Հանրագիտարան

Քրիստոնեության հռչակումը պետական կրոն

301թ. Գրիգոր Պարթևը 16 հայ մեծամեծ իշխանների ուղեկցությամբ ուղարկվեց Կեսարիա, որտեղ մեծ հանդիսավորությամբ ձեռնադրվեց Հայոց մեծ եպիսկոպոսապետ կամ կաթողիկոս:

Թագավորական բանակն սկսեց ավերել երկրի հեթանոսական մեհյանները, իսկ Կեսարիայից հայրենիք վերադարձած Գրիգորը, որը Լուսավորիչ կոչվեց քրիստոնեության լույսը Հայաստան բերելու համար, Տարոնում ավերեց երկրի ութերորդ նշանավոր՝ Վահագնի մեհյանը՝ հիմք դնելով Հայոց առաջին եկեղեցուն: Բագավան գալով՝ նա Եփրատ (իմացի՛ր Արածանի) գետում մկրտեց Տրդատ Գ-ին ու նրա ընտանիքը, նախարարներին, Հայոց բանակը և հասարակ ժողովրդին: Համաձայն Ագաթանգեղոսի՝ մկրտվածների ընդհանուր թիվը 4 միլիոն 434 հազար էր:

Քրիստոնեությունը 301թ. առաջինն աշխարհում հայտարարվեց Հայոց թագավորության պետական կրոն:
 
Քրիստոնեությունը Դիոկղետիանոսից հետո մեծ հաջողություններ ունեցավ նաև Հռոմում: Սակայն 313թ. Միլանի կայսերական հրովարտակով այն ընդամենը հավասարազոր կրոն ճանաչվեց, իսկ պետական կրոն դարձավ միայն IV դ. վերջին քառորդին:
 
Չնայած մինչև քրիստոնեության պետական կրոն հռչակումը քրիստոնեական համայնքները մեծապես տարածվել և ուժեղացել էին, շատ ուժեղ էին նաև հեթանոսության դիրքերը: Արքունի զորքերը քարուքանդ էին անում հեթանոսական կենտրոնները, քրիստոնյա մկրտում քրմերին ու նրանց երեխաներին: Հեթանոսական մեհյանները, որ նշանակալից զինված ուժեր ունեին, կատաղի դիմադրում էին: Արյունահեղ այս պայքարում ոչնչացվեցին Արամազդի և մյուս հեթանոսական աստվածների մեհյանները, որոնց տեղում քրիստոնեական եկեղեցիներ հիմնադրվեցին: Չմկրտված քրմերը կամ ոչնչացվեցին կամ էլ աքսորվեցին թագավորության արևելյան հեռավոր շրջաններ: Կռիվների ընթացքում Տարոնում զոհվեց Արձան քրմապետը: Քրմական մեհյանների կալվածքները, թագավորի հրովարտակով, նրանց վրա գտնվող բնակչությամբ հանդերձ հանձնվեցին քրիստոնեական եկեղեցուն:
 
Քրիստոնեությունը քարոզվելով հայերի համար անհասկանալի հունարենով ու ասորերենով, դժվարությամբ էր թափանցում ժողովրդի մեջ: Կամենալով մեղմել հեթանոսության դիմադրությունը՝ եկեղեցին փոխ առավ մի շարք հեթանոսական ծեսեր ու սովորույթներ, որոնցից է, օրինակ, ընտանի կենդանիների զոհաբերությունը կամ մատաղը, որը ծնունդ է առել անհիշելի ժամանակներում:
 
Աղբյուր`  Lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: