Հանրագիտարան

Միսաք Մանուշյանը մահապատժի ենթարկվեց

Միսաք Մանուշյանը ծնվել է 1906թ. Արևմտյան Հայաստանի Ադիյաման գյուղում: Հայրը զոհվել է 1915թ. Մեծ եղեռնի ժամանակ, մայրը՝ գաղթի ճանապարհին։ Միսաքը եղբոր հետ հայտնվում է Սիրիայում։ 1920 թվականից Լիբանանի Ճյոնիա քաղաքի հայկական որբանոցի սաներ են: 1925թ. տեղափոխվում են Ֆրանսիա, սկզբում Մարսել ապա`   Փարիզ։
1930 թվականից Ա. Սեմայի հետ հրատարակում է «Ջանք» գրական ամսագիրը: Աշխատում է Սիթրոեն գործարանում, 1937 թվականից`   թողարկում «Զանգու» շաբաթաթերթը, գրում բանաստեղծություններ: 1935 թվականից ՀՕԿ, իսկ 1937թ. կենտրոնական վարչության անդամ է եղել:
 
Կնոջ`   Մելինե Մանուշյանի հետ մասնակցում է հակաֆաշիստական դիմադրության շարժմանը: 1943թ. Մանուշյանի գլխավորած խումբը հարձակում է գործում գերմանական օկուպանտների վրա:
 
1943թ. նոյեմբերին Մանուշյանը ձերբակալվում և տանջանքների է ենթարկվում և երեք ամիս անց՝ 1944 թվականի փետրվար 21-ին, իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի է ենթարկվում Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում։
 
Մանուշյանին հետմահու շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշանը։ Նրա և իր խմբի անունով անվանվել են փողոցներ և հրապարակներ Փարիզում, Մարսելում, Վալանսեում և Երևանում։ Մանուշյանի խումբը վարկաբեկելու նպատակով գերմանական օկուպացիոն ղեկավարությունը 15000 օրինակով ագիտացիոն պաստառներ է թողարկում։ 
 
Տխրահռչակ «Կարմիր պլակատը» ցույց էր տալիս, որ գերմանացիների դեմ պայքարում են ոչ ֆրանսիացիները: Այնտեղ գրված էր՝ «Մանուշյան, խմբի ղեկավար, հայ, 56 հարձակում, 150 զոհ, 600 վիրավոր»։
 
Մանուշյանի բանաստեղծությունները տպագրվել են սփյուռքահայ մամուլում 1930-ականների սկզբներից: Վաղ շրջանի ստեղծագործություններում տիրապետող են անձնական մտածումներն ու ապրումները: Հետագայում նաև գրել է աշխատավոր մարդու ցավի ու բանվորական պայքարի, հայրենիք սիրո մասին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: