Հանրագիտարան

Մեծ Հայքի թագավորությունը Տրդատ Մեծի իշխանության վերջին շրջանում

Տրդատ Մեծի իշխանության վերջին շրջանի վերաբերյալ պահպանվել են կցկտուր տեղեկություններ: Հայտնի է, որ 311թ. նա ծանր պարտության մատնեց Մաքսիմիանոս Դայա կայսեր Մեծ Հայք ներխուժած բանակներին, որոնք փորձում էին պատժել քրիստոնեություն ընդունած հայերին:

Քրիստոնեության պետական կրոն հռչակվելուց հետո հռոմեական կայսր Կոստանդինի հետ հաստատվեցին բարիդրացիական հարաբերություններ: Հռոմ գնացած Տրդատ Մեծը և Գրիգոր Լուսավորիչը 321թ. դաշինք կնքեցին կայսրության հետ: Դաշնագրով Հռոմը հանձն էր առնում անհրաժեշտության դեպքում ռազմական ուժով օգնել Հայոց թագավորությանը:

Տրդատ Մեծի օրոք թագավորական իշխանությունը խիստ ամրապնդվեց: Քրիստոնեության ընդունումով արքունի իշխանությունը համարվում էր Աստծուց տրված և ոչ թե կայսրից ստացված: Տրդատի իշխանության տարիներին Հայոց թագավորությանը հաջողվեց իր գերիշխանությունը հաստատել հարևան Վիրքում և Աղվանքում: Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիսը ձեռնադրվեց Հայոց Արևելից կողմերի և Վրաց ու Աղվանից կողմերի եպիսկոպոս: Նրա քարոզչության շնորհիվ Հայոց թագավորության ազդեցությունը տարածվեց մինչև Կովկասյան լեռներն ու նրա արևելյան լեռնաբազուկները:
Տրդատին է վերագրվում կաթողիկե եկեղեցու հիմնադրումը Վաղարշապատում: Նա մահացավ 330թ.: Նրանից մի քանի տարի առաջ Մանեա այրք կոչվող վայրում մահացել էր մենակյացության անցած Գրիգոր Լուսավորիչը:
 
Աղբյուր`   Lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: