Հանրագիտարան

Հագուստ

Կտորեղենից հյուսված գործվացք, որը մարդիկ կրում են մարմինը ծածկելու համար:

 

Նախնադարյան մարդիկ որպես հագուստ օգտագործել են բույսերի տերևներ, հետագայում՝ գազանների մորթիներ, շատ ավելի ուշ բրդից ու զանազան կենդանիների մազերից գործել են նաև տարբեր զգեստներ: 19-րդ դարում մանածագործության զարգացման հետ սկսվել է հագուստի մեքենայական արտադրությունը, և հագուստն ստացել է ավելի բարետես, ժամանակակից տեսք:
Հագուստն ունի հետևյալ առանձնահատկությունները՝ ծածկում է մարդու մարմնի մերկությունը, նրան պաշտպանում է շրջակա միջավայրի անցանկալի ազդեցություններից՝ ցրտից, շոգից, խոնավությունից և այլն, ստեղծում է որոշակի հիգիենային միջավայր և ծառայում որպես վայելչանքի միջոց:
Տարբերում են հագուստի մի քանի տեսակներ՝ վերնազգեստ (վերնաշապիկ, տաբատ, պիջակ, թիկնոց, վերարկու, շրջազգեստ, կիսաշրջազգեստ, մուշտակ և այլն), ներքնազգեստ (շապիկ, կրծկալ, կիսավարտիք, վարտիք և այլն):
Հագուստի ուրույն տեսակ են նաև գլխարկը, կոշիկը, ձեռնոցը, գուլպան, կիսագուլպան և այլն:
 
Հագուստի օգտագործման պատմություն
Հագուստի առաջին տարրը թզի տերևն է, որով Ադամն ու Եվան ծածկել են իրենց մերկությունը: Ավելի ուշ օգտագործվել են ծառի կեղևը, կենդանական մորթին, ձկան կաշին և այլն:
Ուշ քարի դարի հուշարձաններից հայտնաբերվել են քարե ամրակներ և ոսկրե ասեղներ, որոնցով մշակել ու կարել են մորթին: Նոր քարի դարում մանածագործության գյուտը հեղաշրջեց մարդու կենցաղը. հագուստի համար մարդն սկսեց օգտագործել բամբակե, վուշե, բրդե և այլ թելեր: Կարված հագուստի առաջին նմուշները եղել են մորթե թիկնոցները, ազդրակալները, տրեխները և այլն: Հասարակության զարգացմանը զուգընթաց տարբերակվել են տղամարդու և կնոջ, աղջիկների ու տղաների հագուստները, ստեղծվել են առօրյա, տոնական, հարսանեկան, սգո հանդերձներ: Սպորտի զարգացմանը զուգընթաց`   մարզիկներն սկսել են կրել տարբեր մարզահագուստներ: Աշխատանքի բաժանման հետևանքով ստեղծվել են նաև մասնագիտական հագուստների զանազան ձևեր՝ բանվորական, հրշեջի, ոստիկանի, կրոնավորի և այլն:
Զարգացած երկրներում հագուստների ոճն ու ձևվածքը քիչ են տարբերվում միմյանցից: Դա մասամբ պայմանավորված է տեխնոլոգիաների՝ աշխարհում տեղի ունեցող փոխանակությամբ: Բացի այդ, խոշոր արդյունաբերողները, թեև հագուստի արտադրական ձեռնարկություններ ունեն տարբեր երկրներում, սակայն արտադրում են նույն ոճի հագուստներ:

Մոդելներ (նմուշօրինակներ)
Ժամանակակից հագուստը վաղուց արդեն դադարել է զուտ զգեստ լինելուց. այսօր այն դարձել է նորաձևության միտքը շարժող հատուկ ոլորտ, որով զբաղվում են մոդելագործները: Նրանք են որոշում, թե ինչպիսին պետք է լինի այս կամ այն կարգի հագուստը, և ինչպես է հարմար այն արտադրելը: Ձևն ընտրելիս նկատի են առնվում նույնիսկ կտորեղենի խտությունը (այն շատ ծանր չպետք է լինի), տեղի եղանակային պայմանները (լրիվ, թե մասնակի է այն ծածկելու մարմինը) և այլն:
Մոդելագործի գլխավոր խնդիրը նմուշի ստեղծումն է, ըստ որի պետք է պատրաստվեն հարյուրավոր կամ հազարավոր նմանօրինակ զգեստներ:
Մոդելագործը պատրաստում է ձևվածքը և այն փորձում մանեկենի վրա: Ձևվածքին համապատասխան կտորից կտրում են (էլեկտրական կամ լազերային մկրատներով) զգեստի առանձնամասերը: Մեր օրերում հագուստի ոճի մշակմանն օգնում են նաև համակարգիչները, որոնց միջոցով կարելի է որոշել, թե ինչպիսին պետք է լինի նմուշօրինակը, և այն փորձարկել համակարգչի ցուցասարքի վրա:
Խոշոր ֆաբրիկաներում, որտեղ ամեն օր կարում են հարյուրավոր զգեստներ, աշխատանքի հիմնական փուլերը մեքենայացված են: Մեքենաներն են ձևում կտորը, կարում, ապա մշակում կարերը: Համակարգչային կառավարմամբ հաստոցները կարող են նախածրագրավորել ոճերի հաճախակի փոփոխությունները: Երբ հագուստի բոլոր մասերն արդեն կարված են լինում, այն մանրակրկիտ արդուկվում է: Վաճառքի ուղարկվելուց առաջ հագուստը մեկ անգամ ևս վերստուգվում, վերանայվում է:

 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: