Հանրագիտարան

Ավատատիրական աստիճանակարգությունը

Մեծ Հայքի թագավորության աստիճանակարգությունը հիշեցնում էր մի բուրգ, որի գլուխ կանգնած էր արքան: Նա երկիրը կառավարում էր արքունիքի միջոցով և համարվում գլուխ երկրին Հայոց: Նա ուներ անսահմանափակ իրավունքներ իր հպատակների կյանքի ու գույքի նկատմամբ:

Թագավորն իրավունք ուներ պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, դեսպանություններ ընդունելու և բանակցելու այլ երկրների հետ: Միայն թագավորն իրավունք ուներ երկու ոտքին կարմիր կոշիկներ կրել: Բոլոր նախարարները եղել են նրան ստորակա, կատարել են ի սպասու ծառայություն և թագավորին տրամադրել իրենց զորաջոկատները: Թագավորական հրովարտակներն ու հրամաններն օրենքի ուժ ունեին: Պետական կարևորություն ունեցող հարցերում թագավորը խորհրդակցել է երկրի մեծամեծ իշխանների ու կաթողիկոսի հետ, իսկ անհրաժեշտության դեպքերում հրավիրել է աշխարհաժողովներ, որոնց մասնակցել են ոչ միայն նախարարներն ու հոգևորականությունը, այլև քաղաքային դասի և շինականների ներկայացուցիչները: Աշխարհաժողովները գումարվում էին երկրի առաջ ծառացած կարևոր խնդիրների լուծման նպատակով:

 
Ավատատիրական բուրգի հաջորդ աստիճանը կազմում էին երկրի մեծամեծ իշխանները, որոնց մեջ էին մտնում արքունական չորս զորաբանակների հրամանատար բդեշխները, աշխարհակալ ու ավագ նախարարները, ինչպես նաև արքունի գործակալությունների ղեկավարները: Բդեշխներն իրավունք ունեին մի ոտքին կարմիր, իսկ մյուսին կանաչ կոշիկ հագնել: Թագավորին էին ենթարկվում նաև կրտսեր նախարարները, որոնք նույնպես «ի սպասու ծառայություն» էին կատարում: Նախարարներն ունեին իրենց զինանշաններն ու դրոշները: Իրենց տիրույթներում նրանք վարչական և դատական լայն իրավունքներ ունեին: Նախարարական ընտանիքի կրտսեր անդամ սեպուհները նախարարական տիրույթների նկատմամբ իրավունքներ չունեին:
 
Տիրույթ ունեցող բդեշխներն ունեին իրենց ստորակա նախարարությունները, որոնք ավատատիրական «իմ վասալի վասալը իմ վասալը չէ» սկզբունքով չէին գտնվում թագավորի անմիջական ենթակայության ներքո:
 
Աստիճանասանդուղքի հաջորդ աստիճանն ազատներն էին կամ մանր ազնվականները: Թագավորից անմիջական կախման մեջ գտնվողները կոչվում էին ոստանիկ, իսկ նախարարներից կախյալները՝ ազատ: Նրանցից էին կազմվում արքունի հեծելազորը, նախարարական այրուձին: Նրանց էին վստահում արքունիքի պաշտպանությունը և ռազմական ու վարչական շատ պաշտոններ: Իրենց ծառայության դիմաց նրանք ստանում էին պարգևականք կալվածքներ: Բուրգի ամենաստորին աստիճանը զբաղեցնում էին անազատները՝ քաղաքացիները, շինականները և քաղաքային ու գյուղական ռամիկները, որոնց ուսերին էր ծանրացած հարկային բեռը:
 
Մեզ է հասել «Գահնամակ» անունով մի վավերագիր, ուր սահմանված է հայ նախարարներից յուրաքանչյուրի տեղն արքունիքում: Մեկ այլ փաստաթուղթ, որը նույնպես կրում էր «Գահնամակ» անունը, նախարարությունների ռազմական ուժը ներկայացնելու պատճառով պայմանականորեն կոչվել է Զորանամակ: Համաձայն «Գահնամակի», նախարարների արքունիքում զբաղեցրած դիրքը համապատասխանում էր նրանց ռազմական կարողություններին:
 
Աղբյուր`   Lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: