Հանրագիտարան

Անցում պրինցիպատին

Ստեղծված իրավիճակից փորձում էին օգտվել ազդեցիկ պետական գործիչները`   ձգտելով Հռոմում հաստատելու սեփական գերիշխանությունը: Նրանցից առանձնանում էին Գնեոս Պոմպեոսը, Հուլիոս Կեսարը և Մարկոս Կրասոսը:

Առաջին եռապետությունը

Սկզբում նախընտրելի էին Պոմպեոսի հնարավորությունները: Նա մեծ հեղինակություն ուներ բանակում: Համառ պատերազմներով Հռոմի գերակայությունն Արևելքում տարածվել էր Կովկասյան լեռներից մինչև Եգիպտոս:
Համոզվելով, որ միայնակ չի կարող հասնել բացարձակ իշխանության`   Պոմպեոսը Ք.ա. 60 թ. համաձայնության եկավ Կեսարի և Կրասոսի հետ: Ստեղծվեց առաջին եռապետությունը: Նրանք երեքով սկսեցին վճռել Հռոմի բոլոր կարևոր հարցերը: Սակայն նրանց միությունն անկայուն էր: Հավասարակշռությունը խախտվեց, երբ Կրասոսը Ք.ա. 53 թ. զոհվեց պարթևների դեմ ձեռնարկած պատերազմում:
Ասպարեզում մնացին Պոմպեոսը և Կեսարը: Նրանց հարաբերությունները լարված էին: Յուրաքանչյուրը ձգտում էր մենիշխանության: Պոմպեոսը ցանկանում էր հասնել դրան խաղաղ ճանապարհով՝ համագործակցելով Ծերակույտի հետ: Մինչդեռ Կեսարը նախընտրեց զենքը:
 
Քաղաքացիական պատերազմը և Կեսարի բռնապետությունը
 
Ք.ա. 49 թ. Կեսարն իր բանակով անցավ Ռուբիկոնգետը, որն Իտալիայի սահմանն էր: Նա գիտակցում էր, որ պատերազմ է սկսում: «Վիճակը գցված է» խոսքերով Կեսարն իր բանակն առաջնորդեց դեպի Հռոմ:
Պատերազմը դաժան էր և արյունալի: Զոհվեց Պոմպեոսը, նրա կողմնակիցները պարտություն կրեցին: Հռոմեական տերության ամբողջ տարածքում՝ Իսպանիայից մինչև Եփրատ, Բրիտանիայից մինչև Հյուսիսային Աֆրիկա, հաստատվեց Կեսարի իշխանությունը:
Հասնելով իր նպատակին՝ Կեսարն աշխատում էր թուլացնել բանակի դերը: Նա ձգտում էր բարենորոգումների միջոցով համաձայնություն ստեղծել: Սակայն դրանից հարցի էությունը չէր փոխվում. Հռոմում ոչինչ չէր կատարվում առանց Կեսարի կամքի: Նա իսկական բռնապետ էր:
Ավագանու ներկայացուցիչները Կեսարի դեմ դավադրություն կազմակերպեցին: Եվ Ք.ա. 44 թ. Կեսարը սպանվեց Ծերակույտի դահլիճում: Բռնապետության այս նոր փորձը նույնպես ավարտվեց անհաջողությամբ: Սակայն Հռոմում շատերը համոզված էին, որ հին հանրապետական կարգը անդառնալիորեն փլուզվում է:
 
Մենիշխանության հաստատումը Հռոմում.  Օգոստոսի պրինցիպատը
 
Գայոս Օկտավիանոսը Կեսարի զարմիկն էր ու ժառանգը: Զորավար Մարկոս Անտոնիոսի հետ նա պայքար սկսեց հին ավագանու դեմ: Նրանք հաղթեցին և սկսեցին Հռոմեական տերությունը կառավարել համատեղ: Արևելքում կառավարում էր Անտոնիոսը, որի իշխանության կենտրոնը Եգիպտոսն էր: Օկտավիանոսը Հռոմից կառավարում էր տերության արևմտյան մասը: Սակայն երկուսն էլ երազում էին բացարձակ իշխանություն:
Օկտավիանոսի և Անտոնիոսի հակամարտությունը լուծվեց Ք.ա. 31 թ.: Հունաստանի արևմտյան ափին՝ Ակտիում հրվանդանի մոտ, տեղի ունեցավ ծովամարտ: Անտոնիոսը պարտություն կրեց և փախավ Եգիպտոս, ուր իր կնոջ՝ Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հետ ինքնասպան եղավ:
Հռոմեական տերությունում հաստատվեց Օկտավիանոսի մենիշխանությունը (Ք.ա. 27– Ք.հ. 14 թթ.):
Օկտավիանոսը գործում էր զգույշ և հավասարակշռված: Ցույց էր տալիս, թե վերականգնում է «բարի և հին հանրապետությունը»: Ներկայանում էր իբրև Հռոմի հասարակ քաղաքացի, որը մնացածներից տարբերվում է միայն հեղինակությամբ: Իրականում պատկերն այլ էր: Օկտավիանոսն ուներ անսահման իշխանություն, վարում էր պետության ամենաբարձր պաշտոնները: Ամեն բան կատարվում էր միայն նրա կամքով: Նրա անձն սկսեց սրբացվել: Նրան շնորհվեց Օգոստոս (Սրբազան) պատվանունը: 
Իր երկարատև կառավարման ընթացքում Օգոստոսը բարեփոխեց Հռոմեական տերությունը՝ բանակը, գանձարանը, նահանգների կառավարումը: Կարգավորեց ունեցվածքային և ընտանեկան հարաբերությունները: Նա հովանավորում էր արվեստը, գիտությունը, գրականությունը: Օգոստոսի շնորհիվ Հռոմում վերականգնվեց խաղաղության և ապահովության մթնոլորտը:
Օգոստոսի հաստատած կառավարման համակարգը միապետություն էր՝ հանրապետության քողի տակ: Այն անվանում են նաև պրինցիպատ, այսինքն`   առաջին քաղաքացու կառավարում:
Այս դեպքերով սկսվում է Հռոմի պատմության կայսերական դարաշրջանը:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: