Հանրագիտարան

Ներսեհապատի ճակատամարտը: Ապստամբության հետագա ընթացքը

Պարսկական բանակը Հայաստան ներխուժեց հարավ-արևելքից: Հայկական շուրջ 30-հազարանոց բանակը թշնամուն ընդառաջ ելավ Վահան Մամիկոնյանի հրամանատարությամբ:

Հակառակորդները միմյանց հանդիպեցին Ավարայրից ոչ հեռու, Արտազ գավառի Ներսեհապատ գյուղի մոտ: Ճակատամարտից առաջ քաջալերիչ խոսքով հայ զորականներին դիմեց Հովհաննես կաթողիկոսը: Զորքի հրամանատարներին վերջին ցուցումները տվեց սպարապետը: Մարտն սկսվեց վաղ առավոտյան՝ թշնամու կատաղի գրոհով: Հայոց բանակի աջ թևի զինվորները չդիմացան և նահանջեցին: Բայց անսասան մնաց կենտրոնական զորագունդը, որին շուտով օգնության հասան ձախ թևի զինվորները և սպարապետի գլխավորած հեծելազորը: Հայոց զորքի մի մասն անցավ պարսիկների թիկունքը և խառնաշփոթ առաջացրեց նրանց շարքերում: Իսկ երբ հարձակման անցավ նաև հայոց աջ զորաթևը, պարսիկներն անկանոն փախուստի դիմեցին և ծանր կորուստներով պարտվեցին:

Հաղթանակած հայոց զորքը հանգստի համար մեկնեց Ծաղկոտն գավառի Վարշակի ջերմուկների մերձակայքում գտնվող իր ամառային զորակայանը, սակայն հանգիստ առնել չհաջողվեց: Շուտով գույժ ստացվեց Վախթանգ թագավորից, թե պարսկական մի խոշոր բանակ մտել է Վիրք և շարժվում է դեպի երկրի խորքը: Նա խնդրում էր հայերի օգնությունը: Ապստամբության ղեկավարները որոշեցին օգնել հարևաններին: Հայոց բանակը Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ շարժվեց դեպի Վիրք և բանակ դրեց Կուրի ափին՝ Ճարմանայնի դաշտում: Մի քանի օր հետո տեղ հասավ և դիմացի ափին դիրքեր գրավեց պարսից բանակը: Հայ-վրացական զորքերն սպասում էին հոների օգնությանը, բայց նրանք այդպես էլ չեկան:
 
Հայ-վրացական բանակում միասնություն չկար: Նախարարների մի մասը զգուշանում էր, որ հաղթանակի դեպքում ավելի կուժեղանա Վահան Մամիկոնյանի ազդեցությունը: Վրացի նախարարներն, իրենց հերթին, չէին ցանկանում, որ ամրապնդվեն Վախթանգ թագավորի դիրքերը: Ուստի պարսիկներին հաջողվեց մարտից առաջ իրենց կողմը գրավել որոշ հայ ու վրացի նախարարների և ջլատել հայ-վրացական ուժերը: Աննպաստ պայմաններում տեղի ունեցած ճակատամարտում հայ-վրացական բանակը ծանր պարտություն կրեց: Ի թիվս շատերի զոհվեցին մարզպան Սահակ Բագրատունին և սպարապետի եղբայր Վասակ Մամիկոնյանը:
 
Վահան Մամիկոնյանը վերադարձավ Հայաստան և հաստատվեց Դվինում: Պարսիկները շրջապատեցին քաղաքը՝ հույս ունենալով վերջնականապես ծնկի բերել ապստամբներին: Սակայն հայոց սպարապետը փոքրաթիվ ուժերով հանդուգն հարձակմամբ ճեղքեց պաշարումը և անցավ Տայք: Նա իր անորսալի ջոկատներով ամեն անգամ անսպասելի հարձակումներ էր գործում և խուճապի մատնում հակառակորդին: Պարսից զորքերն այդպես էլ չկարողացան վճռական ճակատամարտի մեջ ներքաշել և պարտության մատնել հայոց սպարապետին: Հայ շինականներն ամեն կերպ օգնում էին ապստամբներին՝ ձախողելով պարսկական զորքերի պլանները:
 
Աղբյուր`   Lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: