Հանրագիտարան

Հռոմեական տերության կազմավորումը

Կարթագեն պետությունը Աֆրիկայի հյուսիսում էր: Այն հիմնել էին փյունիկեցի վաճառականները Ք.ա. IX դարի վերջին:

Պայքար Կարթագենի դեմ

Բնակչության հիմնական զբաղմունքն առևտուրն ու նավագնացությունն էր: Նրանք առևտրական հարաբերություններով իրար էին կապել Փյունիկիան, Եգիպտոսը, Հունաստանը, Իտալիան, Իսպանիան:
Կարթագենում ստեղծվել էր հանրապետություն`   ավագանու և Ծերակույտի գերակայությամբ: Բանակը համալրվում էր վարձու զինվորներով, քանի որ Կարթագենում չկար պարտադիր զինվորական ծառայություն:
Հռոմի և Կարթագե նի միջև պայքար սկսվեց՝ Միջերկրական ծովի արևմտյան շրջանների նկատմամբ տիրապետություն հաստատելու համար: Այն տևեց ավելի քան մեկ հարյուրամյակ`   Ք.ա. III դարի կեսերից մինչև Ք.ա. II դարի կեսերը:
Հռոմեացիների համար առավել ծանրը Պունիկյան երկրորդ պատերազմն էր (Ք.ա. 218–201 թթ.): Կարթագենցիներին առաջնորդում էր նշանավոր զորավար Հաննի բալը: Նա ծրագրել էր մտնել Իտալիա, քայքայել իտալական համադաշնությունը և վերջ տալ Հռոմին:
Հաննիբալի բանակը Ք.ա. 218 թ. Իսպանիայից ցամաքային ճանապարհով մտավ Իտալիա: Սկզբում հռոմեացիները թերագնահատում էին հակառակորդին: Կարծում էին, թե պետք է տալ վճռական ճակատամարտ, հաղթել նրան և դուրս քշել երկրից: Այդ ռազմավարությունը հանգեցրեց աղետի: Ք.ա. 216 թ. Կաննեի ճակատամարտում հռոմեացիները խայտառակ պարտություն կրեցին:
Դրանից հետո հռոմեացիներն ընտրեցին մեկ այլ ռազմավարություն: Բաժանելով բանակը մի քանի մասի՝ սկսեցին կրնկակոխ հետապնդել թշնամուն: Նրանք թույլ չէին տալիս, որ Հաննիբալը հանգիստ տա զինվորներին, համալրի պաշարները: Ի վերջո Հաննիբալը շրջափակվեց Հարավային Իտալիայում:
Հռոմի Ծերակույտը որ շում կայացրեց`   պատերազմը տեղափոխել Կարթագենի տարածք: Հռոմեական բանակը նավերով կտրեց Միջերկրական ծովը և ափ իջավ Աֆրիկայում: Հաննիբալը ստիպված էր լքել Իտալիան: Կարթագեն քաղաքից ոչ հեռու Ք.ա. 202 թ. տեղի ունեցավ վճռական ճակատամարտ: Հաննիբալը պարտություն կրեց:
Թեպետ ընկճված, բայց Կարթագե նը Հռոմին շարունակ վտանգ էր ներշնչում: Հռոմեացիները տագնապով հետևում էին նրա վերականգնմանը՝ աշխատելով ամեն կերպ խոչընդոտել դրան: Ք.ա. 146 թ. հռոմեական բանակը գրավեց և հիմնահատակ կործանեց Կարթագենը:
 
Միջերկրածովյան ավազանի նվաճումը 
 
Կարթագենից հետո հռոմեացիներն իրենց հայացքն ուղղեցին դեպի Միջերկրականի արևելյան շրջանները: Հռոմը նախ իր գերակայությունը հաստատեց Հունաստանում (Ք.ա. 196 թ.)`   հայտարարելով, թե «գիտությունների և արվեստների հայրենիքը» ազատագրում է մակեդոնական լծից: Պոլիսները զրկվեցին ինքնուրույն քաղաքականություն վարելու իրավունքից:
Հռոմը հաջորդ հարվածն ուղղեց Սելևկյան տերության դեմ: Այստեղ էր ապաստանել
Հաննիբալը և համոզում էր Անտիոքոս III–ին պատերազմ սկսել Հռոմի դեմ: Հռոմեական բանակն ափ իջավ Փոքր Ասիայում: Ք.ա. 190 թ. Մագնեսիա քաղաքի մոտ տեղի ունեցավ ճակատամարտ: Անտիոքոս III–ը պարտվեց և վճարեց մեծ ռազմատու գանք: Հռոմեացիները ճանաչեցին Սելևկյաններից անջատված երկրների անկախությունը: Դրանց թվում էին Մեծ Հայքը և Ծոփքը:
Հռոմն սկսեց օժանդակություն ցույց տալ Եգիպտոսին՝ ընդդեմ Սելևկյան տերության: Եգիպտոսն ընդունեց Հռոմի հովանավորությունը. այդ պահից նրա հետ էր համաձայնեցնելու իր արտաքին քաղաքականության բոլոր կարևոր հարցերը:
Այսպես Ք.ա. II դարի կեսերին Միջերկրական ծովի ավազանի մեծագույն մասի նկատմամբ հաստատվեց Հռոմի գերիշխանությունը:
 
Քաղաք–պետությունից դեպի տերություն
 
Տիբրոս գետի ափին ձևավորված քաղաք–պետությունը վերածվեց համաշխարհային տերության: Ինչպես և Իտալիայի դեպքում, նա առաջնորդվում էր «Բաժանի՛ր և տիրի՛ր» սկզբունքով: Միջերկրականի ավազանում հռոմեական գերակայությունը դրսևորվում էր ամենատարբեր ձևերով: Պետությունների մի խմբի հետ Հռոմը վարվում էր մեղմ. բավարար էր, որ դրանք ճանաչեին իր գերիշխանությունը: Մյուսները պարտավոր էին վճարել հարկ և տրամադրել զինվոր: Երրորդները կորցնում էին իրենց պետականությունը և վերածվում հռոմեական պետության նահանգի: Իսկ Հռոմը հարմար պահի էր սպասում՝ իր նահանգների թիվն ավելացնելու համար:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: