Հանրագիտարան

Մարզպանական Հայաստանն՝ ինքնավար երկիր

Վերաձևելով Արևելյան Հայաստանի սահմանները՝ պարսից արքունիքը նրա տարածքի մեծ մասը վերածեց ինքնավար մարզի կամ մարզպանության: Դրանից հետո պարսիկները որոշ ժամանակ անձեռնմխելի թողեցին հայ նախարարների իրավունքներն ու արտոնությունները:

Նրանք էին ղեկավարում հայոց այրուձին, նրանց էին պատկանում երկրի գլխավոր պաշտոնները: Պահպանվել էին նախկին արքունի գործակալությունները, որոնք ժառանգական իրավունքով վարում էին հին իշխանական տոհմերը:

Սպարապետությունը պատկանում էր Մամիկոնյաններին, հազարապետությունը՝ Ամատունիներին, մաղխազությունը՝ Խորխոռունիներին: Հոգևորականությունը շարունակում էր վարել դատական գործերը: Եթե մարզպանի պաշտոնում սկզբում նշանակվել էր մի պարսիկ, ապա հետագայում այդ պաշտոնը պարսից արքունիքը հանձևեց Վասակ Սյունուն: Ժամանակակիցներին անգամ թվում էր, թե Արշակունիների գահազրկումից հետո թագավորական իշխանությունը մասամբ անցել է հայ նախարարներին: Սասանյանները միառժամանակ բավարարվում էին միայն հարկերի գանձումով և հաշտվում էին երկրի ինքնավարության հետ: Ստեղծված վիճակը, սակայն, չէր կարող բավարարել պարսից արքունիքին, որը ձգտում էր Հայաստանը դարձնել պարսից տերության նահանգներից մեկը: Հայ նախարարների ու Սասանյանների շահերի հակադրությունը վերջիվերջո հանգեցնելու էր այնպիսի բախման, որը վերաճելու էր զինված ապստամբության:

Արշակունիների անկումից և Հայաստանի քաղաքական մասնատումից հետո եկեղեցին դարձել էր հայ ժողովրդին միավորող միակ կառույցը: Ուստի պարսից արքունիքը ձգտում էր նրա ղեկավարությունը հանձնել իր կամակատարներին: Սասանյան արքան մեծ դժվարությամբ թույլատրեց երկիր վերադառնալ Տիզբոնում պահվող Սահակ Պարթև կաթողիկոսին, սակայն նրա իրավունքներն ամբողջությամբ չվերականգնվեցին: Պարսկական իշխանությունները կաթողիկոսի պաշտոնում այդպես էլ չհաստատեցին Հովսեփ Վայոցձորեցուն, որը Սահակ Պարթևի ու Մեսրոպ Մաշտոցի մահից հետո վարում էր կաթողիկոսական աթոռի գործերը: Այսուհանդերձ, Սասանյանները միառժամանակ խուսափում էին բացահայտ կրոնական հալածանքներից: «Աստվածապաշտությունը բաց ճակատով ու ինքնիշխան փայլում էր Հայոց աշխարհում»,- գրում է Եղիշե պատմիչը: Իսկ հայ հոգևորականությունը, ինչպես նախկինում, ապահարկ էր, այսինքն ազատված էր հարկեր վճարելու պարտականությունից:

Հայաստանը ռազմականապես թուլացնելու նպատակով Սասանյանները երկրից հեռացնում էին այրուձին, որն ստիպված էր կռվել օտար երկրներում: Ընդ որում, պարսիկները նրանց ուղարկում էին մարտնչելու ամենավտանգավոր տեղերում, և հայ ռազմիկները մեծ թվով զոհեր էին տալիս: Հայ զորականներին ենթարկում էին զանազան զրկանքերի ու նվազեցնում էին ռազմական ծառայության դիմաց տրվող վարձատրությունը: Միաժամանակ, պարսիկները ձգտում էին հայ զորապետներին կրոնափոխության դրդել՝ նրանց զանազան պարգևներ, պաշտոններ ու կալվածքներ շնորհելով: Եթե պարսից տերության թշնամիների դեմ պատերազմը շարունակվում էր երկար ժամանակով, ապա ռազմական գործողություններին մասնակցող զորամասերը վերադառնում էին հայրենիք, ու նրանց փոխարինում էին նորերը: Այս ամենը հարուցում էր հայ նախարարների ու ազատների խիստ դժգոհությունը: Միևնույն քաղաքականությունը պարսիկները վարում էին նաև հարևան երկրների՝ Վիրքի ու Աղվանքի նկատմամբ: Այսպիսով, Սասանյաններին ենթակա երկրները զրկվում էին տեղական զինուժից և դառնում էին անպաշտպան:
 
Սասանյանները հանդուրժում էին Հայաստանի ինքնավար վիճակը, քանի դեռ պարսից տերությունը բախվում էր արտաքին քաղաքական դժվարությունների հետ: Նախ՝ խիստ անհանգիստ էր սահմաններում, շարունակվում էին քոչվոր ժողովուրդների ներխուժումներն ու ասպատակությունները: Պարսկական զորքերը երկար ժամանակ խոշորածավալ մարտեր էին վարում տերության հյուսիս-արևելքում, հետ մղելով քուշանների հարձակումները: Այդ կռիվներին մասնակցել է նաև հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանը: Անհանգիստ վիճակ էր տիրում նաև Կովկասյան լեռնաշղթայով անցնող հյուսիսարևմտյան սահմանագծում: Հյուսիսային Կովկասում հաստատված հոների հարձակումներից պաշտպանվելու համար պարսկական իշխանությունները Կասպից ծովի առափնյա մասում, ներկայիս Դերբենդ քաղաքի մոտ, կառուցել էին պաշտպանական ամրություններ, որոնք ստացել էին Հոնաց (Ճորա) պահակ անվանումը: Այստեղ ևս կռվում էին Հայաստանից բերված զորաջոկատները: Արևմուտքում շարունակվում էր դարավոր հակամարտությունը Բյուզանդիայի հետ: Քանի դեռ անապահով էին Սասանյան Պարսկաստանի սահմանները, հայ ժողովուրդն առժամանակ չէր ենթարկվում քաղաքական, տնտեսական ու կրոնական ընդգծված ճնշումների:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: