնչով է Եղիշեն ներկայացնում Վարդան Մամիկոնյանին, Ավարայրի ճակատամարտը և շատ այլ իրադարձություններ: Ոչ պակաս հետաքրքրությամբ է ընթերցվում Փավստոս Բուզանդի պատմածն արքայազներ Գնելի, Տիրիթի և Փառանձեմ թագուհու մասին, որոնց Տիգրան Չուխաջյանը նվիրել է իր «Արշակ Բ» օպերան:

Մեծ զարգացում է ապրում վարքագրությունը, որի թեման քրիստոնեական սրբերի սխրագործություններն են, կրած տանջանքները, հալածանքները և նահատակությունները: Սրբերի կենսագրությունները հայտնի են «վարք» անունով: Այդպիսի մի գեղեցիկ պատմություն է Վարդան Մամիկոնյանի դուստր Շուշանիկի վարքը: Շուշանիկը Գուգարաց բդեշխ Վազգենի կինն էր, որից զրադաշտականություն ընդունած ամուսինը պահանջում էր հետևել իրեն և ընդունել պարսից կրոնը: Շուշանիկին չեն ընկճում ոչ երկաթե կապանքներն ու բանտը, ոչ տանջանքները, և նա, չուրանալով քրիստոնեությունը, սպանվում է ամուսնու կողմից:
 
Հին հայ բանահյուսության բազմաթիվ նմուշներ պահպանվել են հայ մատենագիրների և, հատկապես, Մովսես Խորենացու երկերում: Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո լայն տարածում են ստանում հոգևոր երգերը կամ շարականները:
 
Աղբյուր`   Lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: