Առողջապահություն

Ֆեոքրոմոցիտոմա

Որպես հիվանդություն ֆեոքրոմոցիտոման զարգանում է ևարտահայտվում մակերիկամների միջուկային նյութի քրոմաֆինային բջիջների հորմոնաակտիվ ուռուցքների հետևանքով։ Բարեբախտաբար հազվադեպ է հանդիպում, ախտորոշումը որոշակի դժվարություններ ունի, մանավանդ երեխաների մոտ։

 

Հիմնականում երեխաները գանգատվում են հոգնածությունից, շատ քրտնելուց, զանգվածի անկումից և տեսողության վատացումից։ Ախտահատուկ է սովորական հիպոտենզիվ դեղամիջոցներից չիջնող բարձր և կայուն հիպերտոնիան, գլխացավերը, մաշկի գունատությունը։ Ցանցենու փոփոխություններից խանգարվում է տեսողությունը։ Երեխաներին բնորոշ չեն հիպերտոնիայի կրիզները։ Վերջինս ցավոք հայտնաբերվում է ուշացումով և անարդյունավետ բուժումից հետո միայն։

 

Կարևոր ախտորոշիչ արժեք ունի տրոպաֆենով կատարվող փորձը, կատեխոլամինների և նրանց արգասիքների որոշումը, որոնց արտազատումը օրվա մեզով 20-50 մկգ-ի փոխարեն կարող է հասնել 400 մկգ-ի։ Խիստ արժեքավոր է օրվա մեզում ադրենալինի և նորադրենալինի քայքայման վերջնական նյութի՝ վանիլին մինդալաթթվի որոշումը։ Վերջինս ֆեոքրոմոցիտոմայի դեպքում կարող է ավելանալ 10-20 անգամ (նորմայում կազմում է 9 մգ)։ Կատեխոլամինները որոշելիս երեխան 2 օր չպետք է օգտագործի սեդատիվ դեղամիջոցներ, սուրճ, թեյ, շոկոլադ։ Եթե գերակշռում է նորադրենալինի պարունակությունը, ապա պետք է մտածել արտամակերիկամային ուռուցքի մասին։ Հիպերտոնիայի պատճառով հիստամինային փորձը չի կարելի կատարել, քանի որ վերջինիս նվազագույն դեղաչափերից հանկարծակի բարձրանում է արյան ճնշումը։ Եթե կան հաճախասրտությամբ ուղեկցվող հիպերտոնիայի կրիզներ, ապա ավելի հավանական է ադրենալինի ավելացումը։

 

Բավական դժվար է ֆեոքրոմոցիտոմայի, երիկամային ծագման հիպերտոնիայի և հիպերտոնիկ հիվանդության տարբերակումը։ 
Բուժումը վիրահատական է։ Տրոպաֆենի ներմուծումից հիպերտոնիայի կրիզները նկատելիորեն պակասում են։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: