Հանրագիտարան

Ճարտարապետություն

Ճարտարապետությունը (լատիներեն architectura) շենքեր, կառույցներ, ինչպես նաև դրանց համակարգով մարդու կյանքի ու գործունեության համար գեղեցիկի օրենքներով, հարմարավետ տարածական միջավայր ստեղծելու արվեստ է։ Նրա գեղարվեստական կերպարները նշանակալի դեր են խաղում հասարակության հոգևոր կյանքում։

 

Ճարտարապետությունն արտադրության (արդյունաբերական ճարտարապետություն՝ գործարանների, ֆաբրիկաների, էլեկտրակայանների շենքեր) և հասարակության կենսապայմանների (քաղաքացիական ճարտարապետություն՝ բնակելի տներ, հասարակական շենքեր) անհրաժեշտ մասն է: Ճարտարապետության գործառնական, կառուցվածքային ու գեղագիտական հատկանիշները (օգտակարություն, ամրություն, գեղեցկություն) փոխկապակցված են: Քաղաքների և գյուղերի կազմավորումն ու տարաբնակեցման ողջ համակարգը կարգավորում է քաղաքաշինությունը, որը ճարտարապետության անբաժանելի մասն է: Ճարտարապետության մեջ գեղարվեստական կերպարի ստեղծման հիմնական միջոցները տարածության ձևավորումն ու արխիտեկտոնիկան (կառուցման արվեստ) են: Հատկապես կարևոր են կառույցի մասշտաբայնությունը և բաղադրամասերի ու ամբողջի համամասնությունը, ինչպես նաև ճարտարապետական կոմպոզիցիան (հորինվածք)՝ գործառնական և կառուցվածքային պահանջներին համապատասխան ձևերի ամբողջական գեղարվեստաարտահայտչական համակարգը: 
 
Ճարտարապետական հնագույն կառույցներ՝ կացարաններ և արհեստական բնակատեղիներ, ստեղծվել են նախնադարում: Մեգալիթյան կառույցները (մեծածավալ քարերով կերտված պաշտամունքային կառույցներ՝ մենհիրներ, դոլմեններ, կրոմլեխներ) քարերի ուղղաձիգ և հորիզոնական համադրություններն են (Ստոունհենջի կրոմլեխը՝ Մեծ Բրիտանիայում):
Պետությունների կազմավորմանը զուգընթաց՝ երևան են եկել քաղաքատիպ բնակավայրերը, կառուցվել են ոռոգման համակարգեր և Աստծու ու աստվածացված տիրակալների հզորությունը խորհրդանշող կառույցներ [Եգիպտոսում՝ Գիզայի բուրգերը, Կառնակի և Լուքսորի տաճարները, Ասորեստանի և Բաբելոնի զիկկուրատները (պաշտամունքային բրգաձև շինություն), Հին Իրանի պալատները և այլն]: Հին Հունաստանում ստեղծվել է քաղաք-պետությունների (պոլիս) համակարգ: Տաճարը քաղաքի պաշտամունքային և ճարտարապետական հորինվածքի կենտրոնն  էր, որը կառուցվում էր ակրոպոլիսի (միջնաբերդ) բարձունքին: Դասական տաճարի կատարելության տիպ է պերիպտերը (սյուներով եզերված կառույց), օրինակ՝ Աթենքի Պարթենոնը: Հին Հռոմում կարևորվել են հանրապետության (հետագայում՝ կայսրության) հզորությունը խորհրդանշող կառույցները, կիրառվել են կամարային և թաղային կառուցվածքները (կոնստրուկցիա, Պանթեոն տաճարը):
 
Ճարտարապետությունը բարձր մակարդակի է հասել Վերածննդի դարաշրջանում. սկզբնավորվել է XV դարում, Իտալիայի Տոսկանա մարզի քաղաքներում (Ֆլորենցիա, Պիզա, Լիվոռնո, Կառարա) և զարգացել XV–XVI դարերում՝ Արևմտյան ու Կենտրոնական Եվրոպայի բազմաթիվ երկրներում (Ֆրանսիա, Նիդեռլանդներ, Գերմանիա, Անգլիա, Իսպանիա): 
XIX դարի 2-րդ կեսին Եվրոպայում ու ԱՄՆ-ում կապիտալիստական կարգերի ամրապնդմամբ և արդյունաբերության զարգացմամբ էին պայմանավորված քաղաքների արագ աճը, արտադրության նոր տեսակների, առևտրական, տրանսպորտային և այլ կառույցների երևան գալը:
XIX դարի վերջի – XX դարի սկզբի ճարտարապետության մեջ նկատելի են տարբեր ոճերի համադրումը (էկլեկտիկա) և նոր ուղղությունների`   մոդեռն, կոնստրուկտիվիզմ, նոր դասականություն (նեոկլասիկա) և այլն առաջացումը:
Նոր ժամանակների ճարտարապետության մեջ գեղարվեստական-հորինվածքային խնդիրները դարձել են առավել կարևոր և վճռորոշ, իսկ շինարարական տեխնիկայի զարգացումն ու կատարելագործումը (շարժական ծածկեր, երկակի կորության թաղեր և այլն) նոր հնարավորություններ են բացել համարձակ մտահղացումներ իրագործելու համար: Ժամանակակից ճարտարապետությունը բնութագրվում է զարգացման ուղղությունների բազմազանությամբ, առանձին շենքերի փոխարեն իշխում են քաղաքաշինական կազմավորումները, դառնում են ավելի հարմարավետ և հուսալի, շեշտվում են կառույցների ու համալիրների արտաքին տեսքը`   վերասլաց են, աստիճանաձև, հաճախ ոչ ուղղաձիգ ծավալներով ու ձևերով, քաղաքաշինական համալիր խնդիրների ամբողջական և ավարտուն լուծումներով:
Նոր ժամանակներում ճանաչված ճարտարապետներ Լը Կորբյուզեն, Ֆրանկ Լլոյդ Ռայթը, Միս Վան դեր Ռոեն, Վալտեր Գրոպիուսը, Օսկար Նիմեյերը, Քենձո Թանգեն, Ալվար Աալտոն, Էրո Սաարինենը, Լուիս Կանը, Ժորժ Կանդիլիսը և ուրիշներ ստեղծել են  ճարտարապետական արժեքներ, որոնք մեծապես նպաստել են մշակութային առաջընթացին:
Հայկական ճարտարապետությանը բնորոշ են զարգացման բարձր մակարդակը, գեղարվեստական հարուստ ավանդույթները և հատկապես ազգային ինքնատիպությունը, որը, բացի բնական պայմաններից, կացութաձևից և ժողովրդական ակունքներից, պայմանավորված է նաև տեղական շինանյութերի, հատկապես տուֆի բազմազանությամբ ու գեղարվեստաֆիզիկական հատկանիշներով:
 
Հայկական ճարտարապետության հնագույն փուլն ընդգրկում է մ. թ. ա. IV–I հազարամյակները. պահպանվել են քարեդարյան անձավներ, պղնձեդարյան և բրոնզեդարյան բնակատեղիներ, դամբարանադաշտեր, մեգալիթյան կառույցներ, բերդշեներ, ժայռափորագրություններ: 
 
Հին փուլն ընդգրկում է կազմավորված հայկական պետականության ժամանակաշրջանի՝ մ. թ. ա. VI–III դարերի՝ ստրկատիրական կացութաձևի ճարտարապետությունը: Այդ ժամանակաշրջանը կարևորվում է հատկապես հայկական մշակույթի և Հայկական լեռնաշխարհում բնակվող այլ ցեղերի մշակույթների փոխառնչությամբ: Այս փուլի հիմնական պաշտամունքային կառույցները հեթանոսական մեհյաններն ու տաճարներն էին, որոնց տեղերում հետագայում կառուցվեց քրիստոնեական վաղ շրջանի շինությունների զգալի մասը: 
 
Վաղ միջնադարը (IV–VII դարեր) հիմնականում հայկական մոնումենտալ ճարտարապետության ազգային նկարագրի ձևավորման (IV–V դարեր) և հասունության ու կատարելության (VI–VII դարեր) շրջաններն են: 
 
Զարգացած միջնադարյան փուլը, ըստ ընդունված պարբերացման, ընդգրկում է IX դարի վերջից մինչև XIV դարը՝ IX–XI և XII–XIV դարերի ենթափուլերով: IX–XI դարերում զարգացման բարձր մակարդակի է հասել քաղաքաշինությունը (Անի, Դվին, Կարս, Վան և այլն), ստեղծվել են վանական համալիրներ (Տաթև, Սևան, Գնդեվանք, Հոռոմոս, Խծկոնք, Հաղպատ, Սանահին և այլն): XII–XIV դարերում ընդլայնվել են եղած համալիրները, ստեղծվել նորերը, կատարելագործվել է քաղաքաշինական արվեստը, հարստացել են արտահայտչամիջոցները, շինարարական-կառուցվածքային հնարքները, կարևորվել է աշխարհիկ շենքերի (գրատուն, սեղանատուն, հյուրանոց-կարավանատուն), ճարտարագիտական և պաշտպանական կառույցների շինարարությունը, կազմավորվել են ճարտարապետական դպրոցներ Սյունիքում, Վասպուրականում, Գուգարքում, Արցախում և այլուր: 
 
Միջնադարյան հայկական ճարտարապետության վերջին փուլն ընդգրկում է XVII–XVIII դարերը. երևան են եկել նոր հատկանիշներ քաղաքաշինության և բնակարանային ճարտարապետության ոլորտներում, մասամբ պակասել են կառույցների մոնումենտալությունը, գեղարվեստական արտահայտչականությունը:
 
Նոր փուլի (XIX դարից մինչև XX դարի առաջին երկու տասնամյակներ) ճարտարապետությանը բնորոշ են մերձեցումը ռուսական մշակույթին և քաղաքաշինության (Երևան, Ալեքսանդրապոլ, Գորիս, Նոր Բայազետ և այլն) զարգացումը՝ դասականության ու կանոնավոր հատակագծման սկզբունքների կիրառմամբ: Եթե միջնադարյան ճարտարապետության նախորդ փուլերում բնակավայրի դիմագիծը բնորոշողը պաշտամունքային կառույցների ճարտարապետությունն էր, ապա նոր փուլում առաջնային են դարձել քաղաքաշինությունը և ժողովրդական տան ճարտարապետությունը: 
 
Նորագույն փուլը խորհրդահայ ճարտարապետության շրջանն է՝ 1920–90 թթ., երբ գյուղական և քաղաքային բնակավայրերում ծավալվել է զանգվածային բնակարանաշինություն, կառուցվել են ուսումնական, մշակութային, կոմունալ-կենցաղային սպասարկման օբյեկտներ, հաղորդակցուղիներ (կոմունիկացիա) և ենթակառուցվածքներ, բարելավվել են բնակավայրերի սանիտարահիգիենային պայմանները, կարևորվել բնապահպանական խնդիրները:
 
Արդի փուլի (1990-ական թվականների սկզբից)՝ Հայաստանի երրորդ հանրապետության ճարտարապետությանը բնորոշ են որոշակի որակական փոփոխությունները, տիպային և նորմատիվային պահանջների մեղմացումը, նոր շինանյութերի, կառուցվածքների ու տեխնոլոգիաների կիրառումը, ճարտարապետական ազգային ավանդույթների և համաշխարհային փորձի զուգադրումը:
 
Հայկական ճարտարապետությունը խարսխված է ազգային մշակույթի հարուստ ավանդույթների վրա: Կարևոր են նաև այլ ժողովուրդների հետ մշակութային շփումներն ու փոխազդեցությունները: Հայրենի (Թորոս Թորամանյան և ուրիշներ) և օտար (Դյուբուա, Շառլ Դիհլ, Յոզեֆ Ստրժիգովսկի, Նիկողայոս Մառ և ուրիշներ) հեղինակներից շատերը նշել են հայկական միջնադարյան ճարտարապետության ազդեցությունը Արևմտյան Եվրոպայի ճարտարապետության վրա: Հայկականն էլ իր հերթին ազդեցություն է կրել այլ երկրների ճարտարապետությունից, ինչպես մ. թ. ա. III դարում՝ հայկական հելլենիզմի շրջանում՝ Հին Հունաստանի ճարտարապետությունից. լավագույն օրինակը հունա-հռոմեական պերիպտեր տիպի Գառնիի տաճարն է (I դար): 
Հայկական ճարտարապետության հուշարձաններից Զվարթնոցը, Գեղարդավանքը, Հաղպատը, Սանահինը, Նորավանքն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում»: 
Պետականության բացակայության պայմաններում, նաև ճակատագրի բերումով, հայ ժողովուրդը սփռվել է աշխարհով մեկ, հայոց շինարվեստի ավանդույթները տարածելով նաև գաղթավայրերում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: