Հանրագիտարան

Ալեքսանդր Մակեդոնացի, Մակեդոնիայի վերելքը

Հունական պոլիսների ճգնաժամի շրջանում Հունաստանից հյուսիս հզորանում էր Մակեդոնիան:

Մակեդոնիայի վերելքը

Մակեդոնիան համեմատաբար ուշ մտավ պատմական ասպարեզ: Նրանում դեռ կենսունակ էին տոհմական կյանքի վերապրուկները: Ավագանին ուժեղ էր, իսկ արքայական իշխանությունը՝ թույլ:
Իրավիճակը փոխվեց Փիլիպոս II–ի (Ք.ա. 359–336 թթ.) օրոք: Ամրապնդվեց արքայական իշխանությունը, զարգացավ տնտեսական կյանքը: Ստեղծվեց ժամանակի լավագույն բանակը, որի կորիզը հունական կատարելագործված փաղանգն էր:
Արքան վարում էր արտաքին նպատակասլաց քաղաքականություն: Նա քաջատեղյակ էր ներհունական գործերին և նպատակ ուներ նվաճելու Հունաստանը: Այնտեղ նա բազմաթիվ համախոհներ ուներ: Գործելով մերթ դիվանագիտությամբ, մերթ ռազմական միջոցներով՝ Փիլիպոս II–ը ի վերջո հասավ իր նպատակին: Ք.ա. 338 թ. նրա բանակը մտավ Հունաստան և պարտության մատնեց պոլիսների միացյալ զորքին: Նա Կորնթոսում հրավիրեց վեհաժողով: Փիլիպոս II–ի ղեկավարությամբ ստեղծվեց համահունական միություն, որի նպատակն էր վրեժ լուծել պարսիկներից հույների ոտնահարվածպատ վի համար: Փիլիպոսը ներկայ նում էր որպես հույների և մակեդոնացիների առաջնորդ: Նա սկսեց պատերազմի նախապատրաստվել Իրանի դեմ, սակայն Ք.ա. 336 թ. դավադրաբար սպանվեց:
Գահ բարձրացավ թագաժառանգ Ալեքսանդրը (Ք.ա. 336–323 թթ.): Տաղանդավոր այդ երիտասարդը ստացել էր հունական հիմնավոր կրթություն: Նրա ուսուցիչն էր իմաստասեր Արիստոտելը: Գիտելիքների և անկոտրում կամքի շնորհիվ նրան վերապահված էր դառնալ Հին աշխարհի մեծագույն գործիչներից մեկը: Ալեքսանդր Մակեդոնացին ավարտին հասցրեց հակապարսկական պատերազմի նախապատրաստությունը:
 
Ալեքսանդրի Արևելյան արշավանքը և մեծ տերության կազմավորումը
 
Ք.ա. 334 թ. երի տասարդ արքան 40–հազարանոց բանակով մուտք գործեց Ասիա: Սկսվեց նրա նշանավոր՝ Արևելյան արշավանքը: Այն տևեց շուրջ տասը տարի՝ մինչև Ք.ա. 325 թ.: Ալեքսանդրը նախ գրավեց Փոքր Ասիայի արևմուտքը, ապա՝ Փյունիկիան, Եգիպտոսը և Ասորիքը: Գլխավոր ճակատամարտը տեղի ունեցավ Ք.ա. 331 թ. Հյուսիսային Միջագետքում՝ Գավգամելա կոչվող վայրում: Պարսկական զորքը ջախջախվեց:
Հետագայում պարսիկներն առանց դիմադրության հանձնեցին իրենց մայրաքաղաքը՝ Պերսեպոլիսը: Այն կողոպտվեց ու ավերվեց: Այնուհետև Ալեքսանդրը հպատակեցրեց Արևելքը՝ ընդհուպ մինչև Հնդկաստան: Նա ուներ բազմաթիվ մտահղացումներ, սակայն բանակը հոգնել էր: Հրաժարվելով առաջ շարժվելուց՝ Ալեքսանդրին զինվորները ստիպեցին դադարեցնել արշավանքը:
Ք.ա. 325 թ. արքան վերադարձավ Բաբելոն, որը դարձրել էր իր տերության մայրաքաղաքը: Պատմության մեջ նախադեպը չունեցող տերությունը միավորում էր Հունաստանից ու Մակեդոնիայից մինչև Հնդկաստան ընկած ողջ տարածքը:
 
Հելլենականություն
 
Հելլենականություն բառացի նշանակում է հունականություն: Ալեքսանդրի տերության ստեղծմամբ տեղի ունեցավ հունական և արևելյան մշակույթների փոխներթափանցում, համադրում:
Ալեքսանդրի տերության հսկայական տարածքում լուրջ խնդիր ծառացավ: Անհրաժեշտ էր կարգավորել այնտեղ ապրող ժողովուրդների կյանքը, որոնք հասարակական զարգացման ամենատարբեր մակարդակներում էին՝ տոհմացեղային կենցաղից մինչև պոլիսային կարգ:
Ալեքսանդրը փորձեց միավորել Արևելքի՝ իրիշխանությանը ենթակա ժողովուրդներին: Նա սկսեց հետաքրքրվել նրանց օրենքներով, սովորույթներով ու բարքերով, իր կողմն էր գրավում ավագանուն: Նրա նպատակն էր համադրել այն լավագույնը, որ ստեղծել էին հույները և Արևելքի ժողովուրդները: Հունարենը դարձավ ազգամիջյան հաղորդակցության պաշտոնական լեզու:
Փորձ արվեց համադրությունն իրագործել նաև կրոնի ասպարեզում: Արքան ցանկանում էր իր տերության մեջ հաստատել հավերժական կրակի պաշտամունքը: Մտցվեց նաև արքայի պաշտամունքը: Նա ներկայացվում էր իբրև կենդանի աստված:
Ալեքսանդրը մեծ կարևորություն էր տալիս քաղաքներին՝ իբրև փոխշփումների միջավայրի: Նա իր արշավանքի ժամանակ հիմնեց ավելի քան յոթանասուն քաղաք:
Այս ամենով հանդերձ՝ յուրաքանչյուր երկրում հունական և արևելյան արժեքների համադրությունը դրսևորվում էր յուրահատուկ ձևերով և երանգներով: Հունաստանի և Արևելքի արժեքների՝ երեք հարյուրամյակ տևած այս համադրությունը աշխարհի միավորման (համաշխարհայնացման) առաջին պատմական փորձն էր:
 

Աղբյուր`   www.lib.armedu.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: