Հանրագիտարան

Հողատիրության ձևերը միջնադարյան Հայաստանում

Ավատատիրական հասարակության ամենաբնորոշ հատկանիշներից մեկն ավատական խոշոր հողատիրությունն էր:

Վաղ ավատատիրության շրջանում գոյություն է ունեցել հողատիրության երեք ձև՝ հայրենիք, պարգևականք և գանձագին:

«Հայրենիք» կամ «հայրենական» էին կոչվում ժառանգական սեփականության իրավունքով հորից որդուն անցնող հողերը:
«Պարգևականք» անվանվում էին այն կալվածքները, որոնք որպես ուտեստ հանձնվում էին պետական պաշտոնյաներին կամ զինվորներին: Ծառայությունը դադարեցնելու դեպքում արքունիքը դրանք հետ էր վերցնում: Սակայն խոշոր ավատատերերին հանձնված այդ հողերը միտում ունեին վերածվելու հայրենիք-ի:
«Գանձագին» էին համարվում այն հողերը, որոնք գնվել էին աշխարհիկ իշխանների կամ մեծահարուստ եկեղեցականների կողմից: Սրանք ըստ էության չէին տարբերվում հայրենիք-ից:
Կուսակրոնություն մտցնելուց հետո բարձրաստիճան հոգևորականներին պատկանող հողերը դարձան եկեղեցու սեփականություն:
 
Հայոց թագավորի տիրույթները հայրենիք էին, իսկ թագավորը երկրի թիվ մեկ ավատատերն էր: Նրա տիրույթները, որ միաժամանակ պետական հողեր էին, ժառանգաբար անցնում էին հորից որդուն: Չնայած դրանք համարվում էին անօտարելի սեփականություն՝ գնալով կրճատվում էին մինչև այն պահը, երբ արքունիքն սկսեց ամեն գնով դրանք հարքունիս գրավել:
 
Արքունական հողերը չէին բաժանվում արքունի սեպուհներին: Նրանց որպես բնակության վայր հանձնվում էին Հաշտյանք, Աղիովիտ և Առբերանի գավառները: Այրարատում, որտեղ գտնվում էր արքունի տիրույթների նշանակալից մասը, կարող էին ապրել միայն թագավորն ու թագաժառանգը:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: