Հանրագիտարան

Եկեղեցական երաժշտություն

Քրիստոնեական ժամասացությանը ուղեկցող երաժշտությունը կոչվում է եկեղեցական երաժշտություն:

Հին ժամանակներից աշխարհում տարածված հոգևոր երաժշտության տեսակ, միջնադարի երաժշտա–բանաստեղծական մասնագիտացված արվեստ:

Կրոնը լայնորեն օգտագործել է երաժշտության գաղափարա-հուզական ուժը: Յուրաքանչյուր եկեղեցի (ուղղափառ, կաթոլիկական, բողոքական, հայ առաքելական) մշակել է պաշտամունքի երաժշտական ձևավորման իր սկզբունքները, տեսակներն ու ձևերը, որոնք ունեն էական տարբերություններ և կապված են առանձին երկրների, ժողովուրդների երաժշտական մշակույթի պատմական զարգացման պայմանների և առանձնահատկությունների հետ:

Ռուս, ուղղափառ եկեղեցու երաժշտության հիմքում ընկած է «զնամեննի ոասպեվ»-ը, կաթոլիկական եկեղեցական երաժշտության հիմքում՝ գրիգորյան խորալը, լյութերականինը՝ բողոքական խորալը, հայ առաքելականինը՝ շարականերգությունը:

Ժամերգությունը ուղղափաո եկեղեցում կատարվում է եկեղեցա-սլավոնական լեզվով, առանց նվագակցության, կաթոլիկական եկեղեցում՝ լատիներեն (1962—1965 թվականների կաթոլիկ եկեղեցու XXI Տիեզերական ժողովի թույլտվությամբ՝ նաև մայրենի լեզուներով), պրոֆեսիոնալ երգիչների ա կապելլա երգեցողությամբ կամ երաժշտական գործիքների (երգեհոն, նվագախումբ) նվագակցությամբ, լյութերական եկեղեցում՝ տվյալ ժողովրդի մայրենի լեզվով, բոլոր ծխականների մասնակցությամբ, երգեհոնի կամ այլ նվագարանների նվագակցությամբ: Հայ Առաքելական Եկեղեցում ժամերգությունը հայերեն է: Բազմաթիվ կոմպոզիտորներ եկեղեցական երաժշտությանը բնորոշ ձևերով ստեղծել են բարձրարժեք ստեղծագործություններ:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: