Հանրագիտարան

Շարական

Հայ միջնադարյան հոգևոր երգ, օրհներգություն

 

Շարականը երգվում է եկեղեցական տոների ժամանակ։ Յուրաքանչյուր տոն ունի երգերի առանձին շարք, որից և ծագում է «շարական» անունը։ Շարականները ստեղծվել են հունական նմանատիպ երգերի օրինակով, V-XV դդ.։ Հայ թարգմանական գրականության հիմնադիրները Հին կտակարանի ու Նոր կտակարանի թարգմանելուն զուգընթաց հոգացել են նաև ընդհանուր քրիստոնեական երգաբանությունը Հայաստան ներմուծելու, հայ ազգային եկեղեցական երաժշտություն ստեղծելու մասին։
 
Առաջին շարականագիրներն են Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը, Մովսես Խորենացին։ Շարականների հեղինակները եղել են երաժիշտ, բանաստեղծ, երգիչ. իրենք են հորինել եղանակը, բառերը և երգել։ Երգերը բովանդակում են աստվածաշնչային մտքեր, որոնք համապատասխան էլ շարականների շարքերն ստացել են իրենց անունը.
  1. Օրհնութիւն
  2. Հարց (սրան կից՝ «Գործք» կամ «Գործատուն»),
  3. Մեծացուսցէ,
  4. Ողորմեա,
  5. Տէր յերկնից,
  6. Մանկունք,
  7. Ճաշու,
  8. Համբարձի։
Սրանց մի մասը երգվում է գիշերային և առավոտյան ժամերգության ընթացքում, մյուսը՝ ճաշի կամ երեկոյան ժամերին։ Շարքերի ամբողջությունը կոչվում է «Կանոն» կամ «Կարգ»։ Շարականները երգում են ըստ միջնադարյան հայ երաժշտության ութ ձայնեղանակների (աձ, ակ, բձ, բկ, գձ, գկ, դձ, դկ)։
 
Հոգևոր երգերը`   շարականները ,աչքի են ընկնում պարզությամբ ու մեղեդիների գեղեցկությամբ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: