Հանրագիտարան

Հանրապետական կարգի ճգնաժամը

Վաղ Հռոմեական հանրապետությունում հասարակության հիմնական խավը միջին գյուղացիներն էին: Նրանց եկամտի աղբյուրը հասարակական դաշտի հողակտորներն էին:

Ք.ա. II–I դարերի ճգնաժամը

Արհեստներն ու առևտուրը թույլ էին զարգացած: Չափավոր էր նաև ավագանու կենցաղը: Սակայն պատերազմները, նոր երկրների նվաճումը, մեծ թվով ռազմագերիների և ռազմավարիներ հոսքը փոխեցին երկրի հասարակական պատկերը:
Քայքայվեց և քանակապես կրճատվեց միջին գյուղացիությունը: Լեգիոնի զինվորները գյուղացիներ էին, որոնք ծառայում էին տերության տարբեր ծագերում: Անընդհատ զոհեր էին լինում: Կենդանի մնացածներն իրենց տնտեսությամբ չէին զբաղվում: Ուստի զինվորները չնչին գներով վաճառում էին իրենց հողակտորները և զորացրվելուց հետո հեռանում Հռոմ: Նրանք ապրում էին պետությունից տրվող նպաստի հաշվին:
Ավագանին մեծ օգուտներ քաղեց արտաքին նվաճումներից: Ի հաշիվ քայքայված գյուղացիների՝ ստեղծեցին խոշոր կալվածքներ, որտեղ աշխատում էին բացառապես ստրուկներ: Ազատ աշխատանքը դուրս մղվեց:
Այս փոփոխությունների հետևանքով ժողովրդի կամքն արտահայտող Աշխարհաժողովը կորցրեց իր ազդեցությունը: Առաջնությունն անցավ ավագանուն և Ծերակույտին: Աճեց առանձին գործիչների ձգտումը`   պետությունը ծառայեցնելու իրենց անձնական շահերին:
Ընկել էր նաև բանակի մարտունակությունը: Համընդհանուր զինապարտությունն այլևս արդյունավետ չէր: Ք.ա. II դարի վերջերից բանակն սկսեց պարտություններ կրել: Անհրաժեշտ էր ստեղծել արհեստավարժ բանակ:
 
Ճգնաժամի հաղթահարման փորձերը
 
Հռոմի հեռատես գործիչները հանգեցին այն համոզման, որ անհրաժեշտ են արմատական փոփոխություններ:
Առաջին քայլերը կատարեցին Գրաքոս եղբայրները՝ Տիբերիոսը և Գայոսը: Ք.ա. 130–120–ական թվականներին նրանք հանդես եկան բարեփոխությունների ծրագրով: Դրա հիմնական նպատակն էր վերադառնալ դեպի «բարի անցյալը»:
Պահանջվում էր վերականգնել միջին գյուղացիությունը՝ հասարակական դաշտից հողակտոր տրամադրելով յուրաքանչյուր ցանկացողի, Աշխարհաժողովին վերադարձնել իշխանությունը, ստեղծել արհեստավարժ բանակ, Իտալիայի բոլոր դաշնակիցներին տալ հռոմեական քաղաքացու իրավունք:
Ծերակույտը և ավագանին կատաղի դիմադրություն ցույց տվին: Տեղի ունեցավ զինված ընդհարում: Զոհվեցին հազարավոր մարդիկ: Դրանց թվում էին Տիբերիոս և Գայոս Գրաքոսները:
Բայց Գրաքոսների գործն ապարդյուն չանցավ: Նրանք հասցրին զգալիորեն վերականգնել միջին գյուղացիությունը: Ք.ա. I Iդարի վերջին բանակը դարձավ արհեստավարժ. զինվորական գործը դարձավ մասնագիտություն: Շուտով իտալական դաշնակիցներն ստիպեցին Հռոմին`   ճանաչելու իրենց որպես լիիրավ քաղաքացիներ:
Ճգնաժամի հաղթահարման մեկ այլ փորձ ձեռնարկեց զորավար Կոռնելիոս Սուլլան Ք.ա. 82–78 թ.: Նա իր բանակով գրավեց Հռոմը և իրեն հռչակեց բռնապետ (դիկտատոր):
Սուլլան նույնպես երազում էր վերադառնալ դեպի «բարի անցյալը», այսինքն՝ Ծերակույտի դերի նոր ընդլայնում՝ ի հաշիվ Աշխարհաժողովի: Իսկ Ծերակույտն իր հերթին անվերապահ ենթարկվելու էր բռնապետին: Ընդդիմությանը վերջ տալու նպատակով սպանվեցին բռնապետի հազարավոր հակառակորդներ:
Սուլլայից հետո ծայրաստիճան սրվեց Հռոմի ներքին դրությունը:
 
Սպարտակի ապստամբությունը
 
Ինչպես արդեն նշել ենք, համաշխարհային տերության ձևավորման ընթացքում ստրուկների թիվը Հռոմում շեշտակի աճել էր: Նրանք կատարում էին ամենածանր աշխատանքները և ապրում ամենասուղ պայմաններում: Դա տեղիք էր տալիս ապստամբությունների:
Հռոմեական ստրուկների ամենահզոր ապստամբությունը տեղի է ունեցել Ք.ա. 73–71 թ.: Այն սկսել են մի խումբ գլադիատորներ: Վերջին ներս ստրուկ մարզիկներ էին, որոնք կրկեսում մարտնչում էին միմյանց դեմ: Ղեկավարը Սպարտակն էր: Շուտով նրանց միացան հազարավոր այլ ստրուկներ: Շուրջ երեք տարի նրանք ավերում էին հռոմեական գյուղերն ու քաղաքները`   պարտության մատնելով կառավարության զորքերին:
Միայն ուժերի գերագույն լարումով հռոմեացիները հաղթանակ տոնեցին ստրուկների նկատմամբ: Նրանք կոտորեցին ապստամբների մեծամասնությանը, իսկ գերի ընկածներին կենդանի խաչեցին: Այդ դաժանությամբ պետությունը ցանկանում էր վախ ներշնչել բոլոր ստրուկներին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: